Տեղեկություններ կան, որ Երևանում գրանցված վրաերթից հետո հիվանդանոցի պատուհանից նետված տղամարդը դիտմամբ է նետվել ավտոբուսի առաջ։
Sputnik Արմենիային որոշ մանրամասներ են հայտնի դարձել այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած ինքնասպանության դեպքից։
79-ամյա տղամարդն ապրում էր Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Այսօր՝ ժամը 10-ն անց 20-ի սահմանում, նա շտապօգնության մեքենայով հիվանդանոց էր տեղափոխվել Գայի պողոտայից, որտեղ վրաերթի էր ենթարկվել։
Ըստ որոշ տեղեկությունների՝ տղամարդու վրաերթը պատահականության հետևանք չէ։ Նա դիտավորյալ է նետվել «Հիգեր» մակնիշի թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսի առաջ, ամենայն հավանականությամբ՝ ինքնասպանություն գործելու նպատակով։
Վարորդը միջոցներ է ձեռնարկել տղամարդուն վրաերթի չենթարկելու համար, բայց ապարդյուն։ Ավտոբուսի և հետիոտնի միջև տարածությունն այնքան կարճ է եղել, որ պատահարը կանխել հնարավոր չի եղել։ Վարորդը և ուղևորները օգնություն են ցույց տվել ծերունուն ու ահազանգել 1-03։
Տղամարդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Հիվանդանոց տեղափոխվելուց մոտ երկու ժամ անց 79-ամյա ծերունին, օգտվելով հարմար առիթից, լուսամուտից նետվել է փողոց և մահացել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա ապրում էր կնոջ հետ։