Հայուհու օգնությանն են դիմել Չարլի Չապլինը, Սալվադոր Դալին, Մառլեն Դիտրիխը
Աննա Արսլանը ծնվել է 1897թ. Ռումինիայում, հայ-ռումինական ընտանիքում: Հայրը հայ էր, մայրը՝ ռումինուհի։
Տեղի համալսարանում բժշկական կրթություն ստանալով՝ Աննան սկսեց ղեկավարել Բուխարեստի էնդոկրինոլոգիայի ինստիտուտի ֆիզիոլոգիական կլինիկան, իսկ 1951թ. հիմնադրեց Հերոնտոլոգիայի և հերիատրիայի՝ Եվրոպայում միակ ինստիտուտը։
Չորս տարիների ընթացքում Արսլանը հետազոտել է ռումինացի բժիշկ Կոնստանտին Պարխոնի տեսությունը, ով համարում էր, որ ծերությունը հիվանդություն է, որը կարելի է բուժել և նույնիսկ՝ կանխել։ Ոգեշնչվելով ակադեմիկոսի գաղափարով՝ նա ձեռնամուխ եղավ այնպիսի պրեպարատի ստեղծմանը, որը կարող էր ոչ միայն կանխել ծերությունը, այլև երկարացնել մարդկային կյանքը։
Կենդանիների վրա տարատեսակ փորձեր կատարելով՝ Աննան շարունակում էր փնտրել ծերության դեմ բաղադրամասեր։ Մի անգամ, քաղաքից դուրս մեկնելով, նա կանգ առավ մի փոքր գյուղում։ Այնտեղ նա հանդիպեց մի ծեր իմաստունի, ով քարշ էր տալիս մեծ ու ծանր գերաններ։
Դուք հավանաբար չեք հավատա, բայց ծերունին 140 տարեկան էր։ Շփվելով Արսլանի հետ՝ նա նրան հայտնեց իր երկարակեցության գաղտնիքը, որը թաքնված էր պարզ կերակուրի, մաքուր օդի ու համեստ կենսակերպի մեջ։
Ծերունու հետ հանդիպելուց հետո Աննան ավելի շատ փորձարկումներ սկսեց կատարել։ Եվ 1955թ. նովոկաինի հիմքի վրա ստեղծեց «Հերովիտալ H3» դեղամիջոցը, որն ունակ էր հարստացնել ու բարելավել մարդու օրգանիզմը։ Սկզբում Արսլանն այն փորձարկում էր կենդանիների վրա, ապա անցավ ծեր մարդկանց։
Որոշ ժամանակ ծերունիներին այդ պրեպարատը ակտիվորեն տալուց հետո նրանց վիճակը զգալիորեն լավացավ. սկսեցին աճել մազերը, բուժվեցին սրտային ու նյարդային հիվանդությունները, անցավ ձեռքերի ու ոտքերի դողը, շաքարախտը, ինչպես նաև հոդացավը։
Այս ձեռքբերումից հետո՝ 1959թ., Արսլանը ղեկավարեց Ռումինիայի հերոնտոլոգների ասոցիացիան։ Ապա նրան հրավիրեցին մասնակցել գերմանական Կարլսրուե քաղաքում տեղի ունեցող կոնգրեսին։ Նկատենք, որ կոնգրեսի ընթացքում շատ ակադեմիկոսներ Աննայի բացահայտմանը բավականին թերահավատորեն էին վերաբերվում։
Գործընկերները հեգնանքով ասում էին, որ խեղճ Աննան սկսել է ծերանալ ու արդեն ծիծաղելի է իր նովոկաինով։
Սակայն Աննան սրա պատասխանն ուներ.
«Ծերացման դանդաղեցման համար կիրառվում էին շատ միացություններ, այդ թվում՝ պրոկաինը։ Իր քիմիական բաղադրությամբ այն պարաամինաբենզաթթվի հիդրոքլորիդ-էթիլամինաէթիլ եթերայուղն է։ Եկեք և տեսեք իմ հիվանդներին ու կհասկանաք, թե կյանքն ինչ ուրախություն է պարգևում նրանց։ Այդ մարդիկ երգում են, կատակում, խելացնոր արարքներ անում, ծիծաղում, ասես նրանք ոչ թե հերանտոլոգիական կլինիկայում են գտնվում, այլ դպրոցում։ Նրանք արդեն ծեր չեն, քանի որ բուժվել են ծերությունից»։
Նրա ելույթից հետո կոնգրեսում ցուցադրեցին մի ֆիլմ, որի ժամանակ ծերերը, մասնավորապես՝ ռումինացի 93-ամյա մաթեմատիկոս Պետեր Սոնցը, դեղամիջոցն ընդունելուց հետո ազատվել էին իրենց հիվանդություններից։
Օրինակ, Սոնցը տառապում էր ուղեղի հիվանդությամբ։ Նա չէր կարողանում նույնիսկ պարզ մաթեմատիկական հաշվարկներ կատարել, իսկ «Հերովիտալ H3» դեղամիջոցի ներարկումից հետո կրկին սկսեց բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծել։
Ֆիլմի ցուցադրությունից հետո դահլիճում բացարձակ լռություն էր տիրում, և մի քանի րոպե անց այն պայթեց ծափահարություններից։ Հաջորդ առավոտ մամուլը Աննա Ասլանին կոչեց «ծերությանը հաղթող»։
«Հերոնտոլոգիական ինստիտուտի այցելուները արդեն ծեր հասակի մարդիկ են։ Նրանք վիտամինների հավելումով պրոկաին ստանում են ներարկումների միջոցով։ Այս ներարկումները նկատելի ամրապնդող և խթանող ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա։ Մի շատ ծեր ու լրիվ ճերմակահեր կնոջ մոտ պրոկաինի ազդեցությամբ սկսեցին աճել սև մազեր»,- գրված էր պարբերականներից մեկում։
Կոնգրեսում մասնակցությունից հետո «Հերովիտալ H3» դեղամիջոցը մեծ ճանաչում գտավ ողջ աշխարհում։ Այն սկսեցին թողարկել հաբերի, քսուքների ու ներարկվող դեղաշշերի տեսքով։ Ի հավելումն այս դեղամիջոցի՝ Աննան ստեղծեց ևս մեկ դեղամիջոց՝ «Ասլավիտալը», որը նախատեսված էր մանկական թուլամտությունը բուժելու համար։ Նմանատիպ պրեպարատներ հայտնվեցին աշխարհի ավելի քան 70 երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում։
Իր նվաճումների ճանաչումից ու ընդունումից հետո Աննան իրեն նվիրեց մանկավարժական գործունեությանը ու գրեց գիտական աշխատություններ, որոնք թարգմանվեցին շատ լեզուներով։
1988թ., ապրելով 91 տարի, Աննան վախճանվեց տեղի պոլիկլինիկայում։
Այսօր Բուխարեստում գտնվում է հերոնտոլոգիական ինստիտուտ, որտեղ օգնություն են ցուցաբերում ծեր մարդկանց ու նրանց են ներարկում «երիտասարդության պրեպարատը»։
Աննա Արսլանի հակատարիքային թերապիայի օգնությանը դիմած մարդկանց թվում են այնպիսի հանրահայտ դերասաններ, քաղաքական գործիչներ ու արվեստի մարդիկ, ինչպիսիք են Շառլ դը Գոլը, Նիկիտա Խրուշչովը, Կոնրադ Ադենաուերը, Չարլի Չապլինը, Ինդիրա Գանդին, Սալվադոր Դալին, Քըրք Դուգլասը, Իոսիֆ Բրոզ Տիտոն, Լիլիան Գիշը, Մառլեն Դիտրիխը, Էլիզաբեթ Թեյլորը, Հո Շի Մինը և այլք։
Հրապարակումը՝ radiovan.fm-ի
Թարգմանությունը՝ 168.am-ի