«Սա շատ կարևոր իրադարձություն էր՝ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ՝ Հայաստանի համար» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Սա շատ կարևոր իրադարձություն էր՝ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ՝ Հայաստանի համար»

Հայաստանում «Air France» ավիաընկերության՝ Փարիզ-Երևան-Փարիզ չվերթի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և «Air France» ընկերության ներկայացուցիչներ՝ «Executive Travel» գործակալության նախագահ Լևոն Բաղդասարյանը և «Air Franc-KLM»-ի տարածաշրջանային մենեջեր Ֆրանկ Վան΄տ Հոֆը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասուլիսի մեկնարկին դիմելով լրագրողներին՝ ասաց. «Ինչպես հիշում եք, սրանից տասը տարի առաջ էր, որ առաջին անգամ տեղի ունեցավ «Air France» ավիաընկերության առաջին թռիչքը՝ Երևանի և Փարիզի միջև: Սա շատ կարևոր իրադարձություն էր՝ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ՝ Հայաստանի համար: Հիմա չէի ցանկանա ասել ավելին, քան կարող էին ասել այստեղ գտնվող Լևոն Բաղդասարյանն ու Ֆրանկ Վան΄տ Հոֆը»:

«Air Franc-KLM»-ի տարածաշրջանային մենեջեր Ֆրանկ Վան΄տ Հոֆն անդրադառնալով ասուլիսի թեմային՝ ասաց. «Սա շատ կարևոր իրադարձություն է, որի հիմքը մեր իրականության մեջ դրվեց 10 տարի առաջ: Մեր առաջին թռիչքին մասնակցեցին հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրը»:

fransiayi-despan-4

«Executive Travel» գործակալության նախագահ Լևոն Բաղդասարյանը, խոսելով հիմնած սեփական ընկերության մասին, նշեց.

«Մենք միշտ և մշտապես շարժի մեջ ենք եղել՝ կապելու համար աշխարհը Հայաստանի հետ, զարգացնելու համար նաև տուրիզմի հնարավոր ուղիները դեպի Հայաստան: Ի սկզբանե նկատել էինք, որ դրա համար Հայաստանն անպայման պետք է ունենար միջազգային չվերթեր՝ դեպի մեր երկիր, այսպիսով 2003 թվականին սկիզբ դնելով «Executive Travel» գործակալության ստեղծմանը: Պետք է հիշեմ, որ դեպի Երևան թռիչքներ բացելու համար մենք ստիպված եղանք երկար համոզել «Air France» ավիաընկերության ղեկավարությանը՝ բերելով մի շարք կարևոր փաստարկներ, որ այս ուղղության շահագործումը ոչ միայն արդյունավետ կլինի բիզնես զարգացման տեսանկյունից, այլ նաև կարևոր միջանկյալ օղակ կդառնա երկու երկրների հետ այլ կապերի ստեղծման համար: Այսպիսով, մեզ դա հաջողվեց, և արդեն 2006 թվականի ապրիլին մենք ունեցանք առաջին թռիչքը՝ դեպի Երևան՝ ամառային շրջանում ունենալով երեք, իսկ ձմեռային շրջանում՝ երկու թռիչք: Ժամանակի ընթացքում, իհարկե, բարելավեցինք թռիչքների սպասարկումն ու վերանայեցինք նաև դրանց հաճախականությունը»:

Բանախոսը ընդգծեց, որ այս պահին էլ շարունակվում են աշխատանքները՝ ավելացնելու Երևանի ուղղությամբ «Air France» ավիաընկերության թռիչքների հաճախականությունը՝ ամառային շրջանում դրանց թիվը հասցնելով մինչև հինգի, որն այս պահին ընկերության գլխավոր նպատակներից մեկն է:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հավաստում է՝ ինքը պարբերաբար օգտվում է «Air France» ավիաընկերության ծառայություններից, ոչ սակայն ազգայնամոլական, շովինիստական նկատառումներով, այլ պարզապես սեփական ուղևորներին լավագույն սպասարկում մատուցող ավիաընկերության նախընտրությամբ: Առաջին անգամ, սակայն, դեսպանը Հայաստան է ժամանել ոչ «Air France» ավիաընկերության չվերթով, այն պարզ պատճառով, որ մեր երկիր էր գալիս Բելառուսից.

«Ես այնուհանդերձ չեմ մոռանում մրցակցության հանգամանքը, և ելնելով շուկայական օրենքներից, պետք է անել այնպես, որ նա կարողանա պահպանել իր մշտական շարժունակ վիճակը»:

Առաջիկա՝ ամանորյա տոների առիթով «Air France»-ը Երևանից Փարիզ մեկնել ցանկացող ուղևորների համար նոր առաջարկներ ունի:

fransiayi-despan-2

fransiayi-despan-6

«Արդեն մեկ ամսից ավելի, ձմեռային շրջանի համար «Air France»-ը ուղևորներին առաջարկում է շահավետ գնային առաջարկներ, որ նախկին՝ ձմեռային շրջանների համեմատ ներկայանում է 20-25 % մատչելիությամբ: Հավելեմ նաև, որ վերջերս «Air France»-ը սկսել է մեծ ուշադրություն դարձնել դեպի Հայաստան իրականացվող չվերթերին, և այս նկատառումով հետագայում պատրաստվում է հրապարակել Հայաստանի մասին պատմող հոդված՝ խթանելու համար Հայաստան եկող զբոսաշրջիկների աճը»,- ասաց «Executive Travel»-ի նախագահ Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին մեծ շուքով կնշվի ինչպես «Air France» ավիաընկերության Փարիզ-Երևան-Փարիզ չվերթի 10-րդ տարեդարձը, այլև ֆրանսիական Բոժոլե Նուվո գինու տոնակատարությունը: Համաշխարհային ճանաչում ունեցող այս տոնն առաջին անգամ Հայաստանում նշվել է 2010 թվականին, այնուհետև 2013-ին` նպատակ ունենալով նոր շունչ հաղորդել ֆրանս-հայկական դարավոր բարեկամական հարաբերություններին: Այս տարի գինու տոնակատարությունը հնարավոր դարձավ իրականացնել «Air France» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցության շնորհիվ:

Տեղեկացնենք, որ Air France-ի Փարիզ-Երևան առաջին չվերթն իրականացվել է 2006 թվականի ապրիլի 8-ին: Էյրբաս Ա320 ինքնաթիռով Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակության կազմում էին քաղաքական և հասարակական գործիչներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի ավիացիոն և տուրիզմի ոլորտի ղեկավարներ:

fransiayi-despan-1

Այս տասը տարիների ընթացքում Air France-ը մայրաքաղաքների միջև տեղափոխել է ավելի քան 500.000 ուղևորի` իր ուրույն տեղը գտնելով Հայաստանի ավիացիոն շուկայում: Համաշխարհային ավիացիայի առաջատար Air France ավիաընկերությունը հիմնադրվել է 1933 թվականին: 2004 թվականին կազմավորվել է Air France-KLM խումբը, որն այժմ իրականացնում է օրական 2200 չվերթ աշխարհով մեկ՝ իր 352 օդանավերի միջոցով: Խումբն առաջարկում է չվերթեր 320 ուղղություններով՝ դեպի աշխարհի 114 երկրներ:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ