Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ 57-ամյա Մանվել Գաբրիելյանը իր վարած «ԳԱԶել» մակնիշի 13 OO 342 համարանիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել Աստղաձոր գյուղի բնակիչ 3-ամյա Ալլա Վ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով՝ երեխան տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը։ Սակայն Ոստիկանության Մարտունու բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներից ոչ ոք չի բարեհաճել ժամանել դեպքի վայր։
Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: