ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին Հայաստանին չհանձնելը Հայաստանի և Ռուսաստանի մեջ շատ լուրջ քաղաքական ճգնաժամի արդյունք է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Ենթադրություններից մեկն այն է, որ կարող է հենց այդ գործի հետ կապ ունի, թե ինչու Միհրան Պողոսյանին չեն արտահանձնում Հայաստան, որովհետև եթե մենք հիշում ենք՝ մեծ գումարների մասին է խոսքը, և որոշակի տեղեկություններ կային, որ դա ինչ-որ ձև կարող էր կապ ունենալ Ապրիլյան պատերազմի հետ, համենայնդեպս նման չճշտված տեղեկություններ կային: Միգուցե այդտեղ Ռուսաստանը ինչ-որ հետաքրքրություններ ունենա:
Իսկ ավելի գլոբալ առումով՝ սա Հայաստանի և Ռուսաստանի միջև շատ լուրջ քաղաքական ճգնաժամի հետևանք է, որովհետև կան միջպետական պայմանագրեր, և Հայաստանն ու Ռուսաստանը շատ լուրջ միջպետական հարաբերությունների մեջ են գտնվում, և եթե Միհրան Պողոսյանին կամ որևէ մեկին չեն արտահանձնում, դա միջպետական հարաբերությունների լարում է, և միջպետական պայմանավորվածություններն արդեն սկսում են չաշխատել:
Սրա ենթադրությունները շատ լուրջ են հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ և բնականաբար պետք է բացատրություններ տրվեն, եթե բացատրություններ չեն տրվում, սա շատ վատ հարաբերությունների նշան է։ Եթե չեն արտահանձնում, ապա դա նշանակում է անվստահություն կա»,- ասաց քաղաքագետը:
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունների վարվելակերպը շատ անկանխատեսելի է, և անորոշ են իշխանությունների հետագա քայլերը այս հարցում:
«Երբ որ առաջին դեմքը դատարաններ է շրջափակում, հետո ասում է` դատարաններ վաճառված են, դատարանները արդար չեն, հետո ասում է` էս ինչ մարդուն արտահանձնեք, որ մենք դատենք: Եթե մարդ ասում է, որ ՍԴ-ն «բուդկա» է, նշանակում է, որ ամբողջ պետությունն է «բուդկա»: Այսինքն՝ այս երկիրն ինչ-որ օրենքներով չի ապրում, Սահմանդրությամբ չի ապրում, այսինքն՝ սա անհասկանալի, ոչ պետական մտածողություն ունեցող մարդու արտահայտություններ են, որը պետության ղեկավարն է: Սա նշանակում է, որ պետության իրավական հիմքերը կասկածի տակ է դրել հենց պետության ղեկավարը: Այսինքն՝ նման քաղաքկանաությունը վարող երկրի հետ այլ պետությունները ինչպես պետք է վարվեն, սա ուղղակի դրա արտահայտություններից մեկն է»,- հավելեց նա: