Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի հետ Sputnik Արմենիան խոսել է նրա երազանքների, երիտասարդ ջազմենների հետ աշխատելու դժվարությունների, անձնական կյանքի ու հայկական ջազի ապագայի մասին։
Լևոն Մալխասյան
-«Ջազը կյանք է»: Բառը թարգմանաբար հենց այդ նշանակությունն ունի: Ձեր կյանքում ի՞նչ փոխեց ջազը։
– Իմ կյանքում ջազը փոխեց ամեն ինչ: Ջազի հետ ծանոթացա 60 տարի առաջ՝ 15 տարեկանում: Շատ պատահաբար ռադիոյով գիշերվա կեսին լսեցի աստվածային երաժշտությունը: Սկզբից չէի հասկանում, թե դա ինչ երաժշտություն է, հետո սկսեցի ամեն օր նույն ժամին ռադիոյի այդ ալիքի հաճախականությունը գտնել: Որոշ ժամանակ անց իմացա, որ դրանք ջազի մեկնաբան, քննադատ, ջազի գիտակ Լուիս Կանովերնի կատարումներն են: Սկզբում ձայնագրում էի նվագարկիչով, լսում, հետո փորձում նվագել:
Դաշնամուրի մեկ-երկու դասարան գնացել ու կիսատ էի թողել, բայց հետո ինքնուրույն սովորեցի նվագել: Իմ 60 տարվա ուսուցիչը 20-րդ դարի լավագույն դաշնակահարներից մեկը՝ Օսկար Պիտերսոնն է: Նա ինձ համար դարձավ երաժշտական դպրոց, Չայկովսկու անվան դասարան, Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջ, Կոնսերվատորիա․․․ 60 տարի է՝ լսում եմ Պիտերսոն, ունեմ նրա բոլոր ձայնասկավառակները:
-Ուսուցչուհու և գործարանի տնօրենի ընտանիքում ծնված տղան, որը սովորում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտում, ընտրեց երաժշտության ճանապարհը՝ այն էլ խորհրդային տարիներին, երբ ջազն այնքան էլ խրախուսելի չէր: Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ընտանիքի անդամները:
-Նրանք շատ անտարբեր էին, քանի որ Խորհրդային տարիներին ջազը հենց անտարբերության էր մատնված: Ոչ ոք ինձ չէր արգելում նվագել, քանի որ դպրոցից հետո ընդունվեցի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ, հենց այնտեղ էլ ստեղծեցի իմ առաջին ջազային եռյակը, որը մինչև այսօր էլ գործում է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am