Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ջերմուկ եւ անմիջական շփումը համայնքի բնակիչների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Անդրիաս Ղուկասյանի գլխավորած Հայ Կառուցողական կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ջերմուկցիների արձագանքը Ամուլսարի հանքը բացելու պնդումներին վկայում է, որ ցանկացած փորձ՝ բիրտ ուժով կամ քրեական հետապնդումներով, լուծել հանքի շրջափակման հարցը՝ կարժանանա հանրության բացասական գնահատականին: Այս պայթունավտանգ իրավիճակում մենք ողջունում ենք վարչապետի որոշումը լրացուցիչ քննարկում կազմակերպել միջազգային փորձագետների հետ իրենց կողմից կատարված փորձագիտական եզրակացությունը պարզաբանելու համար: Մենք կարեւոր ենք համարում, որ այդ քննարկմանը մասնակցեն նաեւ քաղաքացիական հանրության եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որպեսզի քննարկումը լինի բազմակողմանի եւ լիարժեք:
Հայտնում ենք մեր պատրաստակամությունը մասնակցություն ունենալ այդ քննարկմանը: Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում տվյալ մոտեցումը կլինի առավել արդյունավետ»: