Անգլիական Դագենհամ քաղաքից 25-ամյա Քիմ Ռոբինսոնը մոծակի խայթոցի պատճառով բախվել է լուրջ խնդիրների՝ նրա սիրտը 3 րոպեով կանգ է առել:
Daily Mirror պարբերականը հայտնում է, որ Քիմը սուր ցավ է զգացել աջ կոճում, որտեղ խայթել էր մոծակը: Խայթոցի տեղը քորվում էր, իսկ հաջորդ օրը բորբոքվել է, բայց Քիմը մի քանի օր դրան մեծ նշանակություն չի տվել:
Ամեն օր ոտքը շարունակել է բորբոքվել, և ինչ-որ պահի կինը դժվարությամբ է քայլել, ավելին՝ նա պարբերաբար գիտակցությունը կորցրել է:
Քիմն, այնուամենայնիվ, որոշել է հիվանդանոց դիմել, և նրա մոտ հայտնաբերել են նեկրոտիկ ֆասցիիտ՝ ինֆեկցիա, որն առաջացնում են Streptococcus pyogenes կամ Clostridium perfringens բակտերիաները: Քիմը շտապ վիրահատության կարիք ուներ, և ոտքն անդամահատելու վտանգ կար:
Վարակման պատճառով Քիմի մոտ սեպսիս է զարգացել: Վիրահատության ժամանակ թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել, իսկ սիրտը 3 րոպեով կանգ է առել: Ստիպված նրան 5 օրով արհեստական կոմայի մեջ են դրել:
«Ես արթնացա և չգիտակցեցի, որ կոմայի մեջ եմ եել,- հիմա հիշում է Քիմը: – Երբ նախկին սիրեցյալս ցույց տվեց օրացույցի օրը, ես ցնցված էի»:
Քիմը վերականգնման ընթացքում ստիպված էր նորից սովորել խոսել և քայլել: Նա հիվանդանոցում է անցկացրել 5 շաբաթ, որից հետո նրան տեղափոխել են այլ կլինիկա, որտեղ կատարվել է ոտքի մաշկի փոխպատվաստում:
«Այնքան սարսափելի է, որ ամեն ինչ սկսվել է մոծակի սովորական խայթոցից: Ես անչափ զղջում եմ, որ բժիշկներին անմիջապես չեմ դիմել: Հիմա երեխաներս ձեռքերին կրում են հակամոծակային սպեղանիներ»,- ասել է Քիմը: