Պարո՛ն նախարար, տիկին Գալոյանը մե՞զ է ծաղրում, թե՞ ձեզ. արտագրության (copy paste) հերթական դեպքերը Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պարո՛ն նախարար, տիկին Գալոյանը մե՞զ է ծաղրում, թե՞ ձեզ. արտագրության (copy paste) հերթական դեպքերը Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում

Հարգելի՛ պարոն նախարար, ներկայացնում ենք Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում պրիմիտիվ copy paste-երի հերթական դեպքերը։ Երբ նախորդ անգամ բացահայտեցինք ռեկտորի նոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում ամոթալի copy paste-երի առաջին դեպքերը, հույս ունեինք, որ չեք փորձի կոծկել դրանք և կարձագանքեք։ Սակայն տիկին Գալոյանը, օգտվելով այն բանից, որ Դուք ընթացք չեք տալիս այդ ակնհայտ արտագրությունների դեպքերին, ի տարբերություն պարոն Հայրապետյանի ատենախոսության թարգմանված հատվածների հետ կապված դեպքերի, այնպիսի ամոթալի մեկնաբանություններով հանդես եկավ, որ զարմանում ենք, թե ինչպես ռեկտորի պաշտոնոկատարը կարող է նմանատիպ մտքեր արտահայտել։ Եվ այսպես՝

1. Դիանա Գալոյանը շտապեց ասել, որ «փաստերը կապված են ոչ թե գիտական աշխատանքի, այլ հոդվածների հետ»: Փաստորեն, տիկին Գալոյանը նույնիսկ տեղյակ չէ, որ իր հոդվածները գիտական աշխատանքներ են, որոնց մի մասը ամփոփել է իր դոկտորական ատենախոսության հիմնական արդյունքները, իսկ մյուս մասը ներկայացվել է պրոֆեսորի գիտական կոչում ստանալու համար։

2. Ապացուցված ներկայացրինք, որ երեք էջանոց գիտական հոդվածի մեկ էջից ավելին տառացիորեն արտատպված է ռուս ուսանողի կուրսային աշխատանքից, որին ի պատասխան տիկին Գալոյանը համարձակվում է ասել է թե այդ ամսագիրը իրեն 95% “originality report” է տվել։ Ու՞մ է հետաքրքիր այդ ուկրաինական անհայտ ամսագրի (Європейські перспективи) անհայտ նշումը, եթե գումարի դիմաց նման ամսագրերը կարող են 150% էլ գրել։ Իսկ մենք փաստերով ներկայացրել ենք, որ առնվազն մեկ երրորդը արտատապված է կուրսային աշխատանքից։

3. Տիկին Գալոյանը, ըստ երևույթին, նույնիսկ չի պատկերացնում, թե ինչ է « “originality report” կոչվածը։ Նրա կարծիքով, եթե օրինակ աշխատանքի կեսը արտագրված է, ապա դա ընդամենը 50% “originality report” է նշանակելու։ Այդ ցուցանիշը իրականում ցույց է տալիս սեփական հետազոտության արդյունքների և պատշաճ կերպով հղում արված հատվածների հարաբերակցությունը։

4. Անեկդոտային արդարացում է ներկայացնում, թե ունի այդ կուրսային աշխատանքի և մնացած աղբյուրների “hard copy”-ները՝ թղթային տարբերակները։ Այսինքն միակ արդարացումն այն է, որ ոչ թե մկնիկի 4 հարվածով “copy paste” է արել, այլ թղթային տարբերակից «տանջվելով» արտագրել է։ Գովելի, բայց անհասկանալի աշխատասիրություն է, երբ էլեկտրոնային տարբերակը առկա է։ Որպես այս ամոթալի արդարացումների հետևանք, ստիպված շարունակում ենք ներկայացնել այլ գիտական աշխատանքներում բացահայտված աչք ծակող արտագրությունները և զվարճալի կեղծիքները։

Հարգելի՛ պարոն նախարար, մինչև հաջորդ դեպքերին անցնելը, պահանջում և մինչև վերջ պահանջելու ենք Ձեր կողմից պաշտոնական արձագանք այս բոլոր ամոթալի դեպքերին։

Հարգանքով՝ ՀՊՏՀ ուսանողներ և շրջանավարտներ