Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «ՄԵՂՔ-ը ՄԵՂՔ է, ՄԵՂԿ-ը՝ ՄԵՂԿ
Շատերը կարծում են, թե ՄԵՂՔ և ՄԵՂԿ բառերը հոմանիշներ են և դրանք երբեմն կարելի է գործածել մեկը մյուսի փոխարեն: Նույնիսկ կարծիք կա, թե հանցանքի մասին խոսելիս պետք է գործածել ՄԵՂՔ բառը (մեղք գործել, մեղքի տակ մնալ և այլն), իսկ երբ ցանկանում ենք ասել` նա ՄԵՂՔ է, պետք է կիրառել ՄԵՂԿ-ը:
Ժամանակակից հայերենում այս երկու բառերը ունեն տարբեր նշանակություններ: ՄԵՂԿ՝ նշանակում է՝ թուլամորթ, հոգեկան արիությունից զուրկ, թուլակամ, գաղջ, ցոփ, շվայտ, անտարբեր, անկիրք:
ՄԵՂՔ բառի իմաստն է՝ հանցանք, պարսավելի արարք: Ըստ Հր. Աճառյանի՝ ՄԵՂԿ-ը և ՄԵՂՔ-ը բնիկ հայկական բառեր են, առաջացել են mel՝ (սխալվել, խաբել, թուլանալ, քաղցր, փափուկ) արմատից. «Մեղքն ստուգաբանի մեղկութիւն եւ հոսումն մտաց…»:
Հետագայում նույն հունով հոսող ՄԵՂԿ-ն ու ՄԵՂՔ-ը հեռացել են իրարից այնպես, որ չեն կարող փոխարինել մեկմեկու»: