Եվրոպական երկրների հետ մուտքի վիզաների ազատականացման հարցը լուծելու համար Հայաստանն արդեն փորձագետների խումբ է ստեղծել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Վիզաների ազատականացման հարցը Հայաստանն ուզում է լուծել օր առաջ։ Դա մեզ համար գերակայություն է, և մենք բավական նախաձեռնողական ենք այդ հարցում։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ` տարբեր երկրների հետ երկխոսության մեկնարկը սկսելու համար։ Մենք մեր փորձագետների խումբն ենք ստեղծել` ի ցույց դնելու մեր միգրացիոն քաղաքականությունը»,– ասաց նա։
Նախարարի խոսքով` Հայաստանը վիզաների ազատականացման համար աշխատում է տարբեր երկրների մայրաքաղաքների հետ երկխոսելով, որպեսզի նախ ի ցույց դնի մեր առաջնորդությունները, և ապա լսի այլ երկրների մտահոգությունները։
Մնացականյանը նշեց, որ խնդիրը լուծելու համար ոչ մի հարցում չեն զլանալու և չափազանց մեծ ներուժ են ներդնելու այդ ուղղությամբ։ Նախարարը նշեց, որ Հայաստանը շատ ոգևորված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությունից։
Նրա խոսքով` վիզաների ազատականացումը չի կարող զուգորդվել անօրինական միգրացիայի խթանման հետ, և Հայաստանը չի խթանում ապօրինի միգրացիան։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 5-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ասել էր, որ իրենք կողմ են վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները ինչքան հնարավոր է շուտ սկսելուն: