Տավուշի մարզի Բերդավանի գինու գործարանը, որպես տնտեսվարող հրաժարվել է օգտվել սահմանապահ գյուղերին հատկացված արտոնություններից, և արդեն 2-րդ տարին սկսել է սեփական ապրանքանիշով գինիների ու պահածոների արտադրություն: Ընդհանուր առմամբ թողարկում է 70 տեսակ արտադրանք: Պահածոներում շաքարի փոխարեն օգտագործվում է մեղրախոտ, որը ցուցված է շաքարային դիաբետով հիվանդներին:
Ստեվիա կամ մեղրախոտ բույսի տերևները քաղցր են և համով չեն տարբերվում շաքարից, սակայն քիչ կալորիականությամբ, մեղրախոտն արյան մեջ չի բարձրացնում գլյուկոզան:
Բերդավանի գինու գործարանում կոմպոտների, բնական հյութերի, ջեմերի և մուրաբաների մեջ շաքարի փոխարեն օգտագործվում է մեղրախոտը: Գործարանի տնօրեն Արշակ Ավագյանը երկար էր փնտրել շաքարային հիվանդներին օգնելու տարբերակը:
«Մենք առնում ենք «կրիստալը» ամենաբարձր մաքրությամբ, քաղցրացնող նյութ է, շատ դիետիկ, կալորիա չունի: Կոմպոտների մեջ կալորիան առաջանում է մրգից, 100 մլ կոմպոտի մեջ 5 կկալ է, որը թույլատրված է դիաբետիկներին և նրանց, ովքեր չեն ուզում ավելորդ կալորիա ունենալ»:
Մեղրախոտը ներկրում են Լատինական Ամերիկայից, հիմնականում՝ Պարագվայից, բայց սկսել են նաև արտադրել Արցախում և Ալավերդիում: Իմ այցի ժամանակ պահածոների արտադրամասում «Ուսպեխ» սորտի դեղձի կոմպոտներ էին պատրաստում: Արտադրության մի մասը մեքենայացված էր, մի մասը՝ մեխանիկական: Աշխատողները Նոյեմբերյանից էին, Բերդավան ու հարևան գյուղերից: Պահածոների արտադրամասի պետ Թամարա Գիշյան.
«Օրական տալիս ենք 2800-ից մինչև 3000 շիշ արտադրանք: Էս պահին նորակառույց արտադրամասում աշխատում է 5 բանվոր, այստեղ՝ 8: Երկհերթ են աշխատում, մինչև 8 ժամ, բայց անհրաժեշտության դեպքում նաև 10 ժամ: Աշխատավարձը ժամավարձով է, 1 ժամը՝ 350 դրամ»:
Ավելի մանրամասն՝ armradio.am