«Թող մտածի ոստիկանապետը, ում ուսադիրները պոկել են «Սասնա ծռերը» և պատասխանատվություն չեն կրել». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Թող մտածի ոստիկանապետը, ում ուսադիրները պոկել են «Սասնա ծռերը» և պատասխանատվություն չեն կրել». Տիգրան Քոչարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումից հետո Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել էր, թե ակնհայտ է, որ հները պատրաստվում են ռևանշի, և իրենք այն ուժն են, որը թույլ չի տալու, որ դա տեղի ունենա: Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ իրենց միակ պայքարի տարբերակը բռնի ուժն է:

«Իրենք ունեն հնարավորություն վերցնել «գռուզավոյ» մեքենա, հարվածել պետական կառույցի դարպասներին, սպանել այնտեղ ոստիկանների, թալանել բանկոմատ, և վերջում, այդպես էլ չհասնելով ոչնչի, հանձնվել և դա ներկայացնել՝ որպես հաղթանակ: Մենք բոլորս գիտենք՝ ինչի են ընդունակ «Սասնա ծռերի» ռադիկալ անդամները: Որպես կուսակցություն՝ իրենք ընդունակ են հավաքել 1.5 տոկոս ձայն ազատ և արդար ընտրությունների ժամանակ, երեք անգամ ավելի քիչ, քան իրենց կողմից փնոված ՀՅԴ-ն, որի շարքերից են եղել «Սասնա ծռերից» շատերը: Իրենք հիմա կատարում են Փաշինյանի «բոբո» թևի պարտականությունները: Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռերի» ձեռք բերած ռադիկալ իմիջով փորձում է վախեցնել այլ կուսակցությունների և ընդդիմադիր քաղաքական դաշտին: Ինչքանո՞վ դա իրենց կհաջողվի, դա ինձ համար ուղղակի զավեշտալի է, որովհետև, ռուսների ասած՝ против лома нет приёма (окромя другого лома): Թող փորձեն»:

Ըստ նրա՝ այս քայլով գործող Կառավարությունը կա՛մ փորձում է մեսիջներ հասցնել ռուսներին, կա՛մ հաճոյանալ ԱՄՆ-ին:

«Վերջին մի ամսվա մեջ մի քանի դեպք է եղել, երբ մեր երկրի ղեկավարությունը փորձում է Ռուսաստանին ինչ-որ բան հասկացնել: Դա Վիտալի Շիշկինին ապաստարան տրամադրելն է, դա Դանիել Իոաննիսյանի՝ Պուտինին կամեռում փակելու ցանկությունն է, դա «Սասնա ծռերի» հետ հանդիպումն է, որովհետև նրանք իրենց դրսևորել են՝ որպես ռուսաֆոբ: Չգիտեմ՝ ի՞նչ է ուզում հասկացնել Փաշինյանը:  Գուցե դա Ամերիկա գնալուց առաջ ամերիկացիների աչքին բարձրանալ է, գուցե Վլադիմիր Պուտինի գալուց առաջ նրան «ատամներ ցույց տալ» է:

Ինչպես ամեն ինչ, ինչ կատարվում է այս վերջին մեկ տարվա մեջ, սա նույնպես զավեշտալի է, այնքան լուրջ չի, որ դրան մասնագիտական էքսպերտային լուրջ մակարդակով անդրադառնալ դժվար է: Թեկուզ վերցնենք Վիտալի Շիշկինի դեպքը, որն ուղղակի «քաղաքական բոմժ» է, և Հայաստանը օգտագործում է՝ որպես Եվրոպա փախնելու տրամպլին, պախարակում է Նավալնուն՝ Ռուսաստանի օֆիցիալ ընդդիմադրին, և հակահայկական ցույցեր է կազմակերպում: Հայաստանն իրեն տալիս է քաղաքական ապաստան՝ առանց հետաքրքրվելու, թե ո՞վ է նա: Սա ցույց է տալիս այն մարդկանց մտավոր ցածր մակարդակը, ովքեր կազմակերպել են «Շիշկին» օպերացիա Հայաստանում: Հասկանալու համար, թե ի՞նչ կարող է կատարվել, եթե Ռուսաստանի հետ չես ուզում լեզու գտնել, նորմալ, մարդավարի, ընկերական, փայլուն հարաբերություններ հաստատել, կարելի է նայել Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային: Այսինքն՝ ավելի լավ է մեծ երկրների հետ լավ հարաբերություններ հաստատել և փոխվստահելի հարաբերություններ ունենալ, քան հոխորտալ և չհաշվարկել դրա հետևանքները»:

«Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ իրենց պարտականությունները կատարելիս զոհվել է 3 ոստիկան:

Մեր հարցին, թե վարչապետի հանդիպումը «Սասնա ծռերի» հետ արդյոք չի՞ վկայում վերաբերմունքի մասին դեպի այդ համակարգը, Տիգրան Քոչարյանը պատասխանեց, որ դա պետք է ոստիկանապետը մտածի:

«Ոստիկանները թող մտածեն, ես եթե ոստիկանության համակարգում լինեի՝ դուրս կգայի, թող մտածի ոստիկանապետը, ում ուսադիրները պոկել են «Սասնա ծռերը» և պատասխանատվություն չեն կրել: Չգիտեմ՝ ինչով են կապված Վալերիյ Օսիպյանի ձեռքերը, չնայած դատարանում ինքն արժանավայել կեցվածք դրսևորեց, հետ չկանգնեց իր ցուցմունքներից, բայց թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում ստորացնել Ոստիկանությանը և վերջնականապես բարոյազրկել այդ կառույցը, որն ամենակարևոր կառույցներից է պետության մեջ և պետական համակարգի հենասյուներից է, ինչ-որ նպատա՞կ է հետապնդում, թե՞ դա հերթական անգիտակից քայլերից է, դա մի քիչ բարդ է ասել, պետք է Ոստիկանությանը հարցնել: Ամեն դեպքում ոստիկանության աշխատակիցներին մաղթում եմ համբերություն: Ամեն ինչ գնում է, դա էլ կանցնի»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ