Այսօր արտակարգ դեպք է գրանցվել «Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա 908 չվերթի ժամանակ. ուղևորների օդանավ նստեցման ընթացքում ուղևորներից մեկը հայտարարել է, որ ռումբ կա իր մոտ։ Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
«2019 թվականի սեպտեմբերի 9-ին «Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա համար 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ, ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել։ Այդ մասին, տեղեկացման ուղեցույցի համաձայն, անհապաղ տեղեկացվել է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը։
Ահազանգ ստանալուց հետո՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղևորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի իրերը վերցվել են հսկողության տակ, կատարվել է օդանավում գտնվող ուղևորների իջեցում և ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռի և օդանավի ամբողջական զննում։ Զննման ընթացքում օդանավով փոխադրման համար արգելված առականեր, իրեր, նյութեր և սարքավորումներ չեն հայտնաբերվել։
Ուղևորը հանձնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, կատարվում է քննություն»,- նշված է կոմիտեի ֆեյսբուքյան գրառման մեջ։