ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ «Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնը» Գյումրիում սեպտեմբերի 10-ին անցկացրեց հերթական աշխատանքի տոնավաճառը: Այս անգամ տոնավաճառին մասնակցեց տարբեր ոլորտներ ներկայացնող 36 գործատու, որոնց կողմից կներկայացվեն 380 և ավելի թափուր աշխատատեղեր:
Տոնավաճառը արդեն 12-րդ տարին է անցկացվում մարզում՝ գործատուին հնարավորություն տալով գտնել պահանջված մասնագետին, իսկ աշխատանք փնտրողին՝ սպասված աշխատանքը: Տոնավաճառին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշեց, որ պարբերաբար կազմակերպվող աշխատանքի տոնավաճառները խոսում են դրանց անհրաժեշտության մասին։ «Այսօր ներկայացել է 36 գործատու՝ 380 աշխատատեղի առաջարկով: Այս տոնավաճառների շնորհիվ բազում քաղաքացիներ արդեն աշխատանք են գտել: Հուսով եմ, որ այսօր էլ շատերը կգտնեն այն, ինչ փնտրում են»,- նշեց Արման Ուդումյանը։
Տոնավաճառի ընթացքում անցկացվեց նաև պանելային քննարկում՝ «Աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության հիմնական խնդիրները» թեմայով, մոտիվացնող զրույց-ուսուցում՝ «Զբոսաշրջության ոլորտի մասնագիտությունները» թեմայով, ներկայացումներ՝ «Աշխատաշուկայում մրցունակության հիմնական հմտությունները» և «Ստեղծարար մտածողությունը՝ ապագայի հմտություն» թեմաներով, վարպետաց դասեր՝ լրագրող-օպերատորի և վարսավիրական գործ մասնագիտությունների վերաբերյալ և այլն:
Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Շիրակի մարզի, մասնավորապես, Գյումրի քաղաքի աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ:
Շիրակի մարզում 2019 թ. օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 15.7 հազար մարդ: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 75.7%-ը կամ 11.9 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 18.8%-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 70.8%-ը կամ 8.4 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 21.1%-ը երիտասարդ է, 3.4%-ը հաշմանդամություն ունեցող անձ, իսկ 24.3%-ը՝ գյուղաբնակ:
Տարեսկզբից մարզում աշխատանքի է տեղավորվել 917 աշխատանք փնտրող անձ:
Գյումրի քաղաքում 2019 թ. օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 13 678 անձ, գործազուրկներինը՝ 10 359: Գյումրու աշխատաշուկայում հատկապես մեծ է սպասարկման, հանրային սննդի, տեքստիլ արտադրության ոլորտների մասնագետների, տարբեր մասնագիտություններով բանվորների պահանջարկը:
Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 785 անձ: