Կարող է որևէ մեկն ինձ բացատրել, թե ինչո՞ւ են Հայաստանի բժշկական հաստատությունները պարտադիր հայրանուն պահանջում հանդիպումների գրանցման համար: Եթե սկսում ես վիճարկել, թե այդ հարցն ինչ նպատակ ունի, ասում են, որ ուրեմն չեն կարող հանդիպում գրանցել: Ես սա համարում եմ ոչ միայն ոչ էթիկական, այլև անթույլատրելի:
63 երկրում եմ եղել, որոնցից երևի 20-ում բժշկի եմ գնացել, և որևէ այլ երկրում նման պրակտիկա չեմ հիշում:
Ի՞նչ անեն, օրինակ, միայնակ մայրերի երեխաները: Որւեմն նրանք բժշկի չե՞ն կարող գնալ: Իսկ եթե մարդը մանկատանն է մեծացե՞լ: Կան, չէ՞, մարդիկ, ովքեր չգիտեն, թե ով է իրենց հայրը: Կամ գիտեն, սակայն նրա հետ հարաբերություններ չունեն կամ վատ հարաբերություններ ունեն, և չեն ուզում ամեն անգամ բժշկի գնալիս նրան հիշել ու նրա հետ ասոցիացվել:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչքանով է քաջալերում երեխա ունենալ այն կանանց, ում բախտը չի բերել և ամուսին չունեն, սակայն ցանկանում են երեխա ունենալ:
Արդյո՞ք 21-րդ դարում, հատկապես Հայաստանի դեմոգրաֆիական պայմաններում, Հայաստանը կարող է իրեն թույլ տալ քարանձավային հոգեբանության մեջ կաղապարված լինելու շռայլությունը: Թվում է, թե փոքր հարց է, սակայն կարող է կարևոր հոգեբանական դեր խաղալ, և պետք է արգելվի Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության համատեքստում:
Որևէ մեկդ կապ ունի՞ նախարար Արսեն Թորոսյանի հետ: Խնդրում եմ այս ուղերձն իրեն փոխանցել:
Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան էջից: