Սիրտ-անոթային հիվանդություններն աշխարհում մահացության եւ հաշմանդամության գլխավոր պատճառն են. յուրաքանչյուր տարի դրանք խլում են 17 միլիոն մարդու կյանք:
Սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հիմնական գործոններն են՝
• բարձր զարկերակային ճնշումը
• արյան մեջ խոլեստերին եւ գլյուկոզայի քանակը
• ծխախոտը
• ավելորդ քաշը, ճարպակալումը
• ֆիզիկական պասիվությունը եւ այլն:
Չափազանց կարեւոր է որոշել զարկերակային ճնշումն օրվա տարբեր ժամերին, քնած վիճակում, գանգատների ժամանակ եւ անկախ դրանցից, քանի որ լինում են դեպքեր, երբ նույնիսկ բավականին բարձր զարկերակային ճնշումը մարդը չի զգում եւ գանգատներ չի ունենում։
Կարեւոր է իմանալ, որ զարկերակային ճնշման դրվագային բարձրացումները տարբեր առօրյա իրավիճակներում, օրինակ՝ ֆիզիկական եւ հոգեբանական լարվածության ֆոնի վրա, համարվում են սրտանոթային համակարգի նորմալ պատասխան։
Սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ ճարպակալումը խիստ հակացուցված է, հատկապես՝ որովայնի հատվածում: Տղամարդկանց մոտ նորմալ է համարվում գոտկատեղի 90 սմ չափը, կանանց պարագայում՝ 80 սմ:
Յուրաքանչյուր ավել սանտիմետր բարձրացնում է ինֆարկտի, ինսուլտի եւ սրտային անբավարարության ռիսկը:
Սիրտն առողջ պահելու համար խորհուրդ է տրվում օրական հինգ չափաբաժին միրգ եւ բանջարեղեն ուտել, ինչպես նաեւ կրճատել աղի օգտագործումը սննդակարգում: Սննդակարգից պետք է բացառել խմորից պատրաստված ուտեստները, քաղցրեղենը, ապխտած եւ աղի մսամթերքը:
Սրտին հանքանյութեր են անհրաժեշտ, որոնցից ամենակարեւորը կալիումն ու մագնեզիումն են: Դրանք կան բանանում, ծիրանաչրում, հազարի թերթիկներում, ծովամթերքում, կարտոֆիլում, ընդեղենում, շոկոլադում: Սրտի համար իդեալական աղանդեր է համարվում դառը շոկոլադը (70% մաքուր կակաո): Դրա օգտագործումն ամիսը 1-3 անգամ դրական ազդեցություն է ունենում արյան ճնշման վրա:
Կարեւոր է պահպանել նաեւ ֆիզիկական ակտիվություն. օրական ամենաքիչը 30 րոպե ֆիզիկական ակտիվությունն ունակ է կանխարգելել ինֆարկտը եւ ինսուլտը: