Տարիների ընթացքում Արենի համայնքը դարձել է զբոսաշրջային կենտրոն: Արենի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գևորգ Սիմոնյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, նշեց, որ իրենց մոտ զբոսաշրջիկների ակտիվ հոսք լինում է ամբողջ տարվա ընթացքում:
«Գրեթե ամեն օր Արենիում կհանդիպեք զբոսաշրջիկների, ովքեր օգտվում են հյուրատների ծառայություններից, այցելում են տեղական գինետներ: Արենիում զարգացել է գինու մշակույթը, ինչում մեծ ներդրում ունի «Արենի փառատոնը»: Գինեգործներն ակտիվ են տարվա բոլոր օրերին»,- ասաց Գևորգ Սիմոնյանը:
Արենի համայնքի ներկայացուցիչը նշեց, որ այնտեղ զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ նկատվում է բնակիչների կենսամակարդակի բարձրացում: Համայնքում այսօր աշխատատեղերի պակաս չկա:
«Այսօր եթե ցանկանում ենք երկու աշխատող գտնել, ապա դա մեզ համար խնդիր է: Եթե ցանկանում եք Արենիում հող գնել, ապա կտեսնեք, որ գինը հասել է Երևանի գներին: Այսօր խնդիր է նաև մեզ մոտ տուն վարձելը, հավատացեք ազատ տուն չկա: Մարդիկ նույնիսկ արտերկիրց են վերադառնում մշտական բնակության նպատակով: Արենի գինու փառատոնը համայնքին տվեց ինքնաբացահայտում: Օգնեց գինին բացահայտել՝ որպես զբոսաշրջային մեծ պրոդուկտ»,- ասաց նա:
Արենի համայնքը տարեկան 50 հազարից ավելի զբոսաշրջիկ է ընդունում: Զբոսաշրջիկների թվի աճին զուգահեռ ավելանում է նաև հյուրատների, ռեստորանների թիվը:
«Այսօր, երբ Արենիում տուն են կառուցում, անպայման մտածում են, ինչպես անեն, որ մի հարկը լինի հյուրատուն, ունենան նաև ռեստորան և այլն: Այսինքն՝ մարդիկ արձագանքում են զարգացումներին»,- ասաց Գևորգ Սիմոնյանը: