«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Գործադիրը երեկ հավանության է արժանացրել հակակոռուպցիոն ռազմավարությունը: Ստեղծվելու է հակակոռուպցիոն կոմիտե: Ինչ մոդելով է այն «ծնվելու»:
Նախ՝ քննչական կոմիտեի կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչությունը կվերակազմակերպվի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը փոխանցելով հակակոռուպցիոն կոմիտեին:
Հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը կվերակազմակերպվի՝ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար նախատեսված հաստիքների եւ գործիքակազմի մի մասը փոխանցելով կոմիտեին եւ ՀՔԾ-ին:
ՊԵԿ-ի հանցագործությունների քննության համար նախատեսված քննիչների հաստիքները եւ գործիքակազմը կփոխանցվեն ՔԿ-ին:
ՀՔԾ-ի կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունը կվերակազմակերպվի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը տրամադրելով հակակոռուպցիոն կոմիտեին:
Այս պայմաններում ՀՔԾ-ն կպահպանի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ դեպքերի, ինչպես նաեւ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների (բացառությամբ կոռուպցիոն հանցագործությունների) նախաքննության իրականացման գործառույթը:
Այս ամենից զատ՝ ԱԱԾ-ի քննչական մարմնի հաստիքները եւ գործիքակազմը համամասնորեն կփոխանցվեն ՀՔԾ-ին, ՔԿ-ին եւ Հակակոռուպցիոն կոմիտեին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում: