«От редакций» կամ ալեգորիկ Նիկոլ Փաշինյանը
Advertisement 1000 x 90

«От редакций» կամ ալեգորիկ Նիկոլ Փաշինյանը

«Հայաստանում խոսքի ազատությունը ոչ մի անգամ այս աստիճան ինքնուրույն ու անկախ չի եղել, ինչպես վերջին մեկուկես տարվա ընթացքում»,- սա հատված է Նիկոլ Փաշինյանի հերթական հրապարակային հայտարարություններից, որին անսալով՝ պետք է արձանագրենք, որ Հայաստանում իրոք մամուլն ունի անկախություն և կարողանում է գործել ազատ ու տանել իր ինքնուրույն քաղաքականությունը։ Սա՝ առաջին հայացքից, սակայն այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ «Հայելի» ակումբի հետ, հեռու է նման ձևակերպումների հետ աղերս ունենալուց, քանզի նոր Հայաստանն այլ իրականությունում է ապրում։

Հենց «նոր» Հայաստանում է, որ մի քանի անբռնազբոս կերպարներ հարձակվում են լրատվականի վրա և հավկիթներ են նետում ակումբի պատերին։ Տեղին է ընդգծել, որ հանրային արձագանքը բավականին բուռն էր ու էմոցիոնալ, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ թեմայի հետ կապված իր տեսակետը հայտնի նաև Նիկոլ Փաշինյանը, իհարկե, ոչ ուղղակի, ալեգորիկ. նրա ընտանեկան թերթի՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա անստորագիր խմբագրականը նվիրված էր մամուլի ազատության հետ կապված հարցերին։ Խմբագրականի անանուն հեղինակը, իր մի քանի հստակ առաջ քաշած թեզերով, փորձում է տեղի ունեցած միջադեպին նախ գնահատական տալ, ապա նաև ներկայացնել, թե ինչու է այդպես եղել, և ինչու է դա տեղի ունեցել հենց «Հայելի» ակումբի հետ։

Հոդվածում նշվում է, որ «որոշ շրջանակներ առաջ են քաշում այն թեզը, թե տեղի ունեցածը քաղաքական հետևանքներ ունի, ինչը, ըստ «հեղինակի», այդքան էլ այդպես չէ», և նյութի ենթատեքստից այնպիսի տպավորություն է ստացվում, որ լրատվամիջոցի հետ տեղի ունեցածը հենց այդպես էլ պետք է լիներ, քանի որ ««Հայելի»-ին «հասնում էր»՝ իր հակաիշխանական պահվածքի համար»։ Մյուս կարևոր թեզը կապված էր «ադրբեջանական հոդվածների «արտատպման» և հանրության շրջանակներում Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու» դրույթի հետ։ Ահա այստեղ պետք է կանգ առնել և հետհայացք գցել, թե ընդհանրապես ինչպիսի հրապարակումներ ու նյութեր էր հրապարակում Փաշինյանի ընտանեկան թերթը մի քանի տարի առաջ՝ նաև Ապրիլյան պատերազմի օրերին՝ հղում անելով անմիջապես ադրբեջանական աղբյուրներին։ Հանուն արդարության պետք է փաստել, որ հայկական մեդիատիրույթում ադրբեջանական կայքերին հղում անելու ռեկորդը պատկանում է հենց «Հայկական Ժամանակին», որտեղ, օրինակ, կարդում ենք նման նախադասություն՝ «Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի». Ալիև», կամ, ասենք, հանդիպում ենք այսպիսի վերնագրերի՝ «Հայաստանի արտգործնախարարի ելույթը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն․ Հեքմեթ Հաջիև», «Հայկական կողմը ցանկանում է հրաժարվել Մոսկվայից․ հայացք Բաքվից», «Իլհամ Ալիևը կոչ է արել Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել», և այլն, սրանք այն մի քանի առավել աչքի զարնող վերնագրերն են, որոնք միանգամից հղում են արվում ադրբեջանական կայքերին։ Վերևում նշված թեմաներից հասկանալի է դառնում, թե իր գործունեության վերջին տարիներին ինչպիսի իրական ադրբեջանական «սլիվներ» է արել «Հայկական Ժամանակը» հայկական իրականության, հայ հանրության շրջանում, ինչպիսի վերնագրեր և բովանդակություն ունեցող թեզեր է ներարկել հայկական մեդիատիրույթ։ Իսկ արդեն այսօր թերթի խմբագրականում խոսվում է բացառապես այլ հռետորաբանությամբ ու անհասկանալի հայրենասիրական մղումներով։ Այս ամենը փաստելով, հարց է առաջանում․ եթե ոչ՝ քաղաքական, ապա ի՞նչ դրդմամբ են «հայրենասեր» տղաները բառացիորեն գրոհել լրատվականի վրա։

Կարող ենք փաստել, որ «Հայկական Ժամանակի» ձեռամբ՝ Փաշինյանը, նման թեզեր շրջանառելով, գնահատական է տալիս «Հայելու» հանդեպ տեղի ունեցածին՝ մամուլին բացահայտ հասկացնելով, որ չի բացառվում, որ նման դեպքերը կրկնվեն՝ անհանդուրժողական և հակաիշխանական դրսևորումների շարունակականության դեպքում։ Մյուս կողմից՝ պետք է ֆիքսել, որ նման քաղաքականությունը բնորոշ է հենց այդ լրատվամիջոցին, քանի որ տարիներ շարունակ հենց այս թերթն էր անընդհատ խոսում «կոռուպցիայի ու կաշառակերության», «կեղեքված հանրության» ու «ոչ լեգիտիմ քրեականացված իշխանությունների» մասին, և այդ թեզերը տասնյակ տարիներ մատուցում հայ ընթերցողին՝ հենց այդ մանիպուլյացիաների հաշվին ընթերցող շրջանակ, հետագայում՝ նաև ընտրազանգված ապահովելով։ Այստեղ տեղին է հիշել  Գյոթեի հայտնի թևավոր խոսքը՝ «Չկա առավել անհույս ստրկություն, քան կապանքներից իրենց ազատ կարծող մարդկանց ստրկությունը»:

Արմեն Հովասափյան



Նման նյութեր