Դատարանը բավարարել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը։ Այն է՝ անվավեր ճանաչել մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 28-ի ազատման հրամանը, վերականգնել իրեն թատրոնի տնօրենի աշխատանքում եւ վճարել հարկադիր պարապուրդի դիմաց։
Հիշեցնենք, որ մայիս ամսին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց ներկայացրեց մշակույթի նախկին նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ։ Ն․ Ղարիբյանն Օրբելյանին ազատել էր տնօրենի պաշտոնից՝ մի քանի հանգամանքներից ելնելով։ Առաջին պատճառը կառավարության որոշումն էր, որն այդ պահին դեռ ուժի մեջ չէր եղել, երբ Օրբելյանը տնօրեն էր նշանակվել։ Երկրորդը ՊՈԱԿ-ների մասին օրենքն էր, համաձայն որի՝ արգելվում է երկու եւ ավելի պաշտոնների համատեղումը։ Եվ երրորդը. Օրբելյանի` հայերենի չիմացությունը: