Այս հարցազրույցը երևի թե ժուռնալիստական կյանքիս լավագույն զրույցներից մեկն է, և սա ասում եմ ամենայն անկեղծությամբ: Այո, ժուռնալիստիկան ինձ բավական երես է տվել ու ես կյանքիս ընթացքում բազում հարցազրույցներ եմ ունեցել աշխարհի հայտնիների հետ՝ արվեստի մեծերից մինչև մեծ երկրների ղեկավարներ, բայց այս զրույցն այն եզակիներից էր, որն ինձ զարմացրեց, իսկ ժուռնալիստիկան տարիների ընթացքում, հավատացեք, զրկում է զարմանալու ունակությունից:
Եվ գիտե՞ք ինչով զարմացրեց. 10 տարեկան Ալեքս երևույթով:
Ես շատ երկար էի հետևել Ալեքսի զարգացումներին, հիացել նրա հիացումներով: Սկսել էի դիտել նաև նրա հաղորդումներն ու բլոգային ելույթները ու պատրաստվում էի մի օր վերցնել բլոկնոտն ու գրիչը, ձայնագրիչը ու անձամբ գնալ Ալեքսի մոտ ու զրուցել: Բայց, անկեղծ ասած, մտածեցի, որ կենդանի զրույցը, գուցե մեծ հիացում պատճառեր ինձ, բայց գուցե ինչ-որ իմաստով կաշկանդեր Ալեքսին ու մտածեցի նրան ուղարկել գրավոր հարցեր: Եվ ահա Ալեքսի ֆեյսբուքյան էջին ուղարկում եմ այս նախաբանով նամակ.
Սիրելի Ալեքս
Ես «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի՝ thearmenians.am, գլխավոր խմբագիրն եմ: Իմ անունը Արայիկ է: Հուսամ կծանոթանաս «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին: Ես ուղարկում եմ մի քանի հարց, որոնց կուզեի, որ պատասխանեիր գրավոր: Ծավալի մասին կարող ես չմտածել: Սա կլինի մեր հեռակա զրույցը և այն կհրապարակվի «ՀԱՅԵՐ» մեդիահարթակում:
Ալեքսից ստանում եմ այսպիսի պատասխան. «Շնորհակալություն, շատ սիրով կպատասխանեմ և մի քանի օրից կփոխանցեմ»: Ի դեպ, Ալեքսը նամակը տեսնում է անմիջապես, բայց պատասխանում է մի քանի րոպեից՝ բնականաբար՝ հարցերին ծանոթանալուց հետո:
Ես վստահ էի, որ բացահայտելու եմ Ալեքսին, կամ՝ նոր Ալեքսի, քանի որ նրան չէի դիտարկել որպես տասը տարեկան երեխայի, այլ նրա հետ ուզել էի խոսել որպես կայացած մարդու ու կարծում եմ ստացվեց: Ալեքսը անկեղծ էր ու անկեղծ ամենազգայուն հարցում անգամ:
Ալեքսն, անշուշտ, խնդիր ունի լուծելու իր կյանքում և մենք Ալեքսի մասին դեռ խոսելու ենք: Մենք դեռ խոսելու ենք Ալեքսի մասին ու հուսամ, տարիներ հետո, երբ կգա Ալեքսի մասին բոլորի խոսելու ժամանակը, ես հնարավորություն կունենամ Ալեքսի հետ կենդանի զրույց վարելու:
Իսկ Ալեքսի հետ ծանոթացնել ինձ խոստացել են նրա ծնողները, որ իմ ընկերներն են: Աշնանային Երևանի տաք երեկոները դեռ առջևում են:
Դե հիմա վայելեք իմ զրույցը Ալեքսի հետ: Այսինքն՝ վայելեք Ալեքսին:
– Ո՞վ է Ալեքս Գևորգյանը: Կպատմե՞ս քո մասին, քո ընտանիքի, արմատների մասին, քո ներաշխարհի ու մտքերի մասին:
– Ես փոքրիկ տղա եմ, ծնվել եմ 2009 թվականի հոկտեմբերի 9-ին: Այո, այո, հե՛նց հոկտեմբերի 9-ին, այն նույն օրը, երբ ծնվել է «The Beatles» խմբի հիմնադիր և ռոք երաժիշտ Ջոն Լեննոնը: Երբ ես ծնվեցի՝ չգիտեի, որ նրանք այդքան մեծ նշանակություն են ունենալու իմ կյանքում, և միշտ, երբ նշում ենք իմ ծնունդը, ես ունենում եմ երկու տորթ, որոնցից մեկը պարտադիր Ջոն Լեննոնինն է՝ իր նկարով, իսկ մյուսն էլ իմը՝ «The Beatles»-ի որևէ նկարով: Իմ կարծիքով՝ ես ծնվել եմ, որ աշխարհը դարձնեմ ավելի լավը և իմ ուժերի չափով աշխարհը դարձնեմ ավելի երաժշտական: Օրինակ, Ջոն Լեննոնի ամենահայտնի երգերից մեկը՝ «Imagine»-ը. այդ երգի պես կուզենայի աշխարհը փոխել, այսինքն` որ աշխարհում խաղաղություն տիրեր, բոլորը սիրեին իրար, օգնեին միմյանց, և երբեք չարություն չլիներ:
Մայրս լրագրող և փոխխմբագիր Լիլիթն է Սեյրանյան, իսկ հայրս քաղաքական վերլուծաբան և տնտեսագետ Գառնիկն է Գևորգյան: Ցավոք սրտի, օրվա մեջ մենք շատ քիչ ենք իրար տեսնում, քանի որ մեզ բոլորիս խանգարում է մեր զբաղվածությունը, բայց միևնույն է՝ ես նրանց շատ եմ սիրում:
Ինչ վերաբերում է արմատներիս, կարծում եմ՝ դրանք շատ խորն են, բայց ընդհանրապես տեղեկություն չունեմ արմատներիս մասին: Ձեր հարցից հետո միանգամից մեծ հետաքրքրություն առաջացավ, և անպայման կխորանամ արմատներիս մեջ:
Ես շատ ուրախ մարդ եմ, ամեն ինչի մեջ լավն եմ տեսնում, երբ դիմացինս տխուր է, ես փորձում եմ պահը հումորային և ուրախ դարձնել, դա փաստում են նաև ինձ շրջապատող մարդիկ:
Նաև ասում են, որ ես հետաքրքրասեր եմ: Օրինակ, տատիկս ասում է, որ ես շատ պոռթկուն և աշխույժ եմ: Շատ էլ ճիշտ են ասում, ես նրանց հետ լիովին համաձայն եմ:
– Ինչպե՞ս «հանդիպեցին» Ալեքսն ու երաժշտությունը: Ինչպե՞ս սկսվեց ձեր կապը:
– Ես սկզբի մասին ոչինչ չեմ հիշում, որովհետև ամեն ինչ կատարվել է շատ փոքր հասակում, բայց շատ լավ հիշում են իմ ծնողները, նաև կան բազմաթիվ տեսանյութեր, որոնց միջոցով տեղեկացել եմ ինքս և հիմա կպատմեմ ձեզ:
Ծնողներս ասում են, որ ես 1,5 տարեկանից լսել եմ դասական երաժշտություն: Այդ տարիքում ես արդեն գիտեի Մոցարտին, Բախին, Բեթհովենին, Շուբերտին, Շումանին, Շտրաուսին և շատ ու շատ կոմպոզիտորների:
Նաև պատմում են, որ, երբ մաքուր չէի կարողանում խոսել և արդեն գիտեի ու սիրում էի Լյուդվիգ Վան Բեթհովենին՝ նրան անվանում էի «Բեթոն»:
3 տարեկանում իրականացավ իմ երազանքներից մեկը. ես գնացի Վիեննա, Զալցբուրգ… այո, այո, այնտեղ, որտեղ ծնվել, ստեղծագործել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը: Զալցբուրգում այցելեցի նրա տուն, որն այժմ թանգարան է, այն էլ երեք անգամ՝ տարբեր տարիքներում: Ես տեսել եմ նրա մահճակալը, դաշնամուրը, անգամ օգտվել եմ Մոցարտի զուգարանից… վա՜յ, ասացի զուգարան՝ մի զավեշտալի պատմություն հիշեցի: Երբ դուրս եկա զուգարանից, ինձ լրիվ կորցրել էի և ուրախությունից չէի հասկանում, թե որտեղ եմ գտնվում, և այդ ուրախությունս չկարողացա զսպել ու բարձր գոռացի՝ ուռա, ուռա ես միզել եմ Մոցարտի զուգարանում:
Այցելուները չէին հասկանում հայերեն ու չէին հասկանում, թե ինչու եմ այդպես բղավում…
Ամեն անգամ, երբ մեկնում եմ Ավստրիա, միշտ այցելում եմ Մոցարտի, Շտրաուսի, Հայդնի, Բեթհովենի այգիներ, և եթե կրկին ինձ հնարավորություն ընձեռվի լինել Ավստրիայում, այնպայման կայցելեմ նրանց:
Վիեննայում գտնվելիս՝ ծնողներիս հետ միշտ գնում եմ այնտեղի Երաժշտության թանգարան… որքան էլ գնաս՝ հաստատ չես ձանձրանա: Ես այնտեղ մի շատ սիրելի սրահ ունեմ, դա դիրիժորական սրահն է, որն իսկապես շատ հումորային ու հետաքրքիր է պատրաստած:
Թանգարանի այցելուները հնարավորություն են ունեում կանգնել դիրիժորի տեղում ու չափ տալ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբին, և երբ վրիպում էի չափ տալու ժամանակ՝ նվագախումբը դժգոհում էր, գործիքները վայր էին դնում, իսկ ճիշտ չափ տալու դեպքում Երաժշտական թանգարանի կողմից ստանում ես հավաստագիր: Ես՝ որպես հաղթող, ստացել եմ այն:
Ծնողներս պատմում են, որ մինչև 3 տարեկանս ամբողջ օրն անդադար դասական երաժշտություն եմ լսել: Մայրս ասում է, որ անհանգստացել է, քանի որ ամեն ինչ ինձ մոտ դրա շուրջ էր կատարվում, և նա ինձ առաջարկել է լսել մի քանի խմբերի՝ «The Beatles», «Pink Floyd» և «Aerosmith», և ես միանգամից ընտրել եմ Բիթլզներին:
Լսելով «The Beatles»-ի մի քանի երգերը, միանգամից սիրեցի նրանց, սկսեցի լսել ու երգել նրանց երգերը, և այդպես ինձ մոտ անսահման սեր առաջացավ «The Beatles»-ի հանդեպ, ինչը մինչ օրս պահպանվում է, և վստահ եմ՝ միշտ էլ կպահպանվի:
«The Beatles» լսելուց ինձ մոտ միշտ մի բան ավելանում է. Օրինակ, «Come Together»-ը լսելուց ինձ մոտ ավելանում է վստահությունը, կամ, օրինակ, «Let It Be»-ին լսելիս ինձ մոտ ավելանում է հավատը: «The Beatles»-ը միշտ իմ սրտում է և միշտ էլ կմնա այնտեղ:
Ասեմ, որ ինքս համակարգչից օգտվում եմ 1.5 տարեկանից, ինքս էի ipad-ով գտնում այն, ինչ ցանկացել եմ լսել: «The Beatles»-ից հետո ես սկսեցի լսել և հետաքրքրվել հայտնի «Queen» խմբով, անգիր գիտեմ նաև նրանց բոլոր երգերը: Միշտ հիշում եմ, անգամ տեսանյութեր էլ կան, որ «Queen» խմբի մենակատար և վոկալիստ Ֆրեդդի Մերկուրիի ծննդյան օրվա առթիվ մի մեծ «համերգ» տվեցի տանը՝ նմանակելով իրեն, կատարում էի նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները՝ չնայած նրան, որ, իմ կարծիքով՝ ես բաղաձայն եմ:
Բայց դա կապ չունի, մեկ է՝ երգում եմ: Հիմա այլևս «համերգներ» չեմ տալիս, միայն լսում եմ նրանց: Ես ունեմ իմ սիրելի խմբերի, կոմպոզիտորների ու երաժիշտների գրքերի և ձայնասկավառակների մեծ հավաքածու, որի մեջ իր մեծ ներդրումն ունի հայտնի թարգմանիչ և Բիթլոման Սամվել Մկրտչյանը. նա ինձ նվիրել է «The Beatles»-ների մասին մի քանի գրքեր և մի տուփ՝ «The Beatles»-ների հանրահայտ Yellow Submarine-ի նկարով: Դրանք ինձ համար կրկնակի թանկ նվերներ են, քանի որ իմ սիրելի «The Beatles»-ների մասին են, և, որ այն ինձ նվիրել է հենց Սամվել Մկրտչյանը: Անչափ շնորհակալ եմ Սամվել Մկրտչյանին, բայց շատ ափսոսում եմ, որ անձամբ չկարողացա ծանոթանալ նրա հետ, թեև ծնողներս և Սամվել Մկրտչյանը մեր հանդիպումը կազմակերպելու պլաններ ունեին:
Այնուհետև ես սկսեցի լսել «Pink Floyd», «Deep Purple», Ֆրենկ Սինատրա, Էլվիս Փրեսլի, Մայքլ Ջեքսոն, Էլլա Ֆիցջերալդ, Լուչանո Պավարոտտի, Ռեյ Չարլզ, Օսկար Պիտերսոն, Ջիմի Հենդրիքս, Բոբ Մարլեյ, «Led Zeppelin», «Scorpions», «Nirvana», Metalica, Էրիկ Քլեպտոն, Կոմիտասմ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Տիգրան Մանսուրյան, Սերգեյ Շաքարյան, AC/DC», «Aerosith» և այլն: Նրանք շատ են, նրանց թիվն ավելանում է և դեռ կավելանա…
Հուսով եմ` կարողացա հիշել և պատմել երաժշտության հետ իմ ծանոթության մասին…
– Ի՞նչ նախընտրություններ ունես երաժշտության մեջ և ինչո՞ւ:
– Երաժշտությունն ինձ համար ամեն ինչ է, և, կարելի է ասել, դա ինձ համար ոչ թե նախասիրություն է, այլ՝ մասնագիտական ընտրություն: Ասեմ, որ երաժշտական կրթություն եմ ստանում Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: Շեղվեցի… Նախընտրում եմ դասական, ռոք և ջազ երաժշտություն: Նախընտրում եմ դասական, քանի որ այն ինձ համար ամեն ինչ է, ես առանց դասական երաժշտության չեմ պատկերացնում իմ կյանքը, օրը: Միայն դպրոցում չեմ լսում, քանի որ դա պարզապես հնարավոր չէ: Տանը դասերս պատրաստելիս և ընդհանրապես՝ լսում եմ դասական կամ այլ երաժշտություն:
Նախընտրում եմ դասական երաժշտություն, որովհետև լսելիս ունենում եմ տարբեր, բայց հաճելի զգացողություններ՝ բարկություն, խաղաղություն, սեր, չարություն, համարձակություն, վստահություն… կարծում եմ՝ ցանկացած կոմպոզիտոր իր ստեղծագործությունը գրելիս տարբեր զգացողություններ է ունենում, որը երաժշտության միջոցով փոխանցվում է ունկնդրին:
Նախընտրում եմ ռոք երաժշտությունը, քանի որ կարծում եմ՝ ես և ռոք երաժշտությունը բնավորություններով շատ նման ենք իրար: Օրինակ, թախծոտ, ինչպես «Բոհեմական Ռապսոդիան», պայքարող, ինչպես «The Beatles»-ների «Revolution»-ը, աշխույժ, ինչպես «Nirvana»-ի «Smells Like Teen Spirit»-ը, խաղաղ, ինչպես «Here comes the sun»-ը, և Էրիկ Քլեպտոնի ցանկացած ստեղծագործություն, քանի որ նրա բոլոր երգերը հանգստություն են փոխանցում, այսինքն՝ խաղաղ են:
Ջազը լսելիս ունենում եմ խառը զգացողություններ, օրինակ, Ռեյ Չարլզ լսելիս՝ ուրախ զգացություններ եմ ունենում, նույնը նաև Օսկար Պիտերսոնի դեպքում է: Ընդհանրապես ջազը դժվարամարս չէ, ինչպես ռոքը և դասականը, այն շատ թեթև է: Ջազը և ռոքն ազատ են, բաց են, այսինքն՝ դու այն լսելիս քեզ զգում ես՝ ինչպես ձուկը ջրում, կարող ես երևակայել՝ ինչքան ուզում ես: Դա նրանց միակ նմանությունն է: Երևակայելու ազատության առումով դասականը, ջազը և ռոքն իրար նման են: Այ, երևի հենց սա է պատճառը, որ ես սիրում եմ հենց այս երեք ոճերը:
Օրինակ, Լուի Արմսթրոնգի «What s wonderful world»-ը լսելիս միշտ հուզվում եմ, հուզվում եմ Մոցարտի «Ռեքվիեմը» լսելիս: Իհարկե, «Ռեքվիեմ»-ում կան հատվածներ, որի ժամանակ պնդանում եմ: «Ռեքվիեմը», իմ կարծիքով՝ կազմված է երեք մասնիկից. Սկիզբ, Վերելք և Ավարտ: Սկզբում հուզվում եմ, վերելքում՝ ատելություն եմ զգում, և պնդանում եմ, իսկ ավարտի ժամանակ զգում եմ այս երեքը միաժամանակ:
– Ինչպե՞ս ես պատրաստվում շարունակել քո «մտերմությունը» երաժշտության հետ:
– Քանի որ իմ և երաժշտության մտերմությունը սկսվել է անկախ ինձանից, կարծում եմ՝ ինքս չեմ կարող կանխատեսումներ անել: Բայց գիտեմ, որ առանց երաժշտության ես չեմ կարող: Նույնիսկ դպրոցում շատ հաճախ դասերին ներկա լինելով՝ բացակայում եմ, նույնիսկ ուսուցիչները տեսնում են, որ ես սեղանի վրա դաշնամուր եմ նվագում: Մայրիկիս էլ էին ասել… Խոստովանում եմ, որ ամեն ինչ անում եմ, որ դասերի ժամանակ ամբողջ ուշադրությունս սևեռեմ դասի վրա, բայց դա անկախ ինձանից է լինում: Դրա համար ես այս հարցազրույցի միջոցով ցանկանում եմ իմ ուսուցիչներին ասել՝ իմ սիրելի ուսուցիչներ, հավատացեք, որ ինձ համար շատ դժվար է, չեմ կարողանում:
Ես սովորում եմ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, որտեղ սովորելը մեկ այլ հաճույք է, այնտեղ շատ հետաքրքիր հետազոտություններ, վերլուծություններ ու ուսումնասիրություններ ենք կատարում: Այնտեղ մենք սովորում ենք՝ ինչպես լինել սկզբունքային, մտածող, հետազոտող, լայնախոհ, վերլուծող, համագործակցող… ամեն ինչի կենտրոնում մարդն է, ինչպես երաժշտության մեջ՝ մարդը՝ իր բոլոր զգացմունքներով:
– Կնշե՞ս քո ամենասիրած հեղինակներին ու գրքերը: Եվ ինչո՞ւ հենց դրանք:
– Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքիկ իշխանն» եմ շատ սիրում: Իմ մեջ տպավորվել է հատկապես հարբեցողի ու Փոքրիկ իշխանի հանդիպումը: Ամենաշատը հիշում եմ հարբեցողի խոսքերը, որը, կարծում եմ, մի փոքր փիլիսոփայական է. Երբ Փոքրիկ իշխանը նրան հարցնում է, թե ինչու է նա այդքան շատ խմում, նա պատասխանում է. «Ես հարբում եմ, որպեսզի մոռանամ, որ խմելն ամոթ է»: Համաձայնեք, որ ճիշտ եմ ասում, հարբեցողը մեծ փիլիսոփա է: Ինքն ասում է, որ խմելն ամոթ է, բայց միաժամանակ խմում է, այսինքն՝ իր արարքն արդարացնում է: Քանի որ մայրիկս էլ է այդ գիրքը շատ սիրում, մտածում եմ, որ այն միայն փոքրերի համար չէ, և եթե դա հաճելի է կարդալ նաև մեծահասակներին, նշանակում է՝ ես այն դեռ նորից կկարդամ:
Գրքի ամեն մի գլխում հեղինակը ցանկացել է, որ մարդը տարբեր որակներ ձեռք բերի: Այսինքն՝ հեղինակը Փոքրիկ իշխանին տարբեր կերպարների հետ հանդիպեցնելիս ցանկացել է ձևավորել մարդուն, քանի որ, իմ կարծիքով, մարդն առաջին հերթին պետք է լինի լավ մարդ, իսկ հեղինակը հենց դա է ցանկացել որոնել բոլոր հերոսների մեջ, նաև վարդի ու փշերի:
Կարդացել եմ նաև Արամ Աբրահամյանի հեղինակած «Գերմանական կվինտետ» գիրքը, որտեղ նա պատմում է 19-րդ դարի գերմանացի լավագույն 5 կոմպոզիտորների մասին: Ես այն շատ հավանեցի: Ա. Աբրահամյանը գրքում խոսում է Բեթհովենի, Շումանի, Շուբերտի, Բրուքների և Բրամսի կյանքի, նրանց ու երաժշտության հոգևոր կապերի մասին: Նշեմ, որ գիրքը նվիրել է հենց Արամ Աբրահամյանը, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրան:
– Ինչ-որ մեկին համարո՞ւմ ես քո ուսուցիչը կամ ուսուցիչները երաժշտության ասպարեզում, և ինչո՞ւ հենց իրեն կամ իրենց:
– Ես ոչ մեկին չեմ համարում իմ ուսուցիչը: Ուղղակի ես իմ սիրած թե կոմպոզիտորներից, թե խմբերից, թե երաժիշտներից փոքր-փոքր ոգեշնչումներ եմ ունեցել: Հիմա էլ եմ ունենում այդ ոգեշնչումները, բայց նաև հասկանում եմ, որ պետք չէ նմանվել որևէ մեկին, և պետք չէ կուռքեր ունենալ: Ամեն մարդ պետք է ունենա իր տեսակը, ոճը:
Իհարկե, ես ունեմ իմ ուսուցիչը: Առանց նրա ես չեմ կարող երաժշտական կրթություն ստանալ. Նա Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի, իմ շատ սիրելի Հասմիկ Հակոբովնան է՝ Հասմիկ Անչարակյանը: Ես շատ շնորհակալ եմ նրան, քանի որ նրա շնորհիվ է, որ այս տարի ես կարողացա ստանալ բազմաթիվ մրցանակներ: Մասնակցել եմ «ԱրտՄյուզիք» միջազգային մրցույթին և արժանացել եմ 1-ին մրցանակին: Դրանից հետո մասնակցեցի «Վերածնունդ» միջազգային փառատոնին, որտեղ շահեցի «Գրան պրի» մրցանակը:
Դրանից հետո հուլիս ամսին «Վերածնունդ» միջազգային փառատոնի միջոցով մեկնեցի Իտալիա, որտեղ մասնակցեցի Երաժշտական միջազգային ակադեմիայի փառատոնին ու վարպետության դասերին: Այնտեղ ստացել եմ «Հատուկ մրցանակ»՝ որպես տաղանդավոր և խոստումնալից դաշնակահար: Այնպես որ, սրանք ոչ միայն իմ, այլև իմ ուսուցչուհու՝ Հասմիկ Հակոբովնայի մրցանակներն են:
– Ի՞նչ չես սիրում ամենաշատը և ի՞նչ ես սիրում ամենաշատը:
– Չեմ սիրում, որ մարդիկ կռվում են, չեմ սիրում, որ մարդը ստում է, չեմ սիրում, որ մարդու մեջ ընդհանրապես նախանձ կա, չեմ սիրում, որ մարդը մյուսին ծաղրում է:
– Ի՞նչ հատկություններ ես գնահատում մարդու մեջ և ի՞նչ հատկություններ չես գնահատում:
– Քիչ առաջ նշեցի իմ չսիրած և սիրած հատկությունները մարդու մեջ: Հիմա նորից կրկնեմ: Չեմ սիրում, որ մարդիկ կռվում են, չեմ սիրում, որ մարդը ստում է, չեմ սիրում, որ մարդու մեջ նախանձ կա, և չեմ սիրում, որ մարդը մարդուն ծաղրում է: Կարճ, համառոտ կարելի է ասել, որ սիրում եմ այս ամբողջ իմ թվարկած չսիրած բաների հակառակը:
– Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի երաժիշտը՝ քո կարծիքով:
– Կարծում եմ, որ երաժիշտը, ինչպես բոլոր արվեստագետները, պետք է լինի ազնիվ: Ազնիվ ասելով՝ ցանկանում եմ առանձնացնել այն, որ պետք է ազնիվ լինի իր զգացմունքների հետ: Չէ՞ որ արվեստն աշխարհի հետ հարաբերության ևս մեկ միջոց է: Պետք է շատ աշխատի, աշխատասեր լինի և, ամենակարևորը՝ եթե երաժիշտը ստեղծագործում է, պետք չէ ընկնել նրա հետևից, թե հանդիսատեսին ինչն է դուր գալիս, ինչը՝ չէ, այլ այստեղ ուզում եմ բերել հանրահայտ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի խոսքերից մի փոքր մեջբերում. նա ասում էր, որ չի ընդունում կոմերցիոն նպատակների կամ հանուն մոդայի ստեղծված երաժշտություն, իսկական երաժշտությունը պետք է սրտից բխի: Լիովին համաձայն եմ այս խոսքերի հետ, ցանկանում եմ նաև մեկնաբանել իմ խոսքերով. իմ կարծիքով՝ նա ասում էր, որ պետք է երաժիշտը գրի այն, ինչն իր սրտից է բխում, ինչ նա է ուզում, և ամենակարևորն այն է, որ երաժշտությունը, որը երաժիշտը գրել է, պետք է առաջին հերթին նրան դուր գա: Այսպիսով կարելի է մի եզրահանգման գալ, որ երաժիշտը պետք է լինի պրոֆեսիոնալ, որպեսզի կարողանա իր զգացմունքները ճիշտ արտահայտել երաժշտության միջոցով: Սա էր իմ կարծիքը, թե ինչպես պետք է լինի ցանկացած երաժիշտ:
Նաև, կարծում եմ, որ երաժիշտը պետք է պատկերացնի, թե ինչ է նվագում:
Օրինակ, ես նվագում եմ Ֆրանց Շուբերտի «Սերենադը». նվագելիս ես պատկերացնում էի, որ երգը սիրո մասին է, որտեղ աղջիկը և տղան վիճում են… տղան ասում է՝ լյա-սի-լյա-ռե, իսկ աղջիկը պատասխանում է՝ սոլ-լյա-սոլ-ռե: Եվ այդպես երգի ժամանակ կատարվում են բազմաթիվ պոռթկումներ, դաժան երկխոսություններ, դավաճանություն, և ամենակարևորը՝ վերջում երկու սիրահարների միացում… Ասածիս իմաստն այն է, որ երաժիշտը պետք է պատկերացնի, թե ինչ է նվագում, ինչի մասին է այն, որպեսզի կարողանա հանդիսատեսին փոխանցել այն զգացմունքները, որոնք կոմպոզիտորն է զգացել:
Արայիկ Մանուկյան
Ամբողջությամբ՝ thearmenians.am