«Հերիք է աչք փակել կատաստրոֆիկ երևույթների վրա». Փաշինյան
Advertisement 1000 x 90

«Հերիք է աչք փակել կատաստրոֆիկ երևույթների վրա». Փաշինյան

Այսօրվա դրությամբ՝ այս տարի Սևանից ոռոգման նպատակով բաց է թողնվել 140 մլն խմ-ից մի փոքր ավելի ջուր։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նախարարի համոզմամբ՝ այս տարի  էլ ջրբացթողնման կարիք  չի լինի, կամ կլինի շատ քիչ։

«Մենք ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չունեցանք, այլ նաև մոտ 30 մլն խմ-ով պակաս վերցրեցինք, որը մոտավորապես հավասար է այն ծավալին, որը նախորդ տարի ավելի վերցրել էինք։ Նաև ուզում եմ նշել, որ այս պահի դրությամբ 5 սմ-ով ավելի է Սևանա լճի մակարդակը և շատ ավելի բարձր կլիներ մակարդակը, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին»,- ասաց  նախարարը։

Վարչապետ Փաշինյանը, խոսելով  Սևանա լճի մասին, չկիսեց Էրիկ Գրիգորյանի լավատեսությունը և խոսեց խնդիրների մասին։

«Սևանի ափին հիմա կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են. մարդիկ աղտոտում են Սևանը, էդ աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ ու Կառավարությունից պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդեն՝ գնան իրենց աղտոտած ջրերում ու իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»,- ասաց  Փաշինյանը՝ կրկնելով, որ Սևանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի:

«Մարդիկ վնաս են հասցնում իրենց գործողություններով, հետո դրանց արդյունքների հետ առերեսվում են, հետո ճամփա են փակում ու ասում են՝ Կառավարություն, արի, լուծի։ Իսկ ո՞վ է ասել, որ էդ բոլոր հարցերը պետք է Կառավարությունը լուծի, դուք ձեր ոտի տակը մաքրեք։ Հերիք է աչք փակել կատաստրոֆիկ երևույթների վրա: Սևանում տեղեր կան, որ, եթե այնտեղ մի զբոսաշրջիկ հայտնվի, ում տեսնի, կասի՝ հանկարծ Հայաստան չգնաք»,- հավելեց Փաշինյանը։



Նման նյութեր