«Ավրորա» ֆորումի շրջանակում այսօր Դիլիջանի օրն է
Advertisement 1000 x 90

«Ավրորա» ֆորումի շրջանակում այսօր Դիլիջանի օրն է

Դիլիջանում «Ավրորա» ֆորումի շրջանակում այսօր կանցկացվեն բազմազան միջոցառումներ՝ կրթական համաժողովներից մինչև երաժշտական, մշակութային ծրագրեր, կլոր-սեղան քննարկումներից մինչև ցուցահանդես-վաճառքներ և UWC Դիլիջան դպրոցի 5-ամյակին նվիրված տոնակատարություններ, որոնք կմիավորեն UWC Դիլիջան դպրոցի ողջ համայնքին և հյուրերին:

Օրը կմեկնարկի Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում հիմնադրված UWC Դիլիջան դպրոցում «Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողովով, որը բաղկացած է լինելու 2 մասից՝ «Երիտասարդական Ավրորա» և Aurora Dialogues քննարկումներից:

UWC Դիլիջան միջազգային դպրոցի հնգամյակին նվիրված տոնակատարությունները անցկացվելու են դպրոցի տարբեր հատվածներում: Դպրոցի հիմնական քայլուղին կվերածվի համայնքային ծրագրերի ներկայացման, ձեռքի աշխատանքների և սննդի ցուցահանդես-տոնավաճառքի: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ UWC Դիլիջան դպրոցի սաներին, Դիլիջանի և այլ համայնքների միջև իրականացվող ծրագրերին, ձեռք կբերեն հետաքրքիր հուշանվերներ և կվայելեն դպրոցի 5-ամյակին նվիրված երեկոյան համերգը:

Այսօր UWC Դիլիջան միջազգային դպրոցում տեղի կունենա նաև Եվրոպական մշակութային խորհրդարանի 2019 թ. «Մարդասիրություն, մշակույթ, կրթություն» խորագրով համաժողովը:

«Ավրորա» ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած հյուրերը Դիլիջանում կմասնկացեն նաև «Կիրիլ Դեմյան» միության ակորդեոնի համերգին` նվիրված Դիլիջան քաղաքի 475 ամյակին:

«Ավրորա» ֆորումի միջոցառումներին զուգընթաց, քաղաքում տեղի կունենա Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցու 16 հիմնաքարերի օծման արարողությունը, ինչը մեծ կարևորություն ունի դիլիջանցիների համար:

Եկեղեցու կառուցումն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում: Ըստ նախագծի՝ նոր եկեղեցին տեղակայվելու է Աղստև գետի ափին՝ միտված լինելով զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները և դառնալով Դիլիջան քաղաքի սիրտը:

Արդեն կես դարից ավելի է, ինչ Դիլիջանը չունի սեփական եկեղեցին: Այսօր կրոնական ծառայությունները իրականացվում են Հին Դիլիջան հյուրանոցային համալիրում: Նոր եկեղեցու կառուցման շնորհիվ հոգևոր ծիսակատարություններին Դիլիջանում կկարողանա մասնակցել 300-ից ավելի բնակիչ:

Նոր կառուցվող եկեղեցին կհամալրի Դիլիջանում IDeA հիմնադրամի կողմից կյանքի կոչված մի շարք հաջողակ ծրագրերը, որոնցից են UWC Դիլիջան դպրոցը, Համայնքային կենտրոնը, բարեկարգված քաղաքային այգին, Արվեստների և արհեստների կենտրոնը (MADE) և Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը:

«Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը կոչված է խթանելու դրական զարգացումներ և նպաստելու մարդկության հավաքական ներուժի իրացմանը՝ միտված տեխնոլոգիական, գիտական, կրթական, սոցիալական և մարդասիրական ոլորտների հրատապ մարտահրավերների հաղթահարմանը:

«Ավրորա» ֆորումը մեկնարկել է հոկտեմբերի 14-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 21-ը:

Ֆորումն աշխարհին է ներկայանում իր՝  ավելի քան 150 բարի կամքի դեսպաններով՝ գլոբալ առաջնորդներ, որոնք ներկայացնում են քաղաքականության, գիտության, կրթության, գործարարության, ժամանցի, արվեստի և այլ ոլորտներ՝ հանձնառու այսօրվա ու վաղվա սերնդի առջև կանգնած հրատապ և համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը:

armradio.am



Նման նյութեր