Երկրաշարժն աղետ չէ։ Երկրաշարժը երկրաբանական երևույթ է։ Այսօր ԱԺ-ում կազմակերպված «Դիմակայուն Հայաստան» խորագրով խորհրդարանական լսումների ժակմանակ հայտարարեց Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը։
«Երկրաշարժն աղետ է, եթե մենք խոցելի ենք։ Եթե խոցելի չենք` աղետալի հետևանքներ չենք ունենում։ Հետևաբար, խոսել միայն այն մասին, որ մեղավորը երևույթն է, վտանգը, որը մեր գլխին գալիս է, այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց Մաթևոսյանը։
Անիի ավերիչ երկրաշարժից 700 և Գյումրիի երկրաշարժից 31 տարի անց էլ Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին։ Դրանում համոզվելու համար Մաթևոսյանը ներկաներին խորհուրդ տվեց ուղղակի դուրս գալ փողոց ու նայել շուրջը։
«Ես խնդրում եմ` քայլեք Երևանի փողոցներով, նայեք, թե 4 կամ 5 հարկանի շենքի մի անկյունում ինչպես է 6-րդ հարկ կառուցված։ Ուզում եմ հարց տալ. եթե շենքի մի անկյունում ծանրություն ես դրել, այդ շենքի դիմակայությունն ի՞նչ դարձավ։ Ամբողջ շենքը դու դարձրիր արդեն խոցելի։ Շենքը թեքում ենք մի կողմի վրա, հետո մեղադրում երկրաշարժին, թե երկրաշարժ եղավ ու մենք զոհեր ունեցանք»,– ասաց նա։
Հրդեհների դեպքում ևս, մասնագետի համոզմամբ, առավել հաճախ աղետը պայմանավորված է մարդկային գործոնով։
«Ինչպե՞ս կարելի է հանգիստ նայել, թե մարդն ինչպես է իր ծխախոտը նետում մեքենայի պատուհանից դուրս»,– ասաց Մաթևոսյանը։
Համլետ Մաթևոսյանն անվտանգ ապրելակերպի ու միջավայրի ձևավորման համար կարևորում է համապատասխան կրթության ու դաստիարակության խնդիրը` նշելով, որ այն, ինչ մարդն անում է Հայաստանում, իրեն թույլ չի տա անել որևէ այլ երկրում, որովհետև միջավայրը թույլ չի տա։
Լսումների ընթացքում հայտարարվեց նաև, որ Հայաստանը դասվում է աշխարհի ամենաաղետավտանգ երկրների շարքը։
Նշենք, որ ԱԺ–ում հրավիրված լսումները նվիրված են աղետների և ռիսկի նվազեցման միջազգային օրվան, որը ՄԱԿ–ի օրացույցով նշվում է ամեն տարվա հոկտեմբերի 13-ին։