Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի անմիջապես մայրուղու հարևանությամբ գտնվող անտառից հանվում են ականների վտանգի մասին հուշող ցուցանակներն ու ժապավենները, նշված վայրում այլևս ականներ չկան։
Ինչպես հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ու Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի գործակցությամբ՝ այս տարի կենտրոնի ականազերծողները 16180 քառակուսի մետր տարածք են մաքրել։
Նախորդ տարվա աշխատանքների հանրագումարում՝ համայնքային իշխանություններին է հանձնվել ընդհանուր առմամբ 25 հազար քառակուսի մետր ականազերծված տարածք։ Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք, այդ թվում՝ հակահետևակային ականներ, 125 մմ արկ, Ֆ1 տեսակի ձեռքի նռնակ։ Այս տարի ականազերծում է իրականացվում նաև Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում։
Հայաստանում ականապատ մարզերը 4 են՝ Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները ականազերծումից բացի պարբերաբար նաև ականների վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացնում Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցականների ու ուսանողների համար՝ սովորեցնելով անվտանգ վարքագծի կանոններ։