«Ես երբեք ոչ մեկի պարտք չեմ եղել, բայց շատ խոշոր հայ ընկերություններ ինձ պարտք են». Արա Աբրահամյան
Այսօր Ռուսաստանի հայերի միության (ՌՄՀ) նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց և Համաշխարհային հայկական կոնգրեսի ծավալած գործունեության արդյունքները՝ նշելով, որ իրենք իրենց պլանավորած բոլոր աշխատանքները կատարել են: Նա նշեց, որ Եվրասիական գործընկերության միջազգային ֆորումի մասին ինքը խոսել է նախագահ Սերժ Սարգայանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և ունի նրանց աջակցությունը:
Ըստ Արա Աբրահամյանի՝ սա տնտեսության համար շատ մեծ ռազմավարական նշանակություն ունեցող ֆորում է: «Հայաստանում չկա մեկ դպրոց, որում ռուսաց լեզվի երգերի փառատոնը մենք չանցկացնենք: Դա շատ կարևոր միջոցառում է, հիմա պլանավորում ենք՝ Ռուսաստանում անցկացնենք հայոց լեզվի, հայ երգի փառատոնը»,- նշեց Արա Աբրահամյանը:
Նա նաև անդրադարձավ Հյուսիսային պողոտայում իր ունեցած անավարտ շինություններին՝ նշելով, որ եթե ինքը 2017 թվականի համար պլանավորած իր ծրագրերը չիրականացնի, նա կհրաժարվի դրանցից. «Ինձ շատ են ասում՝ պարոն Աբրահամյան՝ դուք միշտ ասում եք՝ ամեն ինչ կարող եք, կարևոր մարդ եք, հնարավորություններ ունեք, բա ինչո՞ւ Հյուսիսային պողոտան չեք վերջացնում: Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մի բան սխալ եմ արել: Ես ձեզ ասեմ՝ ոչինչ մենք սխալ չենք արել՝ Հյուսիսային պողոտայի հետ կապված: Ես այստեղ 100 միլիոն դոլարի ներդրում եմ արել:
Կան մի քիչ իրավաբանական, տնտեսական խնդիրներ, եթե ես 2017 թվականին իմ ծրագրերը չիրականացնեմ, Հյուսիսային պողոտան ես կհանձնեմ, այն 95 տոկոս պատրաստ է, այն կարող եմ այսօր վաճառել: Կային խնդիրներ, ես երբեք ոչ մեկի պարտք չեմ եղել, բայց շատ խոշոր հայ ընկերություններ ինձ պարտք են: Այսօր իմ ընկերությունը չունի 1 դոլարի պարտք»:
Անի Քեշիշյան