Սթիվ Իսթերբրուքը հեռացել է McDonald՚s արագ սննդի ռեստորանների ցանցի նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնից՝ ստորադրյալ կնոջ հետ սիրավեպի պատճառով, նրան փոխարինել է Քրիս Քեմփզինսկին: Այդ մասին ասված է McDonald՚s-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Քեմփզինսկին դարձել է Սթիվ Իսթերբրուքի փոխարինորղը, որն ընկերությունից հեռացել է այն բանից հետո, երբ դրա ղեկավարությունը հանգել է այն եզրակացության, որ նա խախտել է ընկերության քաղաքականությունը եւ դրսեւորել ողջամտորեն դատելու վատ ունակություն՝ վերջերս փոխադարձ համաձայնությամբ փոխհարաբեությունների մեջ մտնելով աշխատակցուհու հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Դա սխալ էր»,- խոստովանել է 52-ամյա Իսթերբրուքն էլեկտրոնային փոստով ուղերձում, որը մեջբերում է The Wall Street Journal թերթը: McDonald՚s-ի նոր նախագահը եւ գլխավոր տնօրենն ավելի վաղ գլխավորել է ընկերության ստորաբաժանումն ԱՄՆ-ում եւ պատասխանատու էր արագ սննդի մոտավորապես 14 հազար ռեստորանների գործարարության համար: Նոյեմբերի 3-ին նա մտել է տնօրենների խորհրդի կազմ: McDonald՚s-ն ԱՄՆ-ի կորպորացիա է, որն արագ սննդի ռեստորանների՝ աշխարհում խոշորագույն ցանցերից մեկի սեփականատերն է: Այն հիմնվել է 1940 թվականին Սան Բեռնարդինոյում (Կալիֆոռնիայի նահանգ): Ներկայում նրա կենտրոնակայանը գտնվում է Չիկագոյում (Իլինոյսի նահանգ): Ընկերությունն ունի 38 հազարից ավելի ռեստորան աշխարհի ավելի քան 100 երկրում, ներառյալ Ռուսաստանում: