ՅՈւՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Է. Միտրոֆանովայի՝ «Նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզվին պետք է հատուկ՝ օրենսդրական կարգավիճակ տալ, և այդ հարցը պետք է լինի ՌԴ արտաքին քաղաքական օրակարգում» հայտարարությունը հայ լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը հայոց լեզվի նկատմամբ ոտնձգություն է համարում: «Միջամտություն այլ երկրի ներքին գործերին: Ես վստահ եմ, որ Հայաստանի հանրապետությունը՝ հայ ժողովուրդն ու իշխանությունները, շատ գեղեցիկ հակահարված կտան՝ իսպառ մերժելով, որովհետև նման ոչ պահանջ, ոչ հիմք կա: Դա անհեթեթությունների շարքին է պատկանում, ով էլ որ այդ կարծիքը հնչեցրած լինի՝ կին, թե՝ տղամարդ, բարձր պաշտոնյա, թե ցածր պաշտոնյա»,- Aravot.am-ին ասաց լեզվաբանը:
Անդրադառնալով ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հայտարարությանը, թե ռուսերենը, ինչպես շատ այլ լեզուներ, խորացման կարիք ունեն՝ պարոն Գյուրջինյանը նկատեց, որ այդ հայտարարության մեջ ենթատեքստ չպետք է փնտրել. «Մարդը, եթե ասել է խորացված ուսուցում կամ ուսուցումը պետք է ավելի լավ լինի, այդպես էլ պետք է հասկանալ: Նույն կերպ հայոց լեզուն էլ հենց Հայաստանում խնդիր ունի. ե՛ւ դպրոցական, ե՛ւ համալսարանական ուսուցման թե որակը, թե բովանդակությունը պետք է արմատապես փոխվեն: Ինչ վերաբերում է ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, պարսկերենին այդ լեզուները պետք է տեղ ունենան մեր հանրակրթության մեջ այս կամ այն չափով, բայց որևէ մեկին չպետք է առավելություն տրվի, որովհետև բոլորն էլ անխտիր օտար լեզուներ են մեզ համար՝ ռուսերենից սկսած մինչև պարսկերեն»: Ըստ լեզվաբանի, այնքան էլ հեշտ չի լինի Հայաստանում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ, որովհետև. «Հեշտ չէ նման բան առաջարկելն ու անելը, խորհրդային միության տարիներին նույնիսկ խորհրդային Հայաստանի պետական լեզուն հայերենն էր, գոնե Սահմանադրության մեջ դա արձանագրված էր: Հիմա մեր հանած աղմուկը մի քիչ վախի նման է, այո՛ ունենք ռուսախոսներ, Ռուսաստանի հայեր, բայց դա մեզ չի հուզում, որովհետև դա ուրիշ հարց է ու ուրիշ հարթության մեջ է լուծվելու»:
Ամբողջությամբ՝ aravot.am