«Մտերիմներիցս մեկն ինձ ասաց՝ աղջիկ ջան, ուշքի արի…». անկեղծ զրույց Նաիրա Զոհրաբյանի հետ. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մտերիմներիցս մեկն ինձ ասաց՝ աղջիկ ջան, ուշքի արի…». անկեղծ զրույց Նաիրա Զոհրաբյանի հետ. armeniasputnik.am

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ամեն օր մոտ 10 կմ քայլում է, ցատկում պարանով, օղակ պտտում: Կեսօրին անպայման վարսակի փաթիլներով ու չիայի սերմերով մածուն է ուտում: Նա ունի հստակ գրաֆիկ, որը կարող է միայն Գագիկ Ծառուկյանը փոխել:

Գրեթե 1 տարի առաջ ոճային կտրուկ փոփոխություն արած` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր այդ քայլով զարմացրեց գործընկերներին ու հասարակությունը, իսկ Ադրբեջանում սկսեցին քննարկել նրա փոփոխությունը` հավաստիացնելով, որ որքան Զոհրաբյանը գեղեցկանում է, այնքան խիստ են դառնում նրա ելույթները ԵԽԽՎ-ում: Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է իր ոճային փոփոխության, հագուստի, դիմահարդարման գաղտնիքների, օրվա գրաֆիկի ու թշնամիներից չվախենալու մասին։ Զրուցել է Աստղիկ Սուքիասյանը։

– Ի՞նչը ստիպեց ձեզ ոճային փոփոխություն անել։

– Առհասարակ արտաքին տեսքիս նկատմամբ շատ պահպանողական եմ: 10-րդ դասարանից սկսած` Կլեոպատրային հիշեցնող սանրվածքս չէր փոխվել: Մարդկանց մոտ արդեն տպավորություն էր ստեղծվել, որ այդ սանրվածքով թաքցնում եմ իմ տգեղ ճակատը, դեմքի օվալի հետ կապված խնդիր ունեմ։ Նախորդ տարի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ «Վոգ» ամսագիրն ինձ առաջարկեց ֆոտոշարք անել, բայց պայմանով, որ պետք է սանրվածքն ու դիմահարդարումն իրենք անեն։ Մտերիմ ընկերներիս ճնշման տակ համաձայնեցի, սակայն ես էլ պայման դրեցի, որ մազերիս գույնն ու երկարությունը չփոխեն։ Թվում է, թե իմիջային փոփոխությունս կտրուկ է եղել, բայց այդպես չէ։ Ընդամենը ճակատիս  մազափունջն է վերացել։ Քույրս և դուստրս մինչև հիմա էլ չեն հարմարվում այս սանրվածքին։ Բայց քանի որ դրական արձագանքները շատ էին, իսկ ես կողմնակից եմ մեծամասնության կարծիքին, ուստի որոշել եմ սանրվածքս չփոխել:

Գիտեմ, որ համագործակցում եք հագուստի դիզայներների հետ, կնշե՞ք` կոնկրետ որ դիզայներների հավաքածուներից եք օգտվում: Ի՞նչ հաճախականությամբ եք պատրաստի հագուստ գնում:

– Երկու հայ դիզայներների հետ եմ համագործակցում: Նրանցից մեկը Գևորգ Շադոյանն է, որն ինձ համար տաղանդավոր դիզայներ է։ Համագործակցում եմ նաև ֆրանսիական «Իմպերատրիս» դիզայներական կենտրոնի տնօրեն Արայիկ Մարգարյանի հետ, որն ավելի քան 20 տարի ապրում է Ֆրանսիայում։ Ես ունեմ իր հավաքածուներից վերարկուներ, բաճկոններ, կոստյումներ։ Դրանք հետաքրքիր օձիքներ ունեն, թագավորական հագուստ են հիշեցնում։ Ինչ վերաբերում է պատրաստի հագուստ գնելուն, ապա մի վատ սովորություն ունեմ, որ մի զգեստը 2-3 անգամից ավել չեմ կարողանում հագնել,իհարկե այս պարագայում շահում են քույրերս (ծիծաղում է), քանի որ դրանք նվիրում եմ նրանց:

– Հագուստի ապրանքանիշն ու գինը ձեզ համար նշանակություն ունի՞:

– Հիմնականում նախընտրում եմ հայտնի ապրանքանիշներից հագուստ գնել. CHANEL, Dior, Nina Ricci ապրանքանիշերի կոստյումները ոչ միայն դասական են, այլև ժամանակակից: Իհարկե, դրանք գնելը շատ թանկ հաճույք է, չեմ կարող ինձ մշտապես նման ճոխություն թույլ տալ: Յուրաքանչյուրից 1-2 զույգ ունեմ: Իմ նախընտրած կոշիկները միշտ բրենդային են: Ավելի լավ է գնել 1-2 զույգ, բայց դրանք լինեն որակյալ և հարմարավետ, քան տարեկան գնել 5-6 զույգ, բայց անհասկանալի ծագման և անորակ: Եթե հագուստը կարող եմ ինչ-որ կերպ հարմարեցնել, ապա պայուսակն ու կոշիկները պետք է հստակ իրենց խոսքն ասեն՝ ամբողջացնելով իմ կերպարը:

– Ո՞ր գույներն են գերակշռում ձեր զգեստապահարանում։

-Ես շատ եմ սիրում սև, սպիտակ և կարմիր գույները, դրանք ինձ սազում են: Չեմ սիրում կորալը, բաց երկնագույնը, նարնջագույնին միաձուլված դեղինը:

– Ի՞նչ եք հագնում առօրյայում` ԱԺ–ի պատերից դուրս:

– Առօրյայում նախընտրում եմ սև ֆոնի վրա վառ կարմիր և կանաչ ծաղիկներով հագուստ: Այս եղանակին սիրում եմ հագնել լայն գործած բլուզներ և ջինսե տաբատներ: Իսկ կոշիկներից նախընտրում եմ «բալետկաներ», որոնց կոլեկցիա ունեմ: Տանը միայն մի պահարան հատկացրել եմ իմ կոշիկներին:Մայրս հաճախ է ինձ հետ վիճում, որ տանը կոշիկներս չեն տեղավորվում:

Նաև նշեմ, որ ամսվա մեջ մեկ օր ես և դուստրս իմ քույրերի և նրանց դուստրերի հետ այցելում ենք մանկատան աղջիկ շրջանավարտներին, որոնք ապրում են հանրակացարաններում: Մեզ հետ տանում ենք այն հագուստը, կոշիկները, որոնք գուցե 2-3 անգամ ենք հագել: Մեր այցն աղջիկների համար իսկական տոն է լինում:

– Պատրա՞ստ եք կրկին ոճային փոփոխությունների դիմել։

– Այս պահին պատրաստ չեմ: Առավելագույնը, որը ես բանակցությունների միջոցով գուցե փոխեմ, մազերիս գույնն է, որը սևից միգուցե դառնա «մուգ շոկոլադ»: Մի անգամ որոշեցի մազերիս հետ էքսպերիմենտ անել և ավելի բաց երանգ ներկել։ Ստացված երանգն ուղղակի աղետ էր՝ Շեքսպիրյան ողբերգություն: Հիշում եմ, թե ինչպես վարսավիրանոցից եկա տուն և մազերս կրկին սև ներկեցի:

Ինչ վերաբերվում է սանրվածքին, ապա բացառվում է, որ ինձ երբևէ կարճ սանրվածքով տեսնեք: Ես ծիծաղով եմ հիշում, որ ուսանողության տարիներին մազերս շատ խիտ էին և փարթամ, ինչից շատ էի սրտնեղում։ Բոլորից թաքուն բարձրացնում էի մազերս ու արանքներից խրձերով կտրում, որպեսզի ծավալը կորեր:

– Աքսեսուարների հարցում նախասիրություններ ունե՞ք։

— Բիժուտերիա երբեք չեմ կրել, չեմ սիրում: Անգամ արծաթյա զարդերն եմ դժվարությամբ կրում, չնայած որ 3 հատ շատ հետաքրքիր Վասպուրականի վզնոցներ ունեմ, որոնք նվեր եմ ստացել: Ես ունեմ բռոշների հավաքածու, որոնք բոլորն էլ ոսկուց են և թանկարժեք քարերով՝ ադամանդ, զմրուխտ, ռուբին: Իմ թուլությունը բնական քարերն են: Ես կարող եմ 5-6 տարի գումար հավաքել, բայց ունենալ իմ նախընտրած բռոշը: Միակ թանկարժեք քարը, որը երազում եմ ունենալ Ալեքսանդրիտն է: Իհարկե, չեմ կարծում, որ երազանքս մի օր կիրականանա, որովհետև բնության մեջ այդ քարը հազվադեպ է հանդիպում և շատ թանկ է: Ժամացույց կամ ակնոց շատ քիչ եմ կրում, չնայած, որ յուրաքանչյուրից  2-3 զույգ ունեմ ու բավականին թանկ են: Քաղքենիության խնդիր չկա, ուղղակի հայտնի ապրանքանիշներն են արդեն մասնագիտացված են, իրենց արտադրանքը հարմարավետ է, որակյալ:

– Գիտեմ, որ տնային գործերից չեք խուսափում: Ինչպե՞ս եք ամեն ինչ հասցնում և միաժամանակ միշտ խնամված տեսք ունեք։

– Գուցե մարդիկ զարմանան, բայց ես շատ տնարար եմ, արագաշարժ: Սիրում եմ իմ ձեռքով մաքրել տունը, պատուհանները: Նույնիսկ կարող եմ իդեալական մաքուր պատուհաններ ունենալու իմ տարբերակն առաջարկել: Սկզբում ուղղակի ջրով եմ մաքրում, այնուհետև նաշադիրով և վերջում չորացնում եմ թերթով:

Ինչ վերաբերում է խնամված լինելուն, ապա ես մի ոսկե կանոն ունեմ, եթե մարդ անում է ամեն ինչ ճիշտ ժամանակին, ապա ցանկացած բան կարող է հասցնել: Ես սիրում եմ օրվա գրաֆիկս կազմել: Եթե որոշել եմ, օրինակ, մարզասրահ գնալ, ապա կգնամ, եթե անգամ աշխարհն էլ շուռ գա, իհարկե եթե ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակ չէ կամ Գագիկ Ծառուկյանը չի կանչել: Միայն նա կարող է իմ կազմած օրվա գրաֆիկը փոփոխել:

Բոլորն էլ գիտեն, որ ամուսնացել եմ երիտասարդ տարիքում, ուսանողության տարիներին երեխա եմ ունեցել, բայց դա ինձ չի խանգարել կարմիր դիպլոմով ավարտել Թատերական ինստիտուտը, սկսել լրագրողի, ապա քաղաքական գործչի իմ կարիերան:

Այժմ աշխատում եմ իմ «Առողջ սննդակարգ հանրային գործիչների համար» գրքի դիզայնի վրա: Ինքս ժամանակի սղության պատճառով մինչև ժամը 12.00–ն ոչինչ չեմ ուտում: Իմ նախաճաշը մեկ բաժակ մածունն է, որի մեջ լցնում եմ վարսակի թեփ և չիայի սերմեր: Օրվա մեջ օգտագործում եմ ֆրեշներ, որոնց մեջ կա մաղադանոս, վարունգ, խնձոր, կիտրոն և կոճապղպեղ: Մարմինը ձիգ պահելու համար օրվա մեջ մինչև 10 կմ քայլում եմ, պարանով ցատկում, օղակ պտտում: Շաբաթական մեկ կամ երկու անգամ հաճախում եմ մարզասրահ, լողի:

– Օրվա մեջ որքա՞ն ժամանակ եք հատկացնում ձեր արտաքինին։

– Իմ դիմահարդարումը միշտ ինքս եմ անում: 4 անգամ եմ դիմահարդարի մոտ գնացել, ինձ չի գոհացրել, եկել եմ տուն և լվացվել: Առավոտյան կես ժամն ինձ լիովին բավական է: Տոնային քսուք և թարթիչների ներկ երբեք չեմ օգտագործում, ստվերաներկը պետք է շատ նուրբ լինի։ Աչքերս ընդգծում եմ սև մատիտով:

Ինչ վերաբերվում է մաշկի խնամքին, ապա երեկոյան դեմքս լվանալուց հետո օգտագործում  եմ շիի, ավոկադոյի և ծիրանի կորիզի յուղ: Մաշկի համար թանկ քսուքներ չեմ օգտագործում, նախընտրում եմ բնական միջոցներ: Վստահ եմ` եթե հետևեք այս խորհուրդներին, տարիները ձեր կողքով կանցնեն:

– Ես գեղեցիկ եմ, որովհետև…

– Որովհետև մարդու գեղեցկությունը գալիս է ներսից: Պետք է լինել ներդաշնակ սեփական հոգու և մտքերի հետ: Օրինակ` ես ոչ ոքի չեմ նախանձում, մարդկանց վատը չեմ ցանկանում: Տարիներ առաջ մտերիմներիցս մեկն ինձ ասաց՝ աղջիկ ջան, ուշքի արի, և նվիրեց ինձ Ռեյչլ Հոլիսի համանուն գիրքը: Դրանից հետո ազատվեցի ներքին բոլոր բարդույթներից: Ես անտարբեր եմ բոլոր նրանց հանդեպ, ովքեր ինձ ակնհայտ չեն սիրում: Երբեք չեմ վախենում թշնամիներ ունենալուց, նրանք ինձ ավելի են մոտիվացնում:

armeniasputnik.am



Նման նյութեր