Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:00-ից 03:30-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեվազ գյուղի Արագածի 7-րդ նրբանցքի 12 տան բնակիչ, 67-ամյա Գրիշա Պետրոսյանը ձայներ է լսել ու տանից դուրս գալով, նկատել է գայլին և ձեռքին եղած եղանը շպրտել գայլի ուղղությամբ:
Գայլը դիմել է փախուստի, ինչից հետո Գ. Պետրոսյանն ու նրա կինը՝ 61-ամյա Սուսաննա Պետրոսյանը հայտնաբերել են, որ իրենց տան դիմաց գտնվող, իրենց պատկանող ոչխարների մեծ մասը հոշոտված են: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները այդ ժամին կատարվածի մասին տեղուկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել են ոստիկանության ծառայողները, ովքեր արձանագրել են փաստը:
Այս պահին ժամանել է Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը, ով կատարվածի մասին տեղեկացրել է նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին: Այս պահին համայնքի ղեկավարի կանչով ժամանել է նաև համայնքի անասնաբույժ Հրայր Ներսիսյանը, ով համայնքի ղեկավարի հետ արդեն ուսումնասիրում են խնդիրը, քանի որ կան մեծ թվով ոչխարներ, որոնց մի մասը սատկել են, մի մասն էլ վիրավոր են և, ըստ անասնաբույժի՝ մեծ մասը ապրելու ենթակա չէ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում համայնքի ղեկավար Հ. Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքը խոսել է նաև նշված համայնքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Սերգեյ Մովսիսյանի հետ, ով խոստացել է հնարավորության սահմաններում օգնել տուժած ընտանիքին:
Համայնքի ղեկավարն ու մարզպետն էլ նույնպես պատրաստակամություն են հայտնել օգնության ձեռք մեկնել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած ամուսինների հարևաններն ասում էին. «Ամուսիններով գտնվում են սոցիալապես անապահով վիճակում: Ունեն առողջական լուրջ խնդիրներ, ընտանիքն էլ բաղկացած է 12-ից ավելի անդամներից:
Իրենց գոյությունը պահպանում էին էս ոչխարները պահելով և ստացած եկամուտի մեծ մասը ծախսում էին դեղերի վրա, քանի որ առողջական խնդիրներ ունեն: Գյուղապետը առաջին պահից այստեղ է ու գիտենք, եթե ձեռքին մի շանս լինի, ինքը հաստատ կանի, բայց ուզում ենք հավատալ, որ մարզպետն ու պատգամավորը անօգնական չեն թողնի, մենք էլ մեր կողմից խնդրում ենք նրանց, որպեսզի սատար կանգնեն ամուսիններին:
Գելը հոշոտել է 35 ոչխարներից 24-ին, որոնց մի մասը պետք է ծնեին: Տարիներ առաջ նմանատիպ դեպք եղել էր գյուղի ծայրամասում գտնվող հատվածում, բայց որ արդեն գյուղի կենտրոնում են գելերն իրենց սև գործն անում, այսօր ականատես եղանք»: Այս պահին համայնքի ղեկավարի և անասնաբույժի գլխավորությամբ մի քանի վիրավոր ոչխարների մորթ են անում և մորթելուց հետո հայտնաբերեցին, որ մորթած մայր ոչխարների ընկերքում կան զույգ գառներ:
SHAMSHYAN.com-ը նույնպես խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի ով ինչով կարող է օգնության ձեռք մեկնեն ամուսիններին: