Գորգին Խանը (Գրիգոր Հարությունյան), Բենգալիայում 1760-63 թթ. անգլիական գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազատագրական պայքարի ամենաակնառու դեմքերից է
Advertisement 1000 x 90

Գորգին Խանը (Գրիգոր Հարությունյան), Բենգալիայում 1760-63 թթ. անգլիական գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազատագրական պայքարի ամենաակնառու դեմքերից է

ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Հնդկաստան եվրոպացիների թափանցելուց առաջ՝ հայերն այստեղ ունեին ազդեցիկ ներկայություն։ Հիմնականում հայ վաճառականների ձեռքում էր գտնվում երկրի արտաքին առեւտուրը։

Հայերն հանդիսանում էին Հնդկաստանի ու Արևմուտքի միջև առևտրի գլխավոր միջնորդներ եւ եվրոպական շուկաները ողողում էին մեծ պահանջարկ ունեցող հնդկական ապրանքներով: Հայ խոջաները մենաշնորհ ունեին համեմունքների, բեհեզի ու թանկարժեք քարերի առևտրի ոլորտում, զբաղեցնում էին պետական բարձր պաշտոններ։

Անգլիական, ֆրանսիական ու հոլանդական արեւելա-հնդկական ընկերությունները Հնդկաստանում իրենց գործունեության առաջին շրջանում գործակիցներ էին փնտրում հայ վաճառականների շրջանում։

Իրենց ներկայությունը Հնդկաստանում ամրապնդելու համար անգլիական Արեւելա-հնդկական ընկերությունը 1688 թ․ հունիսի 22-ին պայմանագիր կնքեց հայ համայնքի ներկայացուցիչ խոջա Փանոս Քալանթարյանի հետ, որով հնդկահայ վաճառականներն անգլիական նավերով իրենց ապրանքները տեղափոխելու, անգլիական գաղութներում անարգել առեւտուր անելու, կալվածքներ գնելու ու պաշտոններ վարելու հնարավորություն ստացան։

Հնդկաստան անգլիացիների ոտք դնելուց հետո՝ մեծ մրցակցություն սկսվեց նրանց ու հայերի միջեւ։ Օր-օրի հայերը դուրս էին մղվում առեւտրական շուկաներից։ Մեծ քաղաքներում հայկական համայնքները արագ քայքայվում էին եւ հայերն աստիճանաբար տեղափոխվում էին գաղութայնացումից ազատ շրջաններ։ Հայ առեւտրականների նավերի վրա հարձակումներն ստացան պարբերական բնույթ։

Անգլիացիների բացահայտ հալածանքների պայմաններում՝ հնդկահայերի շրջանում լեռնանում էր թշնամանքը եւ մեծանում հնդիկ ժողովրդի ազատագրական պայքարին աջակցությունն ու մասնակցությունը։

Գորգին Խանը (Գրիգոր Հարությունյան) Բենգալիայում 1760-63 թթ. անգլիական գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազատագրական պայքարի ամենաակնառու դեմքերից է՝ Բենգալիայի բանակի գլխավոր հրամանատարը։ Նա մինչ այդ զբաղվել է կտորեղենի առեւտրով, բայց երբ զինվորականի պաշտոն են վստահել՝ դրսեւորել է տաղանդավոր ռազմական առաջնորդի ունակություններ:

Կարճ ժամանակում ստեղծել է քառասուն հազարանոց բանակ, կազմակերպել հրացանների արտադրություն ու հրանոթների ձուլման գործարան: Այս գործին ակտիվ մասնակցություն են ունեցել հայ զինագործները, որոնց ղեկավարն էր խոջա Շահնազարը։ 1761 թ. նրա ձուլած «Զամ-զամա» կոչվող հրանոթը այժմ էլ ցուցադրվում է Հնդկաստանի Լահոր քաղաքի թանգարանում։

1760թ. աշնանը Բենգալիան հռչակում է իր անկախությունը։ Անգլիացիները քանիցս փորձում են հայերին գրավել իրենց կողմը, բայց ապարդյուն։ Գաղութարարներին չի հաջողվում կոտրել Գորգին Խանի զորքերի դիմադրությունը։ Ի վերջո, անգլիացիներին հաջողվում է դավադրաբար սպանել հայորդուն։ Օգտվելով այն բանից, որ հրամանատարն առանց թիկնապահի շրջում էր բանակում՝ դավադիրները մոտենում են նրան եւ դաշունահարում։ Այդ ժամանակ նա 33 տարեկան էր:

Բենգալիայի կառավարիչ Միր Քասիմի բանակում ծառայում էին նաեւ այլ բարձրաստիճան հայ զինվորականներ: Նրանցից մեկը` Հայ Մարգարը (Մարգար Քալանթար), մինչ Հնդկաստան տեղափոխվելը ծառայել էր Հոլանդիայում եւ հասել գեներալի աստիճանի: Անձնվեր ու գերազանց ծառայության համար Միր Քասիմը գեներալ Մարգարին շնորհել է իշխանի տիտղոս։ Ընդհանուր առմամբ, Միր Քասիմի սպարապետ Գորգին Խանի բանակում ծառայել է շուրջ 100 հայ սպա, հազարավոր հայ զինվորներ։

Ապստամբությունն արյան մեջ խեղդելուց հետո՝ անգլիացիներն սկսել են դաժան բռնությունների ենթարկել խաղաղ բնակչությանը։ Թալանին ու ջարդերին հաջորդել են սովն ու համաճարակները, որոնց հետեւանքով 1769-1770 թթ․ ոչնչացել է Բենգալիայի բնակչության շուրջ 30%-ը՝ մոտ 10 միլիոն մարդ։

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: