Անտեղյակ ու էմոցիոնալ փոխնախարարները. 4rd.am
Advertisement 1000 x 90

Անտեղյակ ու էմոցիոնալ փոխնախարարները. 4rd.am

Ֆեյսբուք սոցիալական կայքում բացվել է «Փրկենք տպարանի շենքը» էջը, որում քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնում Գևորգ Քոչար 21 հասցեում գտնվող «Տպարանի շենքում» ընթացող շինարարական աշխատանքների մասին: Պարզվում է, այս առնչությամբ բարձրացված աղմուկը անհանգստացրել էր ԿԳ նախարարության պաշտոնյաներին՝ ի մասնավորի փոխնախարարներ Նարինե Թուխիկյանին և Արա Խզմալյանին:

Նրանք այդ առիթով մամուլի ասուլիս էին հրավիրել՝ պարզաբանելու, թե ինչո՞ւ է հենց տպարանի շենքում   հարկաբաժին ավելացվելու Մնջախաղի պետական թատրոնի հատկացվելու համար: Ճեպազրույցին մասնակցում էր նաև Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Կար ևս մեկ հյուր՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը: Վերջինս ճեպազրույցին էր ներկայացել փաստաթղթերի կապուկով զինված: Նրա առաքելությունը՝ շինթույլտվության առկայությունն արդարացնելն էր, ինչպես նաև փաստթղթերով ապացուցելը, որ ոչ թե մեկ հարկ է ավելացվելու շենքի տանիքին, այլ ներսից առաստաղի մի հատվածն են 1,5 մետր բարձրացնելու:

Ասուլիսի հենց սկզբից պարզվեց, որ Կրթության գիտության, սպորտի և մշակույթի հարցերով փոխնախարար Խզմալյանը ակնհայտորեն տրամադրված էր ճեպազրույցը զավեշտի ժանրով տանելու: Դիմելով իր խոսքով՝ «բազմաչարչար պարոն Դադասյանին», նա ասաց. «Պարոն Դադասյան, էդ թատրոնի բացման ժամանակ կամ Դուք երջանկությունից ուշագնաց եք լինելու, կամ մինչև էդ շինարարության ավարտը հրաժարվելու եք դրանից»:

Այնուհետև անդրադառնալով մասնագիտական խորհուրդների գործունեությանը, Խզմալյանը մեջբերում արեց Հակոբ Պարոնյանից, ում խոսքով՝ մասնագիտական խորհրդի գործունեությունն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է մեկ այլ մասնագիտական խորհուրդ ստեղծել: Այսպիսով Խզմալյանը զրոյացրեց մասնագիտական խորհուրդների դերը որևէ գործառույթում: Կոնկրետ այս դեպքում՝ տպարանի շենքի հարցում:

Ի դեպ, Կրթության գիտության, սպորտի և մշակույթի հարցերով փոխնախարար Նարինե Թուխիկյանը ևս հետ չմնաց իր կոլեգայից: Նա հայտարարեց, որ  Քոչար 21 հասցեն գրանցված չէ որպես պատմամշակութային արժեք, ավելի հստակ` այդ շենքի որոշ հատվածներ ներառված են հուշարձանների ցանկում, բայց ոչ այդ հատվածը։ Նրա խոսքը մեջբերում ենք առանց խմբագրման.

«Գիտեք ինչ, եթե մենք վերադառնանք անցյալ, ուրեմն հավատացեք մեկ վայրկյան չենք ունենալու էսօրվա ու ապագայի համար: Եկեք ինչ որ եղել է, եղել է, մենք խնդիր ունենք առաջ գնալու: Մեզ անընդհատ այս ինտերվենցիաներով-բանով ուզում են հետ կանգեցնել կամ արգելափակել աշխատանքը: Եթե մենք տրվենք, ուրեմն ոչ մի տեղ չենք հասնելու, դրա համար, ավելի լավ է առաջ նայենք և մեր ծրագրերից խոսենք: Հիմա դառնանք էս խնդրին: Էս չնաշխարհիկ շենքը, որ բավականին մեծ ծավալ ու տարածք ունի և մի քանի փողոցներ է ներառում իր մեջ, նաև հուշարձանների ցանկում է գրանցված, բայց շատ հետաքրքիր մի դրվագ կա այս հուշարձանների ցանկում, որը կառավարության որոշմամբ հաստատված է: Ուրեմն, գրքի պալատի շենքը, որ Իսահակյան, Տերյան, Կորյուն և Քոչար հատվածներով է պարփակված, այն հատվածը, որ հիմա խնդրո առարկա է՝ Քոչար 21-ը նշված չի իբրև հուշարձանային մաս: Հիմա սա վիճարկման նյութ է տալիս, նշված է՝ Տերյան, Իսահակյան, Քոչար 4 հասցեն: Այսինքն, հենց այս կտորը ոնց որ թե չէ, այսինքն այս ցուցակում ներառված չի: Սա վիճահարույց հարց են համարում մասնագետները և մտածում են, որ գուցե վրիպակ է եղել: Հիմա սա չխորանանք վրիպակ է եղել, թե վրիպակ չի եղել, ամեն դեպքում սա լուրջ փաստաթուղթ է, 16/16 որոշումը, որպեսզի հիմք լիներ առանց գիտամեթոդական այսպես ասած նիստ մտցնելու հարցը, ուղղակի սովորական ընթացակարգով, միայն այն բանով որ ինքը տարածքում է հուշարձանի, այս մասով ուսումնասիրվի: Բայց մի երկու անգամ դա դրել ենք մեթոդական հանձնաժողովի նիստի, մեկ անգամ պակասող փաստաթղթեր կային և ինչ-որ անհամաձայնություններ կային մասնագետների և ներկայացնողների միջև, այդ փաստաթղթերը հետ ուղարկվեցին վերամշակման, որից հետո այդ վերամշակված տարբերակը ներկայացվել է»:

Փաստորեն փոխնախարարը չի հերքում, որ շենքի հուշարձանների ցանկից դուրս մնալը կարող է վրիպակ համարվել, բայց պնդում է, որ չի ուզում խորանալ վիճահարույց թեմայի մեջ, քանի որ անցյալ վերադառնալով՝ ապագային չեն հասնի: Սա եղավ մեկ ժամ տևած ասուլիսի ընթացքում Նարինե Թուխիկյանի կողմից հնչեցված միտքը:

Փոխարենը ասուլիսի ամբողջ ընթացքում անընդհատ դժգոհելու թեմաներ էր հիշում փոխնախարար Արա Խզմալյանը: Իր խոսքում նա ընդգծեց, որ ուզում է ուշադրություն հրավիրել մի շատ կարևոր խնդրի վրա: «Ես և տիկին Թուխիկյանը չափազանց զգայուն ենք և կոռեկտ ենք մեզանից առաջ աշխատող բոլոր նախարարների, փոխնախարարների, ոլորտի բոլոր պատասխանատուների հանդեպ: Մինչև այսօր որևէ լրատվամիջոց չի կարողացել որևէ գնահատական պոկել իմ նախորդների աշխատանքի վերաբերյալ ու եթե նախարարության նախկին գործընկերները շարունակեն կոռեկտությունից դուրս ձևակերպումներով հանդես գալ ներկայիս նախարարության և ոլորտի պատասխանատուների մասին, իրենք ստիպված կլինեն գնահատական տալ այն ժառանգությանը, որ ստացել ենք»: Խզմալյանը թեև անուններ չհնչեցրեց ու ասաց, որ հասցեատերը կհասկանա, որ իր մասին է խոսքը, սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ խոսքը վերաբերում է Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանին, որը ըստ Խզմալյանի՝ տպարանի շենքի շուրջ բարձրացված աղմուկի հեղինակներից մեկն է:

Ճեպազրուցի ևս մեկ բանախոս, Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն էլ կարծում է, որ թատրոնի շենքի կառուցման շուրջ բարձրացված աղմուկը մեկ բանի մասին է խոսում` ինչ-ինչ միտումներ և պատվիրատուներ կան այդ ամենի հետևում։

«ՉԻ» հարցին, թե Ժիրայր Դադասյանի ցանկությո՞ւնն է եղել, որ Մնջախաղի պետական թատրոնը տեղակայվի հենց տպարանի շենքում և ինչո՞ւ է Դադասյանը նախընտրել հենց այդ շենքը, վերջինս պատասխանեց.

«Իմ ցանկություն էր, որ առհասարակ 36 տարի պետական կարգավիճակ ունեցող միակ թատրոնը, որ չունի շենք, ունենա շենք: Իմ ցանկությունը դա էր: Ես պնդում էի, որ շենքը չլինի ծայրամասում, այլ լինի կենտրոնում, որովհետև ժանրը այնպիսին է, որ մեր մոտ շատ օտարերկրացիեր են գալիս և զբոսաշրջիկներ են շատ լինում, որովհետև թարգմանության խնդիր չկա, ինքը ժանրային թատրոն է». տպարանի շենքի հանդեպ հավակնությունը պարզաբանեց մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Մելանյա Ծառուկյան

4rd.am