«…Ֆեյբուքյան օգնության ճիչերին է՛լ չեմ արձագանքի երբե՛ք։ Էդ հարցով դիմեք բարերարին»
Advertisement 1000 x 90

«…Ֆեյբուքյան օգնության ճիչերին է՛լ չեմ արձագանքի երբե՛ք։ Էդ հարցով դիմեք բարերարին»

Վերջին շրջանում «ֆաշիստական բարերարության» շուրջ խոսակցությունների ընթացքում գլխումս անընդհատ մի միտք էր պտտվում․ էդ «բարերարը» ո՞նց է իմացել, որ այսինչ մարդը ինչ-որ կարիք ունի, ու օգնության է հասել։ Ամենայն հավանականությամբ՝ էդ մարդիկ անձամբ կամ մի որևէ միջնորդի օգնությամբ դիմել են նրան, չէ՞։ Ու հիմա ժամանակն է, որ իրենք էլ օգնության հասնեն նեղության մեջ հայտնված բարերարին և ի լուր աշխարհի հայտարարեն նրա բարեգործությունների մասին։ Ու հո չե՜ն հայտնում, հո չե՜ն հայտնում։ Ինչ խոսք, երախտագետ մարդիկ են, համ էլ լավ առիթ է՝ լավության տակից դուրս գալու համար։ Երևի նաև ենթագիտակցորեն մտածում են, թե գուցե մի օր էլի կկարողանան օգտվել նրա բարերարությունից։

Ինչևէ։ Ես բարերար չեմ։ Չէ, սիրտս տեղն է, ու լավ էլ զգայուն է, միջոցներից էլ էնքան էլ խեղճ չեմ, որ կարիքավորին չկարողանամ մի բանով օգնել։ Ուղղակի․․․ գուցե մի քիչ ամաչում եմ։ Գուցե մի քիչ շատ զգույշ եմ, եսի՞մ։

Դե ինչ որ է։ Էս անգամ ֆեյսբուքում տեսնելով կարիքավոր ընտանիքի՝ մոր և երեք երեխաների ծանր վիճակի մասին գրառումը, ու նաև անսալով սոցցանցի, էսպես ասած՝ «ակսակալների» հորդորներին, որոշեցի շոր ու կոշիկով օգնել էդ ընտանիքին։

Զանգահարեցի նշված հեռախոսահամարով։ Պատասխանողը մանկական ձայնով տանտիրուհին էր, որ խոսում էր մի քիչ ծուլորեն, մի քիչ անհավես, ու իմ տպավորությամբ՝ ինչ-որ բան շարունակելով ծամել։ Հայտնեցի զանգիս նպատակը, ու երիտասարդ (ըստ տեղեկատվության՝ 8, 5 և 3 տարեկան երեխաների մայր) տիկինը էլի ծուլորեն հարցրեց, թե երբ եմ տանը լինում, որ գա էդ ապրանքը վերցնի։ Էնպիսի տպավորություն էր, որ արդեն զզվեցրել են զանգերով, «զահլեդ չունեմ, շուտ ասելիքդ ասա-պրծի» տարբերակով։ Օրը շաբաթ էր, ու ես ասացի՝ էսօր, վաղը։ Պարզվեց՝ տիկնոջը հարմար էր աշխատանքային օր, ավելին՝ աշխատանքային ժամ, որպեսզի, ինչպես ինքն ասաց՝ «պռոբկայի մեջ չընկնի»։ Լավ՝ ասացի, երկուշաբթի ժամը 4 անց 10, հարմա՞ր է։ Պայմանավորվեցինք։

Պայմանավորված ժամին պայմանավորված վայրում էի՝ իմ շենքի մոտակայքում։ Բայց տիկինը ոչ միայն չեկավ, այլև նույնիսկ չզանգեց, որ գոնե ներողություն խնդրի։

Հիմա ասածս ինչ է․ ես ֆեյբուքյան օգնության ճիչերին է՛լ չեմ արձագանքի երբե՛ք։ Էդ հարցով դիմեք բարերարին։ Այսինքն՝ էկել եմ ասեմ՝ է՛լ իմ վրա հույս չդնեք։?

Սեդա Մեսրոպյանի ֆեյսբուքյան էջից: