Սևանա լճում կխստացվեն ապօրինի ձկնորսության դեմ պայքարի միջոցառումները
Advertisement 1000 x 90

Սևանա լճում կխստացվեն ապօրինի ձկնորսության դեմ պայքարի միջոցառումները

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ հրապարակվեց Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների խստացման համատեղ ծրագիրը՝ ձվադրության շրջանում սիգ ձկնատեսակի բնական վերարտադրություն ապահովելու նպատակով:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, ՀՀ բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, «Սևան» զգային պարկ¦-ի տնօրեն Վարդան Վարդանյանը, ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչը, համայնքների ղեկավարներ, ձկնորսներ:

Հանդիպումը վարեց  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ներկայացրեց  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանական տեսչական մարմնի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից վավերացված համատեղ միջոցառումների ծրագիրը ՝ կապված  Սևանա լճում ձկնորսության արգելքի միջոցառումների խստացման  հետ:  «Այս արգելքի խստացումը սահմանվել է, որպեսզի չվտանգվի  սիգ ձկնատեսակի ձվադրության շրջանը, և ձկնորսներդ առաջիկա տարիների համար ևս որսի պաշարներ ունենաք: Վաղվանից Սևանա լճից դուրս են բերվում բոլոր որսացանցերը և լողամիջոցները, հսկողություն է սահմանվում լիճ տանող ճանապարհներին, շուկաներում, մայրուղիներում, բնակավայրերում: Մինչև 2020 թվականի հունվարի 20-ը ոչ միայն սիգի որսն է արգելվում, այլ նաև՝ վաճառքը: Այս տարի առաջին անգամ որսարգելքի միջոցառումներում ընդգրկված են ՊԵԿ-ը և բնապահպանական տեսչական մարմինը: Կարծում եմ, մենք կաշխատենք փոխըմբռնման և փոխհամագործակցության պայմաններում, որպեսզի ոչ մի կերպ Սևանա լճում չվտանգվի սիգի ձվադրության շրջանը: Օրինախախտման ամեն դեպք ունենալու է իր հետևանքները, ուստի կոչ ենք անում՝ զերծ մնալ ապօրինի քայլերից և հարգել միջոցառումների խստացման բոլոր պահանջները»,-խնդիրը ներկայացրեց Վարդան Մելիքյանը:

Միջոցառումների խստացման և ոլորտի կարգավորման հետագա քայլերի մասին խոսեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մեր միջոցառումերի շրջանակն ընդգրկում է երկու հիմնական ուղղություն: Առաջին ուղղությունը վերաբերում է սիգի ձվադրության շրջանում ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների խստացմանը, երկրորդ ուղղությունը՝ Սևանա լճում  արդյունագործական ձկնորսության կանոնակարգման և ապօրինի ձկնորսությամբ զբաղվողներին օրենքի դաշտ բերելու հետագա քայլերին: Հուսամ, որ բոլորդ  ըմբռնմամբ կմոտենաք խնդրին և խստորեն կպահպանեք օրենքի պահանջը: Ինչ վերաբերում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության կանոնակարգմանը, ապա պետք է ասեմ, որ տևական քննարկումներից հետո այդ կարգն ընդունվել է կառավարության կողմից: Պետությունը երկու հիմնական պահանջ է դնում արդյունագործական ձկնորսությամբ զբաղվել ցանկացողների առջև . առաջին՝ ձկնորսություն իրականացնել միայն օրենքով  սահմանված չափի որսացանցերով և ձվադրության շրջանում բացառել որևէ կարգի ձկնորսություն: Միաժամանակ հորդորում եմ համայնքների ղեկավարներին՝ բացատրական աշխատանք տանել ձկնորսությամբ զբաղվողների հետ և անել հնարավորը, որպեսզի միջոցառումների խստացման ծրագիրն անթերի կատարվի»,-շեշտեց Գնել Սանոսյանը: Հանդիպմանը մասնակից ձկնորսները խոստացան սահմանված ժամկետներում ապօրինի ձկնորսություն չիրականացնել և ամեն կերպ աջակցել խստացման ռեժիմի պահպանմանը:

Խոսրով Խլղաթյան

 



Նման նյութեր