Կույրերի համար գրականությունը կդառնա մատչելի
Advertisement 1000 x 90

Կույրերի համար գրականությունը կդառնա մատչելի

Կառավարությունը հավանություն տվեց «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցանության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրին միանալու նախագծին:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ այսօրվա դրությամբ միջազգային գրականության միայն երկու տոկոսն է հասանելի կույրերին կամ տեսողության որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց: 2013 թվականի հունիսի 27-ին Մարաքեշում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ընդունվել է «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցանության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը:

«Պայմանագրի ընդունումը նպատակ ունի ապահովելու կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցանության այլ դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելի ձևաչափով օրինակների մատչելիությունը: Պայմանագրի հիմքում ընկած են մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները և այն ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն»,- ասաց փոխնախարարը:

Ավագ Ավանեսյանի խոսքով՝ եթե Հայաստանը միանում է այս պայմանագրին, այդ դեպքում, երբ որեւէ շահույթ չհետապնդող կազմակերպություն ցանկանում է կույրերի համար գիրք հրատարակել, ապա պարտավոր չի լինի որեւէ վճար իրականացնել սեփականատիրոջը կամ հեղինակին: Ըստ նրան, այս պայմանագիրը թույլ է տալիս առանց հեղինակի սեփականության իրավունքի թույլտվության, համապատասխան գործողությունն իրականացնել: Համաձայնագրի դրույթները տարածվում են նաև գրադարանների վրա:

Ամեն տարի աշխարհում հրատարակվում են մեծ քանակությամբ գրքեր, որոնցից միայն 2%-ն է հասանելի զարգացող, ինչպես նաև զարգացած երկրներում ապրող 285 միլիոն կույրերի և տեսողության խաթարումներ ունեցող մարդկանց համար:

Պայմանագրով սահմանվում են մի շարք սահմանափակումներ և բացառություններ, որոնք հնարավորություն են տալիս վերարտադրել, տարածել և մատչելի դարձնել հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործությունները այն ձևաչափով, որով տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցանության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար դրանք հասանելի կլինեն:  Այն թույլ է տալիս նաև իրականացնելու արդեն փոփոխված ձևաչափով ստեղծագործությունների միջսահմանային փոխանակումն այն իրավասու մարմինների միջև, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին:

Պայմանագրում հստակ սահմանվում է, թե ովքեր են շահառուները, և ինչպիսի ստեղծագործությունների վրա են տարածվում սույն Պայմանագրի դրույթները: Սահմանվում են նաև այն լիազոր մարմինները, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին: Պայմանագրի համաձայն Պայմանավորվող կողմերն իրավասու են որոշակի հանգամանքներում՝ առանց իրավատիրոջ համաձայնության, հասանելի ձևաչափով օրինակները ներմուծել, ինչպես նաև արտահանել:

Պայմանագրով նախատեսվում է հիմնադրել «Տեղեկատվության հասանելիության կենտրոն», որը հնարավորություն կընձեռի փոխանակելու համապատասխան տեղեկատվություն հեշտացնելու լիազոր մարմինների նույնականացումը:

Մարաքեշի պայմանագրով հնարավորություն է տրվում.

  1. Շահառուներին օգտվելու ստեղծագործություններից հասարակության մյուս անդամների հետ հավասարապես,
  2. շահառուներին ապահովելու հասանելի ձևաչափով կրթական նյութերի մատչելիությունը,
  3. շահառուների մասնակցությունն ու ներգրավվածությունը մշակութային և սոցիալական կյանքին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ սա եւս մեկ համարձակ քայլ է կառավարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, նրանց սոցիալական ներառումն ապահովելու ուղղությամբ: «Գրականության մատչելի դարձնելը չի ենթադրում միայն բրալյան գրքեր, այն ենթադրում է նաև խոսող գրքեր, գունային տարբեր գամմաներով նկարազարդումներ»,- ասաց նա: