«Անկախությունից ի վեր պետական կառավարման համակարգում երեք կին փոխել են երկիրը». Վահան Իշխանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Անկախությունից ի վեր պետական կառավարման համակարգում երեք կին փոխել են երկիրը». Վահան Իշխանյան

Գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը «Ինքնագիր» գրական հանդեսի ֆեյսբուքյան էջում անդրադառնալով 168TV-ում և «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի հարցազրույցին, գրել է.

«Վերջերս հրատրակվեց գիրք «50 կանայք, որ փոխել են աշխարհը», գրքում կան նաև հայ կանայք։ Թե ինչպես են հեղինակները բացատրում, թե նրանցից ով՝ ինչպես է փոխել աշխարհը, չգիտեմ, գիրքը չեմ կարդացել։ Բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անկախությունից ի վեր պետական կառավարման համակարգում երեք կին փոխել են երկիրը. Լարիսա Ալավերդյանը առաջին օմբուդսմենի պաշտոնում, այն ժամանակ թղթակից էի ու տեսել եմ, թե նա ինչ մեծ դեր էր խաղում իրավապաշտպանության ոլորտում՝ բացահայտելով մարդու իրավունքերի խախտումները ու նյարդայնացնելով իշխանություններին։ Մյուս երկուսը այսօր են փոխում երկիրը՝ Սահմանադրական դատարանի երկու կին դատավորները Արևիկ Պետրոսյանն ու Ալվինա Գյուլումյանը։ Նրանք, այս երկու կանայք իրենց վեց կոլեգաների հետ արդեն ինը ամիս դիմադրում են Կառավարության, Ազգային ժողովի ու հասարակական որոշ ուժերի կողմից ՍԴ-ի վրա բիրտ ճնշումներին՝ պաշտոնական կաշառքից մինչև ահաբեկումներ ու փողոցային հարձակումներ, և այդ դիմադրությամբ կերտում են Հայաստանի անկախ դատական համակարգը։

Նրանք իրենց մյուս կոլեգաներից (բացառությամբ Հրայր Թովմասյանի) տարբերվում են նրանով, որ այդ դիմադրությունը հրապարակային ձևակերպում են մասնագիտական, մտավորական խոսքով։ Ահա Արևիկ Պետրոսյանի հարցազրույցը՝ վստահ, խելոք, հիմնավոր և նաև դաս բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն հասկանալու Սահմանադրական դատարանի դերն ու գործառույթը, ապա, հասկանալուց հետո իմանալ, որ ՍԴ-ի դեմ արշավին աջակցելով գործիք են դառնում ինչ-որ անձնական շահերի ձեռքում ու մասնակցում դատարանների երերուն անկախության ավերմանը։ Սակայն Պետրոսյանի և Գյուլումյանի համար այս ծանր ժամանակներում որևէ ֆեմինիստական կազմակերպություն կամ ֆեմինիստ չի էլ նկատում նրանց խիզախ ու մտավորական դիրքը, հակառակը, գուցե շատ «ֆեմինիստներ» աջակցում են իշխանական բիրտ ճնշումներին։ Պատմության մեջ կանանց դերով հետաքրքրվածներին խորհուրդ կտայի այժմ, հենց այս պահին կարողանալ գնահատել այս կանանց դերը ու աջակցել նրանց, թե չէ, ինչ-որ ժամանակ անց, քսան-երեսուն տարի անց ինչ-որ գրքում, ասենք, այսպիսի անվանումով՝ «10 կանայք, որ փոխեցին Հայաստանը» նրանց մասին գրելով՝ սոսկ պատմության արձանագրությամբ կզբաղվեն, որն արդեն աջակցություն չես անվանի, աջակցության պահը հիմա է, որ բաց է թողնվում»։



Նման նյութեր