«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Մեր նպատակը ընթերցողների կողմից արդեն ճանաչված անձանց նորովի բացահայտելն է, նրանց նոր «լույսի ներքո» ներկայացնելը: Այսօրվա մեր զրուցակիցը դերասան Արտաշես Ալեքսանյանն է:
– Պարո՛ն Ալեքսանյան, նշե՛ք մի դեպք, որը փոխել է Ձեր կյանքը:
– Նման դեպքերը բոլորը կապված են նախախնամության հետ: Մասնագիտության ընտրությունը, ամուսնությունը, պատերազմ մեկնելը, գերի ընկնելն ու գերությունից հրաշքով փրկվելը կապված են իմ նշած նախախնամության հետ: Ի դեպ, ասեմ, որ այդ բոլոր առիթներով բանաստեղծություններ ունեմ գրած ու նկարներ ունեմ նկարած: Եղել են ճակատագրական պահեր, ու ինձ թելադրվել է այն, ինչ նախատեսված է եղել ի վերուստ: Մի 8-10 գործ ունեմ գրած, երբեմն այն, ինչ գրում եմ, տարիներ անց իրականանում է. մեկ-մեկ վախենում եմ դրանից: Այդպիսի սարսափելի բաներ էլ են լինում (ծիծաղում է):
– Այս երեք գործոնից ամենաշատը որի՞ պակասն ունեք` մուսա, ֆինանս, թե ստեղծագործական միջավայր:
– Երեքի կարիքն էլ ունեմ: Եթե ֆինանսը լինի, մուսան էլ կգա, միջավայրն էլ կստեղծվի (ծիծաղում է):
– Ժամանակակից, ով հիացրել է Ձեզ:
– Շառլ Ազնավուրը` իր արվեստով, մտածելակերպով, գործով, գաղափարախոսությամբ, մարդ ու մեծ հայ լինելով:
– Մոռացկոտ եք, մանրախնդիր, թե խնայող:
– Խնայողն ինձ ավելի մոտ է, թեև, եթե խոսքը գումարին է վերաբերում, այն երբեք շատ չի լինում. լինում է այնքան, որքան կարողանում ես վաստակել, և որքան պահանջվում է ծախսել:
– Ձեր սիրելի տոնը:
– Նավասարդը, որն, ի դեպ, նշում եմ: Նոր տարին, որը մենք նշում ենք, մտացածին է, ի տարբերություն Նավասարդի` հին պատմություն չունի:
– Աշխարհի 11-րդ հրաշալիքը:
– Մասիս սարը:
– Հասարակությունից օտարվելու Ձեր պատճառը:
– Չէ, նման բան չի լինում: Կարող է մարդկանց վրա զայրանամ, բայց հետո ինքս ինձ ուտում եմ, անցնում-գնում է:
– Ձեր սիրելի գրողը:
-Բոլոր հայ դասական հեղինակները, նաև` արտասահմանցի դասականները, առաջնահերթ` Շեքսպիրը, հետո` Դոստոևսկին, Տոլստոյը, Գյոթեն: Շեքսպիրն, օրինակ, այնքանով է անմահ ու մեծ, որ Աստվածաշնչից շատ գեղեցիկ ծաղկաքաղ է արել, ու նրա ամեն գործը աստվածաշնչյան մի դիպված է, մեծ դպրոց` մարդկության համար:
– Իրավիճակ, որը Ձեզ շատ է վախեցնում:
– Որ Ալիևը կարող է խելքը հացի հետ ուտել, նորից պատերազմ սկսել, ու կարող ենք երիտասարդ զոհեր տալ:
– Վայր, որը Ձեզ անասելի ձգում է:
– Արևմտյան Հայաստանը, մեր պապական հողերը: Կիսով չափ էրզրումցի եմ, կիսով չափ` ղարսեցի: Երբ Չեխիայի Մայր թատրոնում ռեժիսոր էի աշխատում, հանդես էի գալիս Արտաշես Էրզրումցի մականունով:
– Ձեր սիրելի կենդանին:
– Արջ, ավելի կոնկրետ` պանդա:
– Նյարդայնացնում են այն մարդիկ, որոնք…
– Որոնք ապրում են ստամոքսի համար:
– Նախընտրում եք ազարտը, թե խմիչքը:
– Եթե խոսքը ղումարի մասին է` ոչ մեկը: Բայց եթե հաշվի առնենք, որ դերասանական խաղն էլ է ազարտ, ապա, իհարկե, ազարտը:
– Ձեր անցած ճանապարհին անտեսում եք այն մարդկանց, որոնց…
– Այն, ինչ ստեղծված է Տիրոջ պատկերով, ես չեմ անտեսում: Բնության մեջ էլ կան տարբեր տեսակի ծաղիկներ, բայց ոչ բոլորին ես սիրում ու փայփայում: Ո՛չ ես, ո՛չ էլ Տերը մեղավոր չենք, որ որոշ ծաղիկներ մոլախոտ են դառնում:
– Երկրպագուների կողմից արված քայլ, որը Ձեզ հուզել է:
– Ամեն անգամ, երբ իմ հայրենիքում կամ արտերկրում մեր հայրենակիցները մոտենում են ինձ, ջերմ խոսքեր են ասում, ես ինձ շատ շոյված եմ զգում և պատասխանում եմ. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
– Մարդը կարող է հուսահատվել, երբ…
– Մարդը երբեք չպետք է հուսահատվի, այլապես կարող է կամրջից նետվել: Հույս, հավատ և սեր. այս երեքը պետք է անբաժան լինեն, որ կարողանաս լիարժեք ապրել:
– Մի բան, որ չեք ներում:
– Դավաճանությունը, հատկապես` հայրենիքի հանդեպ: Այդպիսի բան անողը մայրական կաթ չի կերել:
– Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով…
– Այդպիսի մեկը չկա. կյանքը բոլորին ամեն ինչ սովորեցնում է, իհարկե, ինչպես դպրոցում և համալսարանում, կան ընդունակ և ոչ այնքան ընդունակ սաներ: