Չեն սխալվում տղամարդիկ, երբ կանանց թույլ սեռ են կոչում, որովհետև անգամ ֆիզիկապես ամենակոփված և ուժեղ կինն ունի թուլություններ, որոնց շնորհիվ նա չի դադարում մնալ նուրբ, խոցելի, զգացմունքային: Կանացի արցունքների, երջանկության ու երազանքների մասին BlogNews.am-ը զրուցել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի հետ:
– Հռիփսիմե, սկսենք ամենացավոտից. ի՞նչը կարող է վիրավորել Ձեզ։
– Ամենաշատը վիրավորվում եմ, երբ հասկանում եմ, որ ինձ ստում են: Դա ինձ հունից հանում է ու միաժամանակ նաև կոտրում: Չեմ հասկանում ստախոսներին:
– Սովորաբար կանայք սթրեսից ավելի շուտ են ձերբազատվում միայն այն պատճառով, որ, ի տարբերություն տղամարդկանց, կարող են մի լավ արտասվել ու թեթևանալ: Կանացի արցունքներ հաճա՞խ են լինում Ձեր կյանքում:
– Ամենադժվար պահերին էլ փորձում եմ ամեն ինչ մինչև հուսահատություն չհասցնել: Երբ նոր էի սկսում իմ մարզական կարիերան, բոլորովին այլ բնավորություն ունեի, ավելի փխրուն էի, շուտ տպավորվող: Բայց տարիների հետ սպորտը կոփեց ինձ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեբանորեն: Կանացի արցունքները… լինում են, իհարկե, բայց ամեն կերպ փորձում եմ չհասցնել դրան, եթե խոսքը թուլանալու ու հուսահատվելու մասին է:
– Ապրիլյան ծանր օրերին Նորվեգիայում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար նվաճած Ձեր և Նազիկ Ավդալյանի հերթական ոսկե մեդալները առանձնահատուկ էին: Ոգևորությունն ու բարձր մարտական ոգին, որ դուք պարգևեցիք մեր զինվորներին, անգնահատելի է: Ի՞նչ ապրումներ ունեիք այդ օրերին:
– Ամենապատասխանատու մրցելույթս երևի ողջ կյանքիս ընթացքում: Մայրանալուց հետո ես խոստացել էի անպայման վերադառնալ մեծ սպորտ ու նորից մեդալներ նվաճել: Խոսք էի տվել ինքս ինձ, որ հաղթանակի դեպքում այն նվիրելու եմ տղայիս: Արդեն վերջին մոտեցումս էր, ու գիտեի, որ վերջ, սա էլ, ու ես չեմպիոն եմ դառնում: Շատ էի հուզվել, զգացմունքներս միախառնվել էին, ու տղայիս դեմքն էր անընդհատ աչքիս առաջ: Սակայն ինքներդ էլ գիտեք՝ ինչպիսին եղավ այս տարվա ապրիլը մեր ազգի համար: Եվ երբ բարեհաջող ավարտեցի մրցելույթս, նույն պահին որոշեցի հաղթանակս նվիրել առաջնագծում գտնվող մեր տղաներին:
– Կպատմե՞ք Ձեր տղայի մասին:
– Ամբողջ գիտակից կյանքս անցկացրել եմ ծանրաձողի հետ կռիվ տալով: Սովոր եմ, որ օրվա մեծ մասը լռության մեջ անցնի՝ ես և ծանրաձողը: Սակայն իմ կյանքում որդուս հայտնվելը անգամ այստեղ ամեն ինչ փոխեց: Հաճախ եմ Աշոտին հետս մարզումների տանում, ու Դուք չեք պատկերացնի, թե որքան շատ հարցեր է նա տալիս: Երբեմն օգնության է հասնում ամուսինս ու ցրում նրա ուշադրությունը, որովհետև եթե երեխայի հարցերին սկսեմ պատասխանել, ապա ողջ օրն ուրիշ ոչինչ չեմ հասցնի անել 🙂 Հետաքրքրասեր բալիկ է, ծանրաձողի հանդեպ էլ սեր ունի: Երբ հեռուստացույցով դիտում է մրցելույթներս, պատմում են, որ գոռում է «մամա՜, բարձրացրու»:
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Ամբողջությամբ՝ blognews.am