ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել իրանական կողմին «Նաիրիտ» գործարանը վաճառելու հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Եթե լինի այնպիսի ներդրումային առաջարկ, որն իր երկրաժամկետ կայունության հարցում երաշխիքներ է պարունակում, իհարկե, կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» շուրջ որևէ ներդրումային նախաձեռնություն»,- ասաց Խաչատրյանը` մեկնաբանելով «Նաիրիտ» գործարանի վերագործարկման շուրջ Թավրիզի նավթաքիմիական ընկերության ներկայացուցիչների հետ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ունեցած վերջին քննարկումները։
Թե քննարկումներն ինչ փուլում են ու որքան գումար պետք է ներդնի հնարավոր գնորդը «Նաիրիտը» վերագործարկելու համար, Տիգրան Խաչատրյանը չասաց։
«Անկախ գումարի հարցից, նախ պետք է գնահատվի դրա տեխնիկական իրագործելիության հարցը։ Բոլոր նման դեպքերում հիմնավորվածությունը տեխնիկատնտեսական է։ Այսինքն` այն ակնկալիքները, որ կան նման նախաձեռնությունների դեպքում, պետք է արդարացնեն իրենց համար կատարված ծախսերը։ Հաշվարկները նախ պետք է հիմնավորեն դրա տեխնիկական իրագործելիությունը, հետո նաև ֆինանսական հիմնավորումները»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք`շուրջ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Նաիրիտի» վերագործարկման հարցով հանդիպում է ունեցել իրանցի ներդրողների հետ։ Պաշտոնական մեկնաբանության համաձայն` իրանական կողմը մինչև մարտի վերջ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ հիմնավորում պետք է ներկայացնի։
Հայտնի է, որ «Նաիրիտով» հետաքրքրված է Թավրիզի նավթաքիմիական ընկերությունը։ ՀՀ կառավարության հետ համաձայնության դեպքում «Նաիրիտը» կներկայացնի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը, քանի որ գործարանը սնանկ է ճանաչվել, իսկ գույքը հանվել է վաճառքի։
Կարեն Ասատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իրանցի գործարարները եղել են գործարանում, ծանոթացել սարքավորումների վիճակին։ Նրա խոսքով` շուրջ 30-40 տարվա սարքավորումները ներդրողներին չեն հետաքրքրել, փոխարենը` իրանական կողմը հետաքրքրված է արտադրության տեխնոլոգիաներով ու հայ մասնագետներով։
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։
2006թ.-ին կառավարությունը «Նաիրիտի»-ի 90 տոկոս բաժնեմասը վաճառեց Rhinoville Property Limited օֆշորային ընկերությանը, որը պարտավորվել էր մինչև 2012 թվականը 120 մլն դոլարի ներդրում կատարել: Ներդրումներ չկատարվեցին, իսկ գործարանը 2010 թ.-ից պարապուրդի մատնվեց` էլեկտրաէներգիայի համար կուտակած 1 միլիարդ դրամի պարտքի պատճառով: 2007 թվականից գործարանը վարկային պարտավորություն ունի նաև ԱՊՀ միջպետական բանկի նկատմամբ։
Այս վարկը չվերադարձնելու պատճառով գործարանը սնանկ ճանաչվեց։ Ընկերությունն իր 90 % բաժնետոմսերն անհատույց կերպով վերադարձրեց ՀՀ կառավարությանը:
Արդեն 5 տարի` 2015թ.-ից, ՀՀ նախկին ու ներկա կառավարությունները «Նաիրիտի« համար գնորդներ ու ներդրողներ են փնտրում։ Այդ տարիների ընթացքում գործարանի հնարավորություններն ուսումնասիրել են ռուսական «Ռոսնեֆտն» ու իտալական Pirelli-ին, բայց անարդյունք։
«Նաիրիտի» պարտքը միայն ՀՀ կառավարությանը այսօր 10 մլրդ դրամ է կազմում։