Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. hraparak.am

Մանուկ Սուքիասյանի բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Պարոն վարչապետ, «Հայկական ժամանակ» օրաթերթի էջերում, որի «Այլընտրանք» ներդիրի խմբագիրն եմ եղել այն օրերին, երբ Դուք ընդհատակում էիք, այս նամակի համար տեղ չգտնվեց։ Դրա համար Ձեզ եմ դիմում «Հրապարակ»-ի միջոցով։ 2018թ. հեղափոխությունը կիրառական դաշտում կարծես թե նախանշեց հստակ ու աներկբա թիվ 1 թիրախ՝ կոպեկ առ կոպեկ վերադարձնել ժողովրդից թալանվածը։ Այդ գործընթացը դեռ կարժանանա լուսաբանման ու վիճակագրության։ Պետության հետագա կառավարման փիլիսոփայության մեջ արձանագրվեց օրենսդրական հեղափոխության հրամայականը։ Արձանագրելով, որ ներկայիս ԱԺ-ն չի հանդիսանում հեղափոխական օրենսդրական նախաձեռնությունների նախաձեռնող, հիմնականում՝ ինտելեկտուալ ցածր գործակցի պատճառով, եւ հիմնական օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը գալիս է կառավարությունից, ուր տնտեսական, իրավական ու արտաքին քաղաքական բլոկների ղեկավար դիրքերում չկա հեղափոխության գեթ մեկ քաղաքական շահառու, ինչն իր հերթին առիթ է տալիս շատերին պնդելու, որ տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն, այլ սոսկ իշխանափոխություն էր, հարկ եմ համարում հանդես գալ օրենսդրական-սահմանադրական հրատապ փոփոխությունների ներքոշարադրյալ առաջարկներով։

1. ՍԴ դատավորները պետք է ունենան նշանակվելուն նախորդող 3-5 տարիների անկուսակցականության ցենզ. որեւէ կուսակցության շահ սպասարկած անհատը չի կարող լինել ՍԴ-ի նման գերկարեւոր ու խորհրդանշական կառույցի անաչառ դատավոր։ ՍԴ ներկայիս թնջուկը բավարար դառը փորձ է նման արմատական սահմանափակման համար, բայց ինչն անընդունելի է նախկին (՞) ՀՀԿ-ականի, իմա՝ Հրայր Թովմասյանի պարագայում, չեմ կարծում, թե ընդունելի է լինելու որեւէ ՔՊ-ականի պարագայում։

2. Սկսած փոխգնդապետից՝ ուսադիր կրող ՀՀ ցանկացած քաղաքացու արգելվում է զբաղվել քաղաքականությամբ անգամ պաշտոնաթողությունից հետո, եթե նա չի հրաժարվում զինվորական կոչումներից. ուսադիր կրողը երբեւէ չպետք է ծառայության ընթացքում վաստակած կոչումն ու տիրապետած ինֆորմացիան փորձի դարձնել քաղաքական կապիտալ ու «բան գիտեմ, բայց չեմ կարող ասել» բազմանշանակ ազդակներով երկրի քաղաքական ղեկավարությանը շանտաժի ենթարկի։ Հատկապես չկարգավորված արտաքին ռազմական հակամարտությունների պարագայում երկրի ներսում խունտիզմի ու զինվորական հեղաշրջման վտանգն ունեն գիտական հիմնավորում։ Հատկապես, եթե ինչ-ինչ կոռուպցիոն բացահայտումների թելեր տանեն դեպի բարձրաստիճան ուսադիրավորներ։

3. Քաղաքացիության ու ՀՀ-ում բնակված լինելու ցենզի նմանությամբ ՀՀ վարչապետն ընտրվելու պահին նախորդող 3-5 տարին պետք է լինի որեւէ կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչ։ Քաղաքական զրո կենսագրության տեր մարդիկ անելիք չունեն երկրի ղեկավարի դերում։ Կարեն Կարապետյանը՝ վառ օրինակ. որպես անկուսակցական՝ դարձավ վարչապետ, հետո պաշտոնի խաթր դարձավ կուսակցական, իսկ պաշտոնազուրկ լինելուց հետո հրաժարվեց կուսակցությունից։ Սույն փոփոխություններով կգործի «Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին» սրբազան տարաբաժանումը, զինվորականը, կոչումը պահպանելով, չի զբաղվի քաղաքականությամբ, քաղաքական գործչի մտքով չի անցնի պաշտոնը թողնել ու «արտագաղթել» ՍԴ, գիտնականն ու հեղինակավոր իրավագետը, հեղինակավոր փիլիոսոփան չեն շտապի պաշտոնի խաթր դառնալ կուսակցական, այլ կձգտեն լինել ՍԴ դատավոր՝ հիրավի անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը։

Անշուշտ, հրատապ է նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, իշխանության քվեի ոչ թե 70, այլ 60, ինչու ոչ՝ 50 տոկոսանոց սահմանափակման հարցը, սակայն առանց վերը հիշատակված փոփոխությունների, մշտապես լղոզված են մնալու քաղաքականություն-օրենք-պետական ծառայություն սահմանները»։

Մանուկ Սուքիասյան
Միջազգայնագետ, քաղաքագետ

hraparak.am