Ձմռան հիմնական թեմաներից էր Խավիի հնարավոր վերադարձը «Բարսելոնա»՝ որպես գլխավոր մարզիչ: Հունվարի 14-ին ակումբը աշխատանքից հեռացրեց Էռնեստո Վալվերդեին և անմիջապես փնտրեց նրա համար փոխարինող: Եթե հավատանք լուրերին, Խավին առաջինն էր թեկնածուների ցուցակում` երկրպագուների ֆավորիտի վերադարձը կբարձրացներ նախագահ Բարտոմեուի վարկանիշը:
Խավիի հետ բանակցելու համար Կատար մեկնեցին «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը և ակումբի գլխավոր տնօրեն Էրիկ Գրաուն։ Բանակցություններից հետո միայն թիմը որոշեց սկսել բանակցություններ Կիկի Սետյենի՝ ներկայիս գլխավոր մարզչի հետ։
Ավելի ուշ Աբիդալը նշել էր, որ ակումբը որոշեց այլ թեկնածու գտնել այն բանից հետո, երբ Խավին առաջադրեց իր պայմանները։
Cadena SER ռադիոկայանը ներկայացրել է Խավիի բոլոր պահանջները․
- Առավելագույն հսկողություն սպորտի բաժնի նկատմամբ
Ըստ այս պահանջի՝ Խավին իր վրա պետք է վերցներ մարզական տնօրենի պարտականությունների մի մասը, ներառյալ հարցեր` ֆուտբոլիստների գնման/վաճառքի վերաբերյալ: Այսինքն, Խավին իր անձնակազմով կաշխատի և կխթանի ակումբային փիլիսոփայությունը բոլոր մակարդակներում: Այս պահանջով Խավին ուզում էր ավելի մեծ ազդեցություն ունենալ ակումբի մարզական գործընթացների վրա:
2․ Ժոան Վիլլայի վերադարձը
Վիլլան համարվում է «Բարսելոնայի» մոդելային համակարգի հայրերից մեկը. ամբողջ համակարգը՝ երիտասարդական հավաքականներով, որոնց մանկուց սկսում են մարզել խաղացողներին թիմի խաղաոճով` մեծ ճնշումով և կարճ փոխանցումներով: 66-ամյա մասնագետը ակումբում աշխատել է չորս տասնամյակ: Օրինակ, նույն Խավին նրան անվանում է իր ֆուտբոլային հայր:
2018 թվականի ամռանը թիմը չի թարմացրել պայմանագիրը Վիլլայի հետ․ ենթադրվում է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում էր նոր մոդել ներմուծել ակադեմիայում: Արդյունք դեռևս չկա:
- Կառլես Պույոլի վերադարձը
Սա միակ բանն է, որ պարզ է։ Հայտնի չէ, թե ինչու էր Խավին ուզում կատալոնական թիմի նախկին ավագի վերադարձը, ով վաղուց ավարտել է կարիերան։
- Հրավերք Ժորդի Կրոյֆին
Ինչպես Պույոլի դեպքում, այստեղ ևս պարզ չէ, թե ինչի համար էր Խավին ուզում իր թիմում տեսնել հոլանդացուն։
Բայց Կրոյֆ ավագը միշտ պնդում էր, որ ակումբը պետք է ավելի շատ դիմի ակադեմիային և խաղացողների մեջ ինքնություն զարգացնի: Ժորդին լավ գիտի իր հոր կարծիքը. հարցազրույցներում նա հաճախ է պատմում այդ մասին: Նման դաշնակիցը կօգնի նոր մարզչին ակումբի վերակազմավորման գործում:
- Խավիի եղբայրը՝ մարզչական շտաբում
Հիմա Օսկարը Խավիի օգնականն է «Ալ-Սաադ» ակումբում։
- Վերահսկողություն երիտասարդական թիմերի և ակադեմիայի ողջ հիերարխիայի վրա
Խավին բազմաթիվ հարցազրույցներում ասել է, որ «Բարսայի» ակադեմիայի ուսանողներն ավելի հեշտությամբ են ընդունում այն ֆուտբոլը, որը սահմանել է Գվարդիոլան, նրանք պատվաստվել են մանկուց: Հետևաբար՝ Անրիի, Աբիդալի և այլ թոփ-ֆուտբոլիստների համար սկզբում դժվար էր ակումբում:
Այլ պահանջներից ելնելով՝ արդեն պարզ է, թե ինչպես է Խավին տեսնում «Բարսելոնայի» զարգացումը: Սա վերադարձ է այն հատուկ ուղի, որի մասին խոսել են Կրոյֆը և Գվարդիոլան: Առանց ակադեմիայի, որը հիմքում տաղանդն է, այս ամենն անհնար է։
- Ակումբում բժշկական համակարգի բարեփոխում՝ աշխատանքից հեռացնելով ներկայիս ղեկավարին
Այժմ բժշկական բաժանմունքը ղեկավարում է Ռիկարդ Պրունան. նա ակումբում է 1997 թվականից: Պատասխանատու է ամբողջ համակարգի համար 2007 թվականից: Ըստ երևույթին, Խավին կարծում է, որ Պրունան չի կատարում իր պարտականությունները: «Բարսելոնայում» վնասվածքների քանակը և որոշ ֆուտբոլիստների քրոնիկ խնդիրները (օրինակ՝ Ուսման Դեմբելեն) հուշում են, որ դժգոհության պատճառներ կան:
- Խավին համաձայն է տեղափոխվել միայն ամռանը
Պարզ է. Էրնանդեսը նախ ցանկանում է մրցաշրջանն ավարտել «Ալ-Սաադի» հետ: Տարօրինակ կլիներ մարզչական կարիերայում թողնել առաջին ակումբը՝ առանց աշխատելու մեկ ամբողջական մրցաշրջան:
Ըստ Cadena SER-ի, Բարտոմեուին այդ պահանջների մասին ասել են Աբիդալը և Գրաուն: «Բարսելոնայի» նախագահը դրանից հետո սկսեց հաշվի առնել մյուս թեկնածուներին:
Այնուամենայնիվ, Խավիի նշանակումը հիմնական փաստարկն է Բարսելոնայում կայանալիք նախագահական ընտրություններում: Դրանք նախատեսված են 2021 թվականին, բայց կարող են տեղի ունենալ ավելի վաղ. Բարտոմեուն տհաճ սկանդալի կենտրոնում է (նա վճարել է 1 միլիոն եվրո՝ սոցիալական ցանցերում սեփական դրական իմիջը պահպանելու և առաջատարների վարկանիշը նվազեցնելու համար), այնպես որ, նա կարող է ընտրություններ անցկացնել այս ամռանը:
Ինքը՝ Բարտոմեուն, չի պատրաստվում ընտրվել, բայց ամենայն հավանականությամբ կառաջադրվի նրա կողմնակիցներից մեկը: Խավին, Պույոլը և նախկին նախագահ Ժոան Գասպարը սատարում են մեկ այլ թեկնածուի՝ Վիկտոր Ֆոնտային: Վիկտորն արդեն հայտարարել է, որ Խավին կլինի իր մարզիչը: Ժոան Լապորտան՝ «Բարսայի» նախագահը՝ պատմության ամենահաջող ժամանակահատվածում (2003–2010), և Գվարդիոլայի լավ ընկերը, կարող է միջամտել ընտրություններին:
Սիրարփի Աղաբաբյան