ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը` Լյուդմիլա Ֆրոիմի Տեր-Պետրոսյանը (Պլեսկովսկայա) ծնվել է 1947թ. դեկտեմբերի 20-ին, Լենինգրադում:
Հայրը եղել է սպա, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, մայրը՝ բժշկուհի, Լենինգրադի պաշտպանության մասնակից: Լ. Տեր-Պետրոսյանն ավարտել է Լենինգրադի պետական ռուսական համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը: 1972թ. ամուսնացել է երիտասարդ հայ ասպիրանտ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և տեղափոխվել Երևան: 1975թ. ծնվել է նրանց որդին` Դավիթը: Լ. Տեր-Պետրոսյանը 20 տարի աշխատել է Հայաստանի պետական ռադիոյի ռուսական խմբագրությունում՝ որպես լրագրող-խմբագիր: Սկսած 1990 թվականից, տիկին Լյուդմիլան զբաղվել է հասարակական աշխատանքով՝ առանձնահատուկ կարևորելով կանանց, երեխաների և հատկապես հաշմանդամ երեխաների հիմնախնդիրները: Նրա նախաձեռնությամբ և միջազգային կազմակերպությունների ու տարբեր երկրներում հայ համայնքների օգնությամբ վերակառուցվել է Խարբերդի մասնագիտացված մանկատունը, վերանորոգվել են Նուբարաշենի N 11 գիշերօթիկ օժանդակ դպրոցը, Վանաձորի մանկատունը և Օշականի մանկական վերականգնողական կենտրոնը:
1994թ. Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է հասարակական կազմակերպություն՝ Կանանց համահայկական միությունը, որի նախագահն է մինչ այսօր: Այս կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը: 1995 թվականից մինչ այսօր միությունը իրականացնում է երկարաժամկետ մի ծրագիր` «Ես 21-րդ դարի քաղաքացի եմ»: Այն ուղղված է պատանիներին և երիտասարդներին» և նպատակ ունի բարձրացնելու նրանց գիտելիքները ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև նպաստում է նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը: Տիկին Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ 1996թ. Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «Երեխաների իրավունքների մասին օրենքը», որն առաջիններից մեկն էր նախկին խորհրդային հանրապետություններում:
Միությունը համագործակցում է տարբեր միջազգային և կանանց հասարակական կազմակերպությունների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այն կազմակերպել է կանանց միջազգային չորս համաժողով (1994, 2005, 2006, 2007 թվականներին), որոնք նպաստել են հայ կնոջ իմիջի բարձրացմանը հասարակական, քաղաքական և սոցիալական ոլորտներում: 2006թ. կանանց միջազգային հերթական համաժողովի շրջանակներում, տիկին Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, ստեղծվել է Հարավային Կովկասի կանանց ոչ ֆորմալ ակումբը, որի նպատակն է՝ նպաստել Կովկասի ժողովուրդների, հատկապես կանանց և երեխաների առողջության և անվտանգության ապահովմանը:
Լ. Տեր-Պետրոսյանի աջակցությամբ, 1996թ., առաջին անգամ, ավելի քան 10 պատվիրակներ հնարավորություն են ունեցել Պեկինում ներկայացնելու Հայաստանը՝ Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից կազմակերպված կանանց 4-րդ համաշխարհային համաժողովում: 1997թ., Լ. Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում ստեղծվում է «ԱՄՆ-ի Հայաստանի զարգացման ծառայություններ» կազմակերպությունը (Developmental Services for Armenia, DSA): Անցած 10 տարիների ընթացքում այս կազմակերպության միջոցներով հանրապետության 8 միջնակարգ դպրոցների համար կառուցվել են կաթսայատներ, մարզային հիվանդանոցներին հատկացվել է շտապ օգնության 12 մեքենա, ստեղծվել են համակարգչային դասասենյակներ 20 միջնակարգ դպրոցներում: Անցած տարիների ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանը մասնակցել է մի շարք կարևոր միջազգային համաժողովների, մասնավորապես` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի 50-ամյակին նվիրված համաժողովին, Փարիզ, Ֆրանսիա, 1999 թ., ԱՄՆ նախկին Առաջին տիկին Հիլարի Քլինթոնի (Hillary Clinton) նախաձեռնությամբ կազմակերպված, հանրային առողջության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին, ԱՄՆ նախկին Առաջին տիկին Ռոզալին Քարտերի (Rosalynn Carter) կողմից 1997թ. Ֆինլանդիայում կազմակերպված հոգեկան առողջության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին, Ֆրանսիայի նախկին Առաջին տիկին Էնն-Էյմոն Ժիսկար դ’Էստենի (Anne-Aymone Giscard d’Estaing) կողմից 2002թ. Ֆրանսիայում կազմակերպված կանանց միջազգային համաժողովին՝ նվիրված երեխաների հիմնախնդիրներին, Գերմանիայի կանանց կազմակերպությունների Ազգային խորհրդի 2004թ. հրավիրած «Գենդեր և ժողովրդավարություն» միջազգային համաժողովին: Իր ակտիվ հասարակական գործունեության համար Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը 1995թ. պարգևատրվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հուշամեդալով: Այժմ Լ. Տեր-Պետրոսյանը զբաղվում է երեք թոռնիկների դաստիարակությամբ`շարունակելով իր ակտիվ հասարակական գործունեությունը:
Մենք փորձեցինք զրուցել Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հետ, սակայն նա հրաժարվեց` իր կողմից խնդրելով հրապարակել միայն այս նախադասությունը. «Ազատություն քաղբանտարկյալներին» (Մարտի 1-ի գործով ձերբակալված քաղբանտարկյալներին):
«3 Միլիոն»
9 Հուլիս, 2009