Ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը` չխորշելով նույնիսկ ամենաստոր մեթոդներից: Թեև, պետք է փաստել, որ որևէ մեթոդ դեռևս չի արդարացրել Բաքվի իշխանությունների ակնկալիքները: Ավելին, յուրաքանչյուր անգամ նրանց նետած բումերանգն ուղիղ նշանառությամբ դիպել է իրենց իսկ մարմնի տարբեր մասերին: Թերևս այդ հետադարձ հարվածների պատճառով է, որ տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի իշխանությունները մտածում և գործում են այդ գործառույթների համար մարմնի չնախատեսված մասերով: Ընդհանրապես, վերլուծելով վերջին տասնամյակների ընթացքում ադրբեջանցիների գործելաոճը, ավելի ու ավելի եմ համոզվում, որ նրանց անչափ դուր է գալիս մազոխիզմը` իր բոլոր «հմայքներով» հանդերձ:
Ինչևէ, մարտի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, որ կրկին ,Ղազախե սահմանապահ դիվիզիայում սպանվել է զինծառայող Էլթուն Էլման օղլու Գարաևը: Ուշագրավ է, որ նշվել էր, թե նա հրազենային ծանր վիրավորում է ստացել, բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն` ապարդյուն: Համադրելով վերոնշյալ փաստերը` բնական հարց է ծագում` արդյո՞ք Է. Գարաևը նախորդ օրը ձախողված դիվերսիոն խմբի անդամներից չէ, արդյո՞ք ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով չի նշում, որ նա սպանվել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի ուղղությամբ գտնվող Ղազախի Դաշ Սալախլի գյուղի մերձակայքում, որպեսզի թաքցնի նախորդ օրը ՀՀ Իջևանի շրջանի ուղղությամբ իրականացված «փայլուն» դիվերսիոն (այսուհետ` ռազմարվեստի համաշխարհային պատմության մեջ դա հիշատակվելու է «Ականորսիչ» պայմանական անվամբ) գործողության իրական հետևանքները:
Հ.Գ.
Որպեսզի ընթերցողների շրջանում տպավորություն չստեղծվի, որ իրենց պարտադրում եմ իմ կարծիքը, ինչպես նաև հարգելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը` տուրք եմ տալիս բազմակարծությանը: Մասնավորապես, օրերս Ի.Ալիևն այցելել էր Ադրբեջանի Աղստաֆայի շրջան և այնտեղի նորաստեղծ պատմության թանգարանում հիստերիկ կերպով ճչում էր` «Իսկ ու՞ր է քարտեզներում Ադրբեջանը»: Գու՞ցե Է.Գարաևը մահացել է համացանցում շրջանառվող այդ տեսահոլովակը դիտելուց ու դրան հաջորդած ծիծաղից…
Կոնստանտին Ազարյան