Հայաստանում տասը տարի հետո դարձյալ կրկնվում է «ձվի ճգնաժամը»` ավելի շատ ձու է արտադրվում, քան մենք հասցնում ենք ուտել։ Այսօր երկրում օրական միջինում սպառվում է 2 400 արկղ ձու (թռչնաբուծարաններն իրենց արտադրանքի ծավալները հաշվարկում են 360 հատ ձու պարունակող արկղերով)։
Ամռանը, բնականաբար, ավելի քիչ են ուտում` շուրջ 1600 արկղ, իսկ դեկտեմբերին և հունվարի սկզբին ամենաշատը` մոտ 3 հազար (հատկապես Ամանորին և տոն օրերին)։ Միջինում օրական ստացվում է 2400 արկղ, սակայն այսօր հանրապետությունում արտադրվում է շուրջ 2900 արկղ ձու։ Գործարաններում օրական 500 արկղ ձու է մնում։
Գոնե դրանք մանկատներ կամ ծերանոցներ ուղարկեն… կամ գաղութներ` կասեն ձեզնից շատերը։ Իսկապես, ավելի լավ է այդպես, քան թողնեն, որ փչանա։ Այդ ավելցուկն այսօր սպառելն այնքան դժվար է, որ մի քանի գործարան փորձում են դրանք Ռուսաստան արտահանել։ Թեպետ խորհուրդ չի տրվում ձուն 200-300 կմ–ից հեռու տեղափոխել, այն պատրաստ են տանել ընդհուպ մինչև Մուրմանսկ, միայն թե որևէ տեղ վաճառեն։
Սակայն մշտական, կանոնավոր արտահանում կազմակերպել չի հաջողվում։ Եթե Հայաստանը գազն ու թռչնի կերը (այսինքն` հացահատիկ) գնում է Ռուսաստանից, դրան էլ գումարվում է տեղափոխման ծախսը, ինչպե՞ս նրա ապրանքը կարող է ավելի էժան լինել, քան Ռուսաստանում։ Պատասխանն ակնհայտ է։
Այսքանով հանդերձ խոշոր ֆաբրիկաները խանութներին ձու են վաճառում գրեթե ինքնարժեքով, միայն թե փողը շրջանառության մեջ լինի, ու կարողանան ֆաբրիկայի սպասարկման և աշխատողների աշխատավարձի խնդիրը լուծեն: Հայաստանի թռչնաբուծական ոլորտում աշխատում է 2000-2500 մարդ։ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով` նրանցից մոտ 200-ին արդեն հեռացրել են:
Ինչու ստեղծվեց այս իրավիճակը
«Ձվի ճգնաժամի» պատճառների մասին մենք արդեն գրել ենք։ Անցած տարի, երբ Հայաստանում սկսեցին սուբսիդիաներ հատկացնել գյուղատնտեսական վարկերի համար, շատերը որոշեցին վերցնել այդ վարկերը թռչնաբուծության նպատակով։ Համեմատության համար` հորթ ծնելուն պետք է սպասել մոտ մեկ տարի, կարտոֆիլի կամ բանջարեղենի բերքին պետք է սպասել մի քանի ամիս, մրգերին կամ խաղողին` ընդհանրապես մի քանի տարի (եթե պատրաստի այգի չէ)։ Իսկ հավերը ձու են տալիս լույս աշխարհ գալուց արդեն հինգ ամիս հետո։ Բացի այդ երկրում առկա 4-5 խոշոր գործարաներին ավելացել են տասնյակ փոքր թռչնաբուծարաններ, որոնք զբաղեցնում են շուկայի 20%–ը։ Ահա և ճգնաժամի պատճառը։
Ինչպես լուծել խնդիրը
Հարցի լուծում կա. փորձառու մասնագետ Սերգեյ Ստեփանյանն այն արդեն տասը տարի է առաջարկում է։ Ձվի վերամշակման գործարան է պետք, նման գործարաններ աշխարհում արդեն վաղուց կան։ Ձվի հեղուկ մասն այստեղ պաստերիզացնում են և փաթեթավորում հեղուկ կամ փոշի վիճակում։
Առավելությունն այն է, որ սեղանի ձուն կարելի է օգտագործել առավելագույնս 28 օրվա ընթացքում, պարենայինը` ոչ ավել, քան 120 (այդպիսիք արդեն սեղանին մատուցել չի կարելի, սակայն կարելի է օգտագործել հացաբուլկեղենի կամ երշիկի արտադրության մեջ)։ Իսկ պաստերիզացված և փոշիացված ապրանքները պահպանվում են մինչև երկու տարի։ Այդպիսով Հայաստանը մեկընդմիշտ կլուծի գերարտադրության խնդիրն ու նույնիսկ կկարողանա մտածել արտահանման մասին։
«Շոգ կլիմայական պայմանների պատճառով արաբական երկրներում թռչնաբուծարաններն այդքան շատ չեն, իսկ պահանջարկը մեծ է։ Թարմ ձու այնտեղ անիմաստ է տանել. և՛ տրանսպորտն է թանկ, և՛ որակն է տուժում։ Իսկ վերամշակված տեսքով` խնդրեմ», – ընդգծում է Ստեփանյանը։
Ստեփանյանի գնահատմամբ` նման արտադրություն հիմնելը առավելագույն 1.5 մլն եվրո կարժենա, այս թիվը լսելով թռչնաբուծարանների սեփականատերերը տխրում են, իսկ պետությունը ոչ մի բանով օգնել չի կարող։
Սակայն եթե նախագծին այդքան եկամտաբեր է, ինչո՞ւ թռչնաբուծարաններն այն չեն ստանձնում։
«Կարող են։ Սակայն կարող է նաև պետությունը որևէ բանով օգնել։ Գործարանները խնդրում են վճարել գործարանի արժեքի կեսը և օգնել արտաքին շուկաներում կապեր հաստատելու հարցում։ Փոխարենը տասնյակ աշխատատեղեր կստեղծվեն, և արտահանումից նոր եկամուտներ կգան երկիր», – ասում է Ստեփանյանը։
Երկար տարիներ գործարանատերերն անձամբ էին ուզում դրա համար ծախսել (մի՞թե ավելի լավ չէ նոր արտադրության վրա ծախսել, քան ամեն անգամ վնասներ կրել), իսկ պետությունը գերադասում էր վճարել ճանապարհների համար։ Ահա այսպես բիզնեսն ու կառավարությունը նայում են միմյանց, իսկ բոլորին անհարժեշտ պարենամթերքը կրկին շարունակում է մնալ պահեստներում։