Դեպի Հայաստան ու հակառակ ուղղությամբ այսօրվա դրությամբ չվերթեր են իրականացնում 4 ռուսական ու 1 բելառուսական ավիաընկերություններ: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
«Եթե մարտի 8-ի դրությամբ ունեինք օրական 6000 ուղևոր, այսօրվա դրությամբ 800 ուղևոր է մնացել»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել:
Աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով բոլոր երկրներում հարյուրավոր չվերթեր են չեղարկվում, որոնց հետևանքով ավիաընկերությունները ահռելի կորուստներ են կրում։ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA)-ի լավատեսական հաշվարկներով՝ ուղևորափոխադրումների ոլորտում ավիաընկերությունների կորուստները կհասնեն մոտ 63 միլիարդ դոլարի․ սա այն դեպքում, եթե աշխարհը կարողանա մոտ ժամանակում հաղթահարել կորոնավիրուսը, իսկ եթե Covid 19-ի տարածումը շարունակվի, ապա վնասները կհասնեն մոտ 119 միլիարդի։