Սփյուռքահայ ֆուտբոլիստներ միշտ եղել են Հայաստանի հավաքականում, ու փորձը ցույց է տվել, որ ինչքան շատ, այնքան լավ: Բայց մեր պատմությունը ոչ թե ֆուտբոլիստի, այլ մարզչի մասին է՝ մասնագիտություն, որը գուցե և ավելի օգտակար լինի հայկական ֆուտբոլին առաջիկայում: Վահան Մարտիրոսյանը ծնվել է Վանաձորում, պատանի հասակում տեղափոխվել ԱՄՆ ու հիմա, 30 տարեկանում աշխատանքի է անցել «Բարսելոնայի» միակ ամերիկյան ակադեմիայում՝ որպես մարզիչ:
«19 տարեկանում հասկացա, որ ֆուտբոլիստ դառնալու համար արդեն շատ ուշ է»
«Ծնվել եմ Վանաձորում, 9 տարեկանից ապրել եմ Երևանում: Միշտ ցանկացել եմ ֆուտբոլ խաղալ, շատ էի սիրում «Մանչեսթեր Յունայթեդը» և Կրիտշիանու Ռոնալդուին, սենյակիս բոլոր պատերը նրանց նկարներով էին ծածկված: Բայց ընտանիքիս անդամները, երևի, ֆուտբոլին լուրջ չէին վերաբերում: 14 տարեկանում տեղափոխվեցի ԱՄՆ ու սկսեցի խաղալ տարբեր մանկապատանեկան թիմերում, հետո էլ մի քանի տարի խաղացի քոլեջի թիմում: Խաղում էի որպես ձախ կիսապաշտպան:
Ճակատագրական որոշումը
19 տարեկանում հասկացա, որ ֆուտբոլիստ դառնալու համար արդեն շատ ուշ է: Այո, գուցե և 2-3 տարի հետո պրոֆեսիոնալ դառնամ, կամ էլ մի կերպ փորձեմ Եվրոպա հասնել, բայց առավելագույնը՝ խաղամ 2-3-րդ դիվիզիոններում: Բայց չէի ուզում ֆուտբոլը թողնել: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի մարզիչ դառնալ: Սկսեցի նախ ինքնուրույն սովորել: Ինչ-որ բաներ սովորել էի իմ մարզիչներից, ահագին գիտելիք էլ ձեռք բերեցի, երբ սկսեցի լիցենզիաների քննություններին պատրաստվել:
23 տարեկանում ավարտեցի համալսարանը բիզնես մենեջմենթ մասնագիտությամբ, բայց այդ ժամանակ ես արդեն ամբողջական դրույքով աշխատում էի որպես մարզիչ:
«Փորձեցի ուժերս «Նյու Յորք Ռեդ Բուլլում», սակայն շուտով հասկացա, որ դա լավագույն տեղը չէ»
Իրականում, շատ դժվար էր ամեն ինչ, քանի որ ես ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էի եղել, ոչ կապեր ունեի, ոչ ծնողներս էին այդ ոլորտից եղել: Չկար ինչ-որ մեկը, որ ասեր, թե ինչից սկսել: Ես ինքս փորփրեցի և հասկացա, որ պետք է սկսեմ լիցենզիաներից, որոնք ԱՄՆ-ում 6-ն են՝ F-ից մինչև A: 28 տարեկանում միայն լրացրեցի բոլոր կարգերը և հիմա A լիցենզիա ունեմ: Ցանկանում եմ նաև Հայաստան գալ ու ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր ևս ստանալ: Հեշտ չէ այդ լիցենզիաները ստանալը, հատկապես B-ն ու A-ն: Քննությունների համար գնացել եմ տարբեր նահանգներ, ու նաև դրանք բավականին գումար արժեն:
Սկզբում աշխատում էի տեղի սպորտային ակումբներից մեկում որպես մարզիչ՝ 6-18 տարեկան երեխաների տարբեր թիմերի հետ: Հետո դարձա մարզչի օգնական 4-րդ դիվիզիոնի թիմերից մեկում, 3 տարի այնտեղ անցկացրեցի:
Ամբողջությամբ՝ vnews.am