Օրերս ՀԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանն այցելել էր Ջավախքի Ղուլալիս գյուղ և համանուն գյուղի միջնադարյան հայկական գերեզմանոցում առկա խաչքարերի լուսանկարների շարքում հրապարակել ևս մեկը, որը, պարզվում է, Առաջնորդական փոխանորդը դուրս է հանել հողի տակից։
Ինչպե՞ս վերստին հայտնաբերվեց խաչքարը՝ Yerkir.am-ի հարցին ի պատասխան, Ջավախքի հոգևոր առաջնորդը նշեց. «Գիտեինք, որ Ղուլալիսում կա հին գերեզմանատուն, երեկ այցելեցինք գյուղ, մեզ միացան նաև տեղի բնակիչներից, սկզբում տեսանք կանգուն խաչքարը, այնուհետև՝ մի պատվանդան, որի վրայի խաչքարը բացակայում էր։ Պտտվելով՝ ուսումնասիրեցինք տարածքը և նկատեցինք խաչքարի՝ հողից տակից երևացող մի փոքրիկ հատված, դա այն մասն էր, որի վրա նշմարվում էին փոքրիկ խաչերը։ Մաքրելով այն՝ տեսանք, որ հետզհետե մեծանում է այն՝ վերածվելով խաչքարի»։
Հոգևորականները, հեռացնելով խաչքարի վրա զետեղված ծանր քարը, ղուլալիսցիներից վերցված գործիքների միջոցով ամբողջովին ավլելով և մաքրելով խաչքարի վրայի հողը՝ զարմանքով և հիացմունքով նկատել են, որ այն թվագրված է ՉԿԳ (1314 թ.)։ Մաղաքիա Վարդապետը ընթերցել է նաև խաչքարի արձանագրությունը, որտեղ նշված է. «ԵՍ ՇԱՀՍ ԿԱՆԳՆԵՑԻ ԽԱՉՍ ՅԻՇԱՏԱԿ ԻՆՁ ԵՎ ԾՆՈՂԱՑ ԻՄՈՑ, Տ(Է)Ր Ա(ՍՏՈՒԱ)Ծ ՈՂՈՐՄԻ ՆՈՑԱՅ»։
ՀԱԵ Ջավախքի առաջնորդը փաստում է, որ խաչքարը ժամանակին լուսանկարել, չափագրել և արձանագրության վերծանման հետ մեկտեղ Ջավախքի մասին իր հայտնի գրքերում («Ջավախքի խաչքարերը», Ե., 1995, «Ջավախք», Ե., 2006) հրատարակել է երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Այսինքն՝ գոնե խորհրդային կարգերի օրոք և 1990-ական թվականներին խաչքարը բաց է եղել։ Ինչպե՞ս է այն անցել հողի տակ, ո՞վ և ի՞նչ նպատակով է դա արել՝ հարցին՝ Մաղաքիա Վարդապետը նշեց հետևյալը. «Հողի և ամուր աճած խոտերի տակ անցած խաչքարի վրա ծանր քարի առկայությունը փաստում է, որ ցանկացել են առերևույթ փակել այն այցելուների աչքից։ Ես կարծում եմ, որ նախքան փակելը ցանկացել են նաև վնասել խաչքարը, քանի որ արձանագրության վերևի հատվածի տառերը փորձել են քերել։ Այդուհանդերձ, մեզ և հուշարձանագետների համար այն ընթեռնելի է։ Այսինքն՝ չի ստացվել լրջորեն վնասել խաչքարը»։
Ամբողջությամբ՝ erkir.am