Իոսիֆ Ստալինը մինչեւ իր կյանքի վերջը հրաժարվեց հավատալ Ադոլֆ Հիտլերի ինքնասպանությանը, չնայած ներկայացված բոլոր ապացույցներին։ Այս մասին գրել է իսպանական «ABC» թերթը։ Նա կարծում էր, որ նացիստական առաջնորդը վերջին պահին կարողացել է փախչել Իսպանիա կամ Արգենտինա։
Մայիսի 5—ին երկար ու ծանր որոնումներից հետո Կարմիր բանակի զինվորները, ավելի կոնկրետ՝ շարքայիններ Չուրակովը, Օլեյնիկը եւ Սերուխը, գտել են Հիտլերի ու նրա կնոջ մնացորդները։ Բեռլինի արվարձանային հիվանդանոցներից մեկում հաջողվել է ճանաչել երկու մարմինը, չնայած որ նրանցից քիչ բան էր մնացել։ Մնացորդների մի մասը տարվել է ԽՍՀՄ, որտեղ դրանք պահվել են Ազգային անվտանգության ծառայությունում։ 2018 թ. այդ մնացորդների ուսումնասիրության թույլտվությունն ստացել է փորձագետների մի խումբ, որը վերջնարդյունքում հաստատել է, որ մնացորդները պատկանում են ֆյուրերին։
Մնացորդների բացահայտումից շատ չանցած Ուինստոն Չերչիլը Բեռլին է ուղարկել գիտնական Հյու Տրեւոր—Ռոպերին, որպեսզի նա հաստատի Հիտլերի մահը։ Վկաների հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս կարողացել է դա անել։ Թվում էր՝ դրանով էլ ամեն բան կավարտվի։ Սակայն նույնիսկ հիմա այդ պատմությունից դավադրությունների, պատմական բացերի ու գաղտնիքների «հոտ» է փչում։
Բայց ինչո՞ւ տեսությունը, որ Հիտլերը չի մահացել բունկերում, այդքան հանրաճանաչ է դարձել։ Արդեն 75 տարի է անցել այն ժամանակից, երբ հետազոտությամբ հաստատվեց, որ 1945 թ. գտնված մնացորդները պատկանել են նրան։ Ինչու շատերը մինչեւ հիմա մտածում են, որ նա փախել է Բեռլինից։ Այդ հարցերին կարելի է տարբեր կերպ պատասխանել, եւ դրանց ի հայտ գալու պատճառները նույնպես տարբեր են։ Այդ տեսության տարածման մեղավորներից մեկը հենց ԽՍՀՄ—ի ղեկավարն է։ Իոսիֆ Ստալինը մեկ անգամ չէ հայտարարել, որ չի հավատում մնացորդների պատկանելությանը։ «Նա չի մահացել, այլ կամ Իսպանիա է փախել, կամ Արգենտինա»,–հայտարարել է նա Պոտսդամի կոնֆերանսում։
Չնայած այն բանին, որ Հիտլերի մնացորդները ԽՍՀՄ—ում էին, Ստալինը միշտ հոռետեսորեն է վերաբերվել նրա մահվանը։ Ոչ մի ապացույց չէր կարող համոզել նրան։ Ստալինն այնքան նեղված էր, որ 1945 թ. մայիսի 25—ին իր անհանգստությունը հայտնել է նախագահ Տրումենի՝ Մոսկվայում հատուկ ներկայացուցիչ Հարրի Հոպկինսին, որը զբաղվում էր պոտսդամյան համաժողովի կազմակերպմամբ։ Ինչպես պատմում է Էրիկ Ֆրիտինին «Հիտլերը մահացել է բունկերում» գրքում, այդ օրը խորհրդային առաջնորդը գնացել է հյուրանոց, որտեղ ապրել է ամերիկացին, եւ նրան պատմել իր անհանգստության մասին։
ՀՈՊԿԻՆՍ.— Ամերիկացիները հավատում են, որ ռուսները գտել են Հիտլերի մարմինը։
ՍՏԱԼԻՆ.— Ես կարծում եմ, որ Հիտլերը չի մահացել։ Նա թաքնվում է։ Կարծում եմ՝ Բորմանը, Գեբելսը, Հիտլերը եւ, հնարավոր է, Կրեբսը փախել են ստորջրյա նավով եւ թաքնվում են։
ՀՈՊԿԻՆՍ.— Վստահ եմ, որ կկարողանանք գտնել Հիտլերին, որտեղ էլ լինի։
ՍՏԱԼԻՆ.— Ինձ հայտնի է, որ ստորջրյա նավերը լողացել են Գերմանիայի ու Ճապոնիայի միջեւ։ Գերմանիայից Ճապոնիա ոսկի են տեղափոխել եւ թանկարժեք թղթեր։ Ես հետախուզական ծառայությանը հրամայել են հետաքննել այդ գործը, սակայն նրան դեռ չի հաջողվել գտնել ստորջրյա նավերի հետքերը։ Ես վստահ եմ, որ Հիտլերը կենդանի է։
Սկզբում Հիտլերն իր կասկածների մասին միայն մտերիմների հետ է խոսել։ 1945 թ. հունիսի 6—ին, մեկ ամիս հետո, երբ ֆյուրերն ինքնասպանություն գործեց, իսկ գերմանացի մի շարք գեներալներ հաստատեցին դա, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովը Բեռլինում հպարտությամբ հաղորդեց, որ «հարյուր տոկոս վստահությամբ հաստատվել է» ֆյուրերի մնացորդների պատկանելությունը։ Թվում էր՝ գաղտնիքը բացահայտված է, սակայն Ստալինը հրաժարվում էր ընդունել նացիստական առաջնորդի մահը։
Ընդամենը երեք օր անց՝ հունիսի 9—ին, Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ինքը՝ Ժուկովը, կասկած է հայտնել՝ կապված Հիտլերի գտնվելու վայրի հետ։ Նա իր խոսքերը հետ է վերցրել եւ ճշգրտել, որ, չնայած գործադրված ջանքերին, առայժմ չի հաջողվել ճանաչել ֆյուրերի մարմինը։ Բացի այդ, նա ավելացրել է, որ, համաձայն տեսակետներից մեկի, Հիտլերը հեռացել է բունկերից եւ տեղափոխվել անվտանգ վայր. «Մենք չենք գտել մարմինը, որը ճշտորեն կարող է պատկանել Հիտլերին, ուստի նրա մահվան վերաբերյալ ոչ մի հայտարարություն չենք կարող անել։ Վերջին պահին նա ինքնաթիռով կարող էր փախչել Գերմանիայից։ Մենք չգիտենք նաեւ, թե ինչ է եղել Հիտլերի տեղակալ Բորմանի հետ, ով մինչեւ վերջ մնացել է Բեռլինում։ Հաստատվել է, որ ստորջրյա նավը Համբուրգից հեռացել է մինչեւ բրիտանական զորքերի ժամանումը։ Այդ նավում եղել են մի շարք ուղեւորներ, որոնցից մեկը՝ կին»։
Բայց դա այսբերգի վերնամասն է։ Շուտով կայանում է Պոտսդամի կոնֆերանսը՝ հունիսի 17—ից օգոստոսի 2—ը, որում հանդիպում են Ստալինը, Չերչիլը եւ Տրումենը՝ Գերմանիան կիսելու համար։ Ստալինի հայտարարության համաձայն՝ ինքը չի իմացել, թե ինչ է եղել ֆյուրերի հետ։ Հունիսի 25—ին նա մոտեցել է ԱՄՆ—ի նախագահին, որպեսզի բացատրի իր դիրքորոշումը։ ԱՄՆ—ի պետքարտուղար Ջեյմս Բայրսը, ով ներկա է եղել խոսակցությանը, փոխանցել է նրա խոսքերը. «Պոտսդամի կոնֆերանսում Ստալինը կանգնեց, ժպտադեմ մոտեցավ ինձ եւ ցանկացավ գավաթը խփել իմին։ Ես ասացի. «Մարշալ Ստալին, Դուք ի՞նչ եք մտածում Հիտլերի մահվան մասին»։ Ստալինը պատասխանեց. «Նա չի մահացել, այլ փախել է կամ Իսպանիա, կամ Արգենտինա»։
«Զեկույց Հիտլերի մասին» գրքում Հենրիկ Էբերլեն ու Մաթիաս Ուլյան նշում են, որ Ստալինն «այնքան է ցնցված եղել Գերմանիայի՝ 1941 թ. հունիսի 22—ին ԽՍՀՄ—ի վրա հարձակումից», որ «մինչեւ վերջ կասկածել է, որ նացիստական բռնապետը, իրոք, ինքնասպանությամբ է ավարտել կյանքը»։ Նա չէր վստահում Արեւմուտքին, ուստի նույնիսկ կասկածում էր, որ Հիտլերը կարող էր թաքնվել իր դաշնակիցների կողմից ընտրված գաղտնի վայրում։ Այդ իսկ պատճառով 1945 թ. վերջին Ստալինը Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին հրամայել է վերականգնել ֆյուրերի վերջին օրերը, որոնք նա անցկացրել է բունկերում. նա ուզում էր «համոզվել Հիտլերի մահվան մեջ»։
Առաջադրված խնդիրը, որն ստացել է «Միֆ» անվանումը, լուծելու համար Ստալինը հրամայել է ստեղծել աշխատանքային խումբ՝ բաղկացած ավագ սպաներից՝ Սերգեյ Կրուգլովի ղեկավարությամբ։ Որպեսզի նրանցից ոչ ոք իրեն չդավաճանի, Ստալինը հետախուզական ծառայության ղեկավար Լավրենտի Բերիային հրամայել է հետեւել հետաքննությանը։ Եվ 1949 թ. դեկտեմբերի 29—ին Ստալինը ստացել է 413 էջ ծավալով վերջնական զեկույց՝ տպագրված գրամեքենայով։ Դրանում խոսվում է 1933—1945 թթ. Հիտլերի կյանքի մասին։
Գլուխներից մեկը նվիրված է եղել ֆյուրերի մահվանը. հաստատվել է, որ նա ինքնասպանությամբ վերջ է տվել իր կյանքին։ Ստալինը, սակայն, մինչեւ վերջ մնաց իր կարծիքին, որ նացիստական առաջնորդը ստորջրյա նավով փախել է։ Մի անգամ նա հայտարարել է, որ Հիտլերը կարողացել է ստորջրյա նավով հասնել Ճապոնիա։ Ստալինի համար այդ վարկածը վերջնական եզրակացություն էր, որը վերանայման կարիք չուներ։ Պատճառը խորհրդային ռեժիմի գիտակցության մեջ արմատավորված միտումն էր՝ հավատալ դավադրություններին, ինտրիգներին եւ մութ մեքենայություններին։
Պատրաստեց` Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ