Կորոնավիրուսով վարակված լրագրողի օրագրից. ՄԱՍ 6
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսով վարակված լրագրողի օրագրից. ՄԱՍ 6

Չորս օր առաջ հանձնեցի կորոնավիրուսի երկրորդ թեստն ու հիվանդանոցից տեղափոխվեցի հյուրանոց՝ մեկուսացման, հույս ունենալով, որ բացասական պատասխան ստանալուց հետո կարճ ժամանակում կվերադառնամ տուն։ Արդեն 5-րդ օրն է անցնում, սակայն թեստի պատասխանը դեռ չկա։

Հյուրանոց տեղափոխվելու երկրորդ օրվանից՝ մայիսի 22-ից, տիրում է լիակատար անորոշություն։

Թեստի պատասխանի ուշանալու պատճառը պարզելու փնտրտուքներս ինձ տվեցին միայն ընկերներիցս մեկի ոչ մասնագիտական ենթադրությունը, որ վերջին թեստն ավելի մանրամասն է դիտարկվում, ինչն էլ ավելի երկար ժամանակ է պահանջում։

Ջերմությունս այլևս չի բարձրանում, հոտառությունս արդեն մի քանի օր է, ինչ վերականգնվել է, չոր հազս արդեն փափուկ է ու շատ հազվադեպ եմ հազում, որևէ դեղ արդեն չեմ ընդունում։

Օրվա ընթացքում սենյակիս դուռը թակում են ուղիղ 6 անգամ. երեք անգամ ուտելիք են բերում, երեք անգամ էլ հեռավար ջերմաչափող սարքի օգնությամբ չափում ջերմությունս, հայտնում, որ տաքություն չունեմ ու հեռանում։ Այդքանով յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում սահմանափակվում է մարդկանց հետ ոչ վիրտուալ շփումս, իսկ, երբ սենյակում դրված հեռախոսով զանգահարում եմ բժշկին, տեղեկանալու, թե ինչ նորություն կա թեստից, հայտնում են, որ պատասխանը դեռ չկա։ Այս անորոշության մեջ շաբաթ օրը պաշտոնապես ավարտեցի Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Դիպլոմային աշխատանքիս պաշտպանությունը ժամը 13։30-ին էր։ Պաշտպանությունից կես ժամ առաջ զանգահարեցի հյուրանոցի ընդունարան, խնդրեցի, որ 13։30-14:00 ժամանակահատվածում դուռը չթակեն և չզանգահարեն, չնայած, չէի էլ մտածում, որ այդպիսի բան կլինի, որովհետև ճաշի և ջերմաչափման ժամերն ավելի ուշ էին։

Առավոտյան աչքերս բացելու պահից մինչ հեռախոսով կմիանայի այն տեսազանգին, որի միջոցով պետք է պաշտպանեի ավարտական աշխատանքս, չափազանց լարված էի։ Կյանքիս այս կարևոր պահերից մեկում ֆիզիկապես միայնակ էի, մեկուսացման մեջ ու կողքս ոչ ոք չկար, որպեսզի իր հետ խոսելով հանգստանայի ու հանեի լարվածությունս։ Վստահությունս վերադարձավ միայն այն ժամանակ, երբ սկսեցի ներկայացնել աշխատանքս։ Մոտ 1 ժամ անց տեղեկացա, որ դիպլոմայինս պաշտպանել եմ գերազանց և ստացել առավելագույն՝ 20 գնահատական, սակայն էլի ֆիզիկապես չկար գոնե այն մեկ հոգին, որի հետ այդ պահին կկիսեի ուրախությունս։

Դժվար է, երբ մի քանի օր շարունակ միայնակ ես լինում, քանի որ թե՛ տխրության, թե՛ ուրախության էմոցիաները կուտակվում են ներսումդ ու բախում առաջացնում, որն էլ ավելի է սրում առանց այդ էլ անորոշությունից նյարդային դարձած վիճակդ։ Հյուրանոցում գտնվելու օրերին, նույնիսկ, սկսել եմ կարոտել հիվանդանոցն ու բուժաշխատողներին, նրանց հետ կենդանի շփումն ու զրույցները, անգամ՝ հիվանդանոցի վառ գույներով սենյակը, որը փոխարինվեց հյուրանոցի մուգ շագանակագույն, սև ու սպիտակ երանգներով սենյակով, որտեղ միայն 1 լամպ է վառվում, երկու լուսամփոփ ու մեծամասամբ լուսավորվում է միայն այն ժամանակ, երբ բացում եմ սենյակի վարագույրները։

Այստեղ գտնվելու ընթացքում գրելն էլ է մեծ դժվարությամբ ստացվում. նախ՝ շուրջդ ոչինչ չի կատարվում, հետո էլ՝ այս տաղտկալի ու անորոշ վիճակից կորցնում ես որևէ բան անելու հետաքրքրությունդ։

Այսօր առավոտյան լսվեց սենյակում դրված հեռախոսի զանգը, սրտի թրթիռով վազեցի պատասխանելու, հավատով, որ ի վերջո կասեն թեստի պատասխանն ու կհայտնեն, որ վերադառնալու եմ տուն։ Հեռախոսին պատասխանելուց հետո բժշկուհին հայտնեց, որ 19։30-ին պետք է դարձյալ ջերմաչափում անեմ ու տեղեկացնեմ, թե որքան է ջերմությունս։ Այս խոսքերից հասկացա, որ այսօր էլ տուն գնալու հույս պետք չէ փայփայել։

Չնայած այս ամենին, մնում եմ այն համոզմանը, որ կորոնավիրուսային հիվանդությունը դատավճիռ չէ, այն վարակ է, որից, ցավոք, լիարժեք ապահովագրված մարդիկ չկան, բայց պետք է ամուր լինել ու հաղթահարել այն։ Ինչպես արդեն հայտնի դասական դարձած արտահայտությունն է ասում՝ կորոնավիրուսից հետո կա՛ կյանք…

ՄԱՍ 1

ՄԱՍ 2

ՄԱՍ 3

ՄԱՍ 4

ՄԱՍ 5

Նորայր Շողիկյան